Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետ, ՊՆ, մարզպետ, պոկե՛ք ձեր մի տեղը փափուկ աթոռներից. պատգամավորի այս կոչից հետո զոհվածի ընտանիքի հարցը լուծվել է

Դեկտեմբեր 08,2022 15:44

Սեպտեմբերի 13-ին թշնամու հարձակումից զոհված 29-ամյա պայմանագրային զինծառայող Վահան Հակոբյանի ընտանիքը օրենքով նախատեսված փոխհատուցումը կստանա առաջիկա օրերին, երբ ճանապարհները ձյունից մաքրվեն ու իրենք կարողանան հասնել Վարդենիս: Զոհվածի մայրը՝ Վարսիկ Հակոբյանը, Aravot.am-ին ասաց, որ պատգամավոր Աղվան Վարդանյանի՝ խնդիրը բարձրացնելուց հետո գումարը փոխանցվել է:

Ըստ զոհվածի մոր՝ փոխհատուցումը չէին կարողանում ստանալ, քանի որ որդին 9 տարվա ամուսնությունը քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունում (ԶԱԳՍ․–Ա․ Ս․) չէր գրանցել.

«Ես բողոք չունեմ, խնդիրն այն է, որ տղաս ու հարսս իննը տարվա ամուսնացածներ են, բայց «Փարոսի» համար ԶԱԳՍ չեն ընկել: Հայրությունը ճանաչված է, դիմել եմ ԶԱԳՍ, ասել են, որ դիմեմ դատարան, փաստաբան վարձեմ ու դատարանով վկաների միջոցով ճանաչվի իրենց ամուսնությունը: 46.000 դրամ «Փարոս» եմ ստանում, ես այդ 46.000-ով ո՞նց փաստաբան վարձեմ: Դատը կտրողը հո առանց գումարի չի կտրո՞ւմ:

Պատգամավորը, որ հարցը բարձրացրեց, ինձ մարզպետարանից զանգեցին, թե նման բան չկա, ով է ձեզ նման բան ասում: Զգացվում է, որ նեղություն են հայտնել, թե ինչու եմ պետության քեֆին կպնում: Ախր պետության քեֆին չեմ կպնում, ոնց կարող է գերագույն հրամանատարը հրաման չտա. թուրքը գա, վրայովդ անցնի, բա հրաման չունենա՞ս, որ կրակես: Տղայիս ասել են՝ հրաման չկա, որ գնդակ բաց թողենք: Երկու հոգի են մնացել, ասել են՝ խնդրում ենք, մեր վրա կրակ բաց թողեք, գոնե տղերքին, որը վիրավոր է, որը զոհ է հանենք: Ախր փակ դագաղը բերել, դրել են դեմս, հո տենց չի լինում: Կարող է պետությունը վաղը մյուս օր շատ բանի անի, բայց ինձ ոչ մի բան, հոգիս չի հանգստանում: Ես տվե՞լ եմ քեզ տղա, վիրավոր կբերեիր, զոհված կբերեիր, երեսը բաց բերեիր, ինչո՞ւ ես երեսն ավիրված, երեսը փակ բերել, դրել դեմս: Հիմա էլ ուզում ես ինձ հոշոտես, թե ինչի ես բողոքել: Ես զոհվածի քույր եմ, առաջին պատերազմում, այդ վիշտը տեսել եմ, էլի եմ ասում, ոչ մի բանից դժգոհ չեմ, ես միայն իմ բախտից եմ դժգոհ: Ես իմ երեխուն հիվանդության ճիրաններից խլել եմ, պետությանը զինվոր տվել: Ես չեմ կարողանում հաշտվեմ նրա մահվան լուրին, իմ եղբոր մահվան հետ, նույնիսկ ծնողներիս մահվան հետ հաշտվել եմ, բայց իմ բալեն չի թողնում, որ հաշտվեմ: Հասկանում եմ՝ պատերազմ է եղել, զոհ էլ պիտի տանք, զոհով պիտի հաղթենք, բայց… Ես մեկ ուրիշը չունեմ, որ դուռը բացի, իրենից կարոտս առնեմ»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Վահան Հակոբյանի ընտանիքի լուսանկարը՝ ԱԺ պատգամավոր Քրիստինե Վարդանյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031