Հին Հունաստանում ծնեբեկն օգտագործվում էր միայն որպես պաշտամունքի առարկա, օրինակ՝ ծնեբեկից հյուսում էին պսակներ և դրանցով զարդարում նորապսակներին, օրհնում նրանց միությունը։ Ծնեբեկն ուտելը դատապարտելի էր համարվում։ Այդ նախապաշարումը հաստատվում է այն առասպելով, թե ինչպես մեկ անգամ ծնեբեկն օգնեց Թեզեի կողմից հետապնդվող գեղեցկուհի Պերիգոնային։ Հասնելով ծնեբեկի դաշտին՝ Պերիգոնան հանդիսավոր երդվում է, որ երբեք այդ բույսը չի ուտի, չի քաղի, չի այրի, թե այն ծածկի ու թաքցնի Պերիգոնային։ Ծնեբեկը կատարում է խնդրանքն, ու այդ օրվանից շնորհակալ հույներն այն չէին ուտում։
Որպես սննդամթերք՝ ծնեբեկն առաջին անգամ սկսել են բազմացնել Եվրոպայում՝ հին հռոմեացիները։ Ծնեբեկին վերագրվում էր կայտառացնող ազդեցություն․ գտնում էին, որ մելամաղձոտ մարդիկ ծնեբեկով սնվելիս կենսուրախ են դառնում։ Ծնեբեկի բուժիչ հատկությունների մասին կազմում էին տրակտատներ։ Հռոմեացիներն այն կրում էին պարանոցին որպես թալիսման։ Հռոմի անկումից հետո եվրոպացիները մոռանում են ծնեբեկի մասին, և այն վերադարձավ Եվրոպա խաչակիրների միջոցով։ Դա տեղի ունեցավ 1271 թ․-ին, բայց անգամ 19-րդ դարում ծնեբեկը դեռևս հազվագյուտ բանջար էր համարվում, որն ի վիճակի էին գնելու միայն ամենահարուստները։
Ֆրանսիացի գրող Բրիլյա -Սավարենն իր հռչակավոր «Համի ֆիզիոլոգիա» գրքում հաստատում էր, որ գոյություն ունի «10-րդ մուսա»՝ Հեստերիա, որը հոգում է համի հաճույքները․․․ Այդ մուսան ապրում է այն վայրերում, որտեղ աճում է ծնեբեկը»։
Կարդացեք նաև
Գերմանիայում 1768 թ․-ից կառավարությունը խստիվ արգելել էր ծնեբեկը վաճառել շուկաներում, քանի որ բոլորը պետք է մատուցվեր թագավորական սեղանին։ Նշենք, որ Գերմանիայում ծնեբեկի բոված սերմերից նաև սուրճ էին պատրաստում։
Ծնեբեկի սննդային առավելությունները
Ծնեբեկը հարուստ է բջջանյութով, հետևյալ վիտամիններով ու հանքանյութերով՝
- Վիտամին A
- Վիտամին C
- Վիտամին K
- Վիտամին E
- Ֆոլաթթու
- Կալիում
- Կալցիում
- Երկաթ
- Ֆոսֆոր
Ծնեբեկի արժեքն առողջության համար
Իզուր չէ, որ ծնեբեկն այդքան արժեքավոր բույս էր համարվում հնում․ այն իր սննդային արժեքի շնորհիվ շատ օգտակար է առողջության համար։
Վիտամին A-ն, օրինակ, կարևոր է աչքերի առողջության համար։ Այն սնուցում է ցանցաթաղանթն ու եղջերաթաղանթը, կանխարգելում աչքերի այնպիսի հիվանդություններ, ինչպիսիք են կատարակտն ու մակուլոդեգեներացիան։
Վիտամին A-ն և E-ն նաև հակաօքսիդանտներ են, որոնք օգնում են պայքարել ազատ ռադիկալների՝ թթվածնի այն մասնիկների դեմ, որոնք լինելով «թափոններ»՝ կարող են վնասել հարևան բջիջների ԴՆԹ-ն՝ հանգեցնելով տարատեսակ հիվանդությունների զարգացման։ Ծնեբեկն այս հակաօքսիդանտների շնորհիվ ձեռք է բերում քաղցկեղը, սիրտ-անոթային հիվանդությունները կանխարգելող ազդեցություն։
Վիտամին K-ն մեծ նշանակություն ունի արյան մակարդելիության գործում։ Այս վիտամինի պակասը կարող է չվերահսկվող արյունահոսության պատճառ դառնալ, ասենք, վնասվածքների ժամանակ։ Ծնեբեկի օգտագործումը նպաստում է արյան մակարդելիության կանոնավոր գործընթացին, սակայն եթե դուք ընդունում եք արյունը ջրիկացնող դեղամիջոցներ, խորհրդակցեք բժշկի հետ, թե արդյո՞ք օգտակար են ձեզ համար վիտամին K-ով հարուստ մթերքները։
Ինչպես նշվեց վերևում, ծնեբեկը նաև բջջանյութի լավ աղբյուր է, իսկ վերջինիս բավականաչափ քանակով օգտագործումը նպաստում է կանխարգելել այնպիսի խնդիրներ, ինչպիսիք են թութքը, գրգռված աղու համախտանիշը, մարսողական այլ խնդիրները։
Բջջանյութի օգտագործումը նաև օգնում է կարգավորել խոլեսթերինի մակարդակն արյան մեջ, ինչը շատ կարևոր է սիրտ-անոթային հիվանդությունների կանխարգելման համար։
Ծնեբեկը շատ օգտակար է հղիների համար, քանի որ ֆոլաթթվի հրաշալի աղբյուր է։ Ֆոլաթթուն օգնում է կանխարգելել սակավարյունությունը, մատների ու ոտքերի ծակծկոցը, անգամ բնածին որոշ արատներ։
Ծնեբեկի օգտագործման կանոնները
Սննդի մեջ օգտագործում են մատղաշ ցողունները, որոնք ունեն նուրբ համ ու սպիտակավուն երանգ։ Այն տապակում են կամ ավելացնում ապուրներին՝ հնարավորինս կարճ ժամանակով ջերմային մշակման ենթարկելով։ Պահածոյացված ծնեբեկը շատ լավ փոխարինում է թարմին։
Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ
Աղբյուր՝ Ժ․ Օրլովա, «Ամեն ինչ բանջարեղենի մասին», webmd.com