«Դեռեւս չկա վերջնական որոշում` խաղաղության պայմանագրո՞վ է ԼՂ հարցը լուծվելու կամ լուծելու փորձ կատարվելու, թե մենք առանձին միջազգային մեխանիզմ ենք ստեղծելու։ Իմ եւ Ադրբեջանի նախագահի օգնականի՝ Վաշինգթոնում հանդիպումից հետո համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղը եւ Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով հարցին, թե Արցախի խնդիրը որքանո՞վ է շաղկապվում ՀՀ-Ադրբեջան նախապատրաստվող «խաղաղության պայմանագրին»։
«Մինչեւ այս պահը նշյալ մեխանիզմի մասին հստակություն չկա։ Եվ չկա հստակություն՝ խաղաղության պայմանագրո՞վ ենք դա անելու, թե պայմանագրից դուրս։ Հետեւաբար, հիմա հստակ պատասխան չունեմ։ Երեւանը կողմ է անվտանգության երաշխիքների ստեղծմանը եւ որպեսզի ստեղծվի մեխանիզմ, տեղի ունենա քննարկում ԼՂ-ի եւ Ադրբեջանի միջեւ՝ իրավունքների եւ անվտանգության վերաբերյալ։ Դա կարող է ամրագրվել խաղաղության պայմանագրով եւ կամ միջազգային այլ մեխանիզմով»,-հայտնեց Արմեն Գրիգորյանը։
Կարդացեք նաև
Նա հարցադրում արեց՝ այն հինգ կետերը, որոնք Ադրբեջանը փոխանցել է ՀՀ-ին, պարունակո՞ւմ են ԼՂ-ի վերաբերյալ որեւէ առնչություն․ «Այդ տեքստից դժվար է ասել՝ դրանում Ղարաբաղ կա՞, թե ոչ։ Ենթադրում եմ, որ երբ Ադրբեջանը գրել է հինգ կետերը, դրանցից երեքը ԼՂ-ի մասին են՝ առանց ԼՂ անունը տալու։ Խաղաղության պայմանագրում կան որոշակի նախադասություններ, որոնցից ենթադրելի է, որ Ադրբեջանը ԼՂ-ի մասին խոսում է առանց հստակեցումների։ Հայկական կողմի ասածն այն է, որ եթե ակնարկ կա ԼՂ-ի մասին, ապա դա հստակ պետք է նշվի։ Ուստի աշխատում ենք, որ կամ պայմանագրում հստակ նշվի, կամ միջազգային մեխանիզմ լինի»։
Արմեն Գրիգորյանը նաեւ նշեց՝ Ալիեւի այն հայտարարությունից հետո, որ դեկտեմբերին յոթին նախատեսված բրյուսելյան հանդիպումը չեղարկվել է, որոշակի դժվարություններ առաջացել են, բայց ՀՀ-ն շարունակում է դիտարկել հնարավոր հանդիպումները՝ որեւէ այլ տեղում։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ