ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի երիտասարդների այս տարվա հաղթող Էրիկ Իսրայելյանին:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը շնորհավորել է 18-ամյա բռնցքամարտիկին վերջին հաջողությունների առթիվ՝ վստահություն հայտնելով, որ երիտասարդ բռնցքամարտիկը քրտնաջան աշխատանքի շնորհիվ իր խոսքը կասի նաև մեծահասակների պայքարում. «Այս տարիքում արդեն իսկ նշանակալի հաջողություններ եք գրանցել, բայց վստահ եմ՝ սա դեռ սկիզբն է: Ձեր տաղանդի և աշխատասիրության շնորհիվ կամրապնդեք Ձեր տեղը նաև մեծահասակների պայքարում: Ուզում եմ իմանաք՝ պետությունը միշտ իր շնորհալի մարզիկների կողքին է, որոնք ոչինչ չեն խնայում երկրի պատիվն ու դրոշը միջազգային հարթակներում բարձր պահելու համար: Մենք գնահատում ենք Ձեր աշխատանքն ու շնորհակալ ենք այն նվիրումի համար, որ ցուցաբերում եք մարզաձևում հաջողություններ գրանցելու և երկրի անունը բարձր պահելու համար»:
Էրիկ Իսրայելյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով, որ պետական աջակցությունն ինքը մշտապես զգացել է՝ ստանալով հասանելիք նպաստներն ու անվանական թոշակները: Տարեվերջին էլ աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթող ճանաչվելու կապակցությամբ 18-ամյա բռնցքամարտիկը կպարգևատրվի 1,5 մլն դրամով: Եվս 800 հազար դրամ պարգևատրում Իսրայելյանը կստանա որպես Եվրոպայի երիտասարդական առաջնության հաղթող:
2022 թվականի արդյունքներով՝ մարզիկին հատկացվելիք ընդհանուր ֆինանսական աջակցությունը կկազմի 4 մլն 600 հազար դրամ: Արդեն 2023 թվականից Էրիկ Իսրայելյանի ամսական սպորտային նպաստի չափը կկազմի 200, իսկ անվանական թոշակի չափը՝ 240 հազար դրամ:
Կողմերը պայմանավորվել են պարբերաբար հանդիպել և լուծում տալ առաջացած խնդիրներին:
Կարդացեք նաև
Հիշեցնենք՝ Իսրայելյանը նոյեմբերին էր հաղթող ճանաչվել Իսպանիայի Լա Նուսիա քաղաքում անցկացված բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում, իսկ Եվրոպայի երիտասարդների առաջնության ոսկե մեդալը նվաճել էր 2022 թվականի ապրիլին՝ Բուլղարիայում անցկացված մրցաշարում ճանաչվելով հաղթող:
ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ