«Մենք շարունակում ենք աշխատել խաղաղության պայմանագրի հետ կապված եւ փորձել, որպեսզի տեքստը, որը ստացել ենք Ադրբեջանի կողմից, վերադարձնենք մեր նկատառումներով։ Եվ առաջիկայում հանդիպում կազմակերպենք»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀՀ-Ադրբեջան «խաղաղության պայմանագրի» նախապատրաստական աշխատանքներին։
Արմեն Գրիգորյանը հիշեցրեց՝ ինչպես ամիսներ առաջ էին հայտարարել, իշխանությունը ջանք է գործադրելու, որպեսզի մինչեւ տարեվերջ այդ պայմանագիրն ունենանք․ «Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին՝ դժվար է ասել, որ մինչեւ տարեվերջ կստացվի, բայց մենք շարունակելու ենք աշխատել։ Տեքստի վրա մենք հիմա աշխատում ենք։ Հայկական կողմի խմբագրված տարբերակը շուտով կփոխանցենք Ադրբեջանին։ Ինչո՞ւ չի ստացվում։ Միայն կարող եմ ասել, որ ՀՀ-ն ներդրել է իր ջանքերը, որ պայմանագիրը լինի։ Տարածաշրջանում խաղաղության հասնելու առումով դեռ շատ բան կա անելու»։
Կարդացեք նաև
Արմեն Գրիգորյանը նաեւ հիշեցրեց, որ Ադրբեջանը ՀՀ-ին տվել էր խաղաղության պայմանագրի իր տեքստը․ «Հինգ կետերը՝ ավելի բացած։ Այդ հինգ կետերը խաղաղության պայմանագրի տեքստ չեն։ Տվել են տեքստ՝ խաղաղության պայմանագրի նախնական տեքստ։ Հայկական կողմն աշխատել է դրա վրա, պատասխանը տվել, ինչից հետո եղել է Վաշինգթոնի հանդիպումը։ Իսկ այս ամսվա սկզբին Ադրբեջանը փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած տարբերակը։ ՀՀ-ն հիմա աշխատում է դրա վրա եւ շուտով կփոխանցի Ադրբեջանին»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ