Լրահոս
Օրվա լրահոսը

Գերասիմ Վարդանյան. «Մեզ կարող են տեսնել թուլացած, բայց հանձնված ոչ ոք երբեք չի տեսնելու»

Դեկտեմբեր 08,2022 16:22

ՀՅԴ անդամ Գերասիմ Վարդանյանը, որը շուրջ 20 օր է, ինչ ազատության մեջ է, «Հայելի» ակումբում անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե հնարավոր է, իրեն շուտով տեսնեն ԱԺ-ում, ասաց. «Ինչ վերաբերում է իմ ԱԺ-ում իմ լինել-չլինելուն, ժամանակը կգա՝ կտեսնենք: Դաշնակցությունն ինչպես կորոշի: Ինձ համար նշանակություն չունի, թե որտեղ կլինեմ՝ ԱԺ-ում, փողոցում, բանտում, թե պատերազմի դաշտում, մենք ոնց պայքարել ենք, ինչ գտել ենք, որ ճիշտ է, արել ենք, անում ենք ու անելու ենք:

Հայտնվել ենք նոր հանգրվանում, նոր իրողությունների առջեւ ենք կանգնել: Ցավոք, չենք կարողանում հասնել այն նպատակներին, թիվ մեկ խնդրի լուծմանը, որը մեր առջեւ դրել ենք եւ որի լուծումից կախված է մեր պետականության ու ժողովրդի ապագան: Դանդաղում է այդ լուծումը, դժվարանում է: Բայց աշխարհում ոչ մի լավ բան հեշտ չի լինում: Պետք է կարողանանք հաղթահարել այդ դժվարությունները, պետք է տրամադրվենք, չհիասթափվենք, չկոտրվենք, չհանձնվենք: Հիասթափություններից, ձախողումներից, անկումներից ու նահանջներից չպետք է չարանանք ինքներիս մեր մեջ, ինքներս մեր դեմ, չբաժանվենք, այլ պետք է տրամադրվենք, ճիշտ վերլուծություններ անենք, ճիշտ գնահատենք իրավիճակը, հասկանանք՝ ինչ ունենք, ինչպես պահպանենք այդ ունեցածը, պահպանածը ինչպես զարգացնենք ու ամենահարմար պահին ամենածանր հարվածով վերջնականապես հասնենք մեր նպատակին»:

Գերասիմ Վարդանյանը նշեց. «Նախ, պետք է ընդունենք, որ մենք սխալներ ունենք, դրանք եղել են, մենք այնքան լավը չէինք: Եթե թերությունները, սխալները չլինեին, մենք էլ այդքան լավը լինեինք, այս իշխանությունը չէր լինի: Հետեւաբար, պետք է հասկանանք, թե ինչը այն չէ, շտկենք, ուղղենք, կարգավորենք, պնդանանք, ուժեղանանք, առաջ շարժվենք ու հաղթենք: Բայց ՀՅԴ-ն եւ ոչ միայն նա, չենք հանձնվելու: Ես պայքարի մեջ մտել եմ ոչ միայն իմ դաշնակցական, այլեւ գաղափարակից իմ մյուս ընկերների հետ, որոնք եղել են իմ կողքին, իմ բանտարկվելուց հետո շարունակել ու հիմա էլ շարունակում են պայքարը: Այդ պայքարում իմ համար չկան դաշնակցականներ, հանրապետականներ, քոչարյանականներ, նիկոլականներ: Սա հայրենիք, պետականություն, արժանապատվություն ունենալու պայքար է: Մենք փորձում ենք մեր պետության ողնաշարն ուղղել, արժանապատվությունը վերականգնել: Եվ ովքեր մեր նման են մտածում, մեր հետ են, մեզանից մեկն են: Այս պայքարը մենք տանելու ենք պատվով, տանելու ենք վճռական, ինքնավստահ: Հետ կանգնել չկա: Գնալու ենք առաջ: Ու այդ ճանապարհը ինչքան էլ փշոտ լինի ու մեր ոտքերն արյունոտվեն, չենք կանգնելու: Մեզ կարող են տեսնել թուլացած, բայց հանձնված՝ երբեք ոչ ոք չի տեսնելու»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031