Լրահոս
Օրվա լրահոսը

«Որոշում ենք կայացրել, և դա նշված է նաև Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ, ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես վարչապետին ենթակա մարմին». Փաշինյան

Դեկտեմբեր 08,2022 15:25

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանություն է տվել «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին: Կառավարության 2021-2026 թթ․ ծրագրով ամրագրված է արտաքին հետախուզական ծառայություն ունենալու հրամայականը: Ըստ հիմնավորման, հաշվի առնելով արցախյան 2016թ. և 2020թ. պատերազմների ընթացքում հետախուզական մարմինների կողմից տեղեկատվության տրամադրման գործընթացում առկա խնդիրները, հետախուզական տեղեկատվության օպերատիվության և որակի բարելավման անհրաժեշտությունը՝ Հայաստանն ունի նոր որակի Հետախուզություն ունենալու և սեփական հետախուզական դպրոցը ձևավորելու հրամայական՝ հետախուզական գործունեության անընդհատության և ոլորտի բարելավման ապահովման  նպատակով:

Հետախուզության առանձին կառույցի ստեղծման անհրաժեշտության մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ տարածաշրջանում միայն Հայաստանն է, որ առայժմ չունի առանձին հետախուզական ծառայություն: Նախագծերի ընդունման դեպքում նախատեսվում է ունենալ ժամանակակից ենթակառուցվածքներով և նյութատեխնիկական ապահովածությամբ Հայաստանի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացում ուրույն դերակատարում ունեցող, ՀՀ վարչապետին ենթակա մասնագիտացված արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող ծառայություն: Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն ու համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:

Կառավարության օրենսդրական նախաձեռնությունը համարվել է անհետաձգելի և սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողով:

Անդրադառնալով օրինագծերին՝ Նիկոլ Փաշինյանը նշել է. «Աշխարհը փոխվում է դինամիկ ձևով, և արտաքին հետախուզական ձևերը և մեթոդները նույնպես շատ էական փոփոխություններ են ապրում: Շատ կարևոր է, որ մենք կարողանանք  մեր կարողությունները տրանսֆորմացնել և զարգացնել ժամանակակից պայմաններին և պահանջներին համապատասխան: Այդ իմաստով կարծում եմ՝ կարևոր արձանագրումներից մեկն այն է, որ աշխարհում հետախուզական մեթոդները, ձևերը և բանաձևերը  զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ  ուղիղ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ: Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել, և դա նշված է նաև Հայաստանի մինչև 2050թ. վերափոխման ռազմավարության մեջ, ստեղծել Արտաքին հետախուզական ծառայություն՝ որպես Վարչապետին ենթակա մարմին»:

Վարչապետը հույս է հատնել, որ օրինագծերի ընդունումը կնպաստի  երկրի արտաքին հետախուզական կարողությունների զարգացմանը: «Իհարկե, դա արագ տեղի չի ունենա: Ընդ որում, շատ կարևոր է արձանագրել, որ այս որոշումով այս պահին մեր ունեցած ստատուս քվոն որևէ կերպ չենք խախտի: Այսինքն՝ այս պահի գործող բոլոր մեր հետախուզական ծառայությունների կյանքում ոչինչ չի փոխվի այնքան ժամանակ, մինչև մենք չհամոզվենք, որ նոր ստեղծված արտաքին հետախուզական ծառայությունը կարող է կլանել այն գործառույթները, որոնք իրականացնում է Ազգային անվտանգության ծառայության հետախուզության դեպարտամենտը և դեռ մի բան էլ ավելին: Այսինքն՝ ի վիճակի է լիարժեք, առանց որևէ վնաս հասցնելու մեր կարողություններին դա պատշաճ մակարդակով իրականացնել»,-ասել է կառավարության ղեկավարը:

Գործադիրը շարունակում է ապահովել սուբվենցիոն ծրագրերի իրականացումը. 1 միլիարդ 272 միլիոն դրամ է հատկացվել 8 մարզի

Կառավարությունը  1,272,701.4 հազար դրամ  է հատկացրել Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին՝ սուբվենցիոն ծրագրերի իրականացման համար: ՀՀ 16 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 25 ծրագրերի  գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ: Նշված ծրագրերի շինարարական աշխատանքների և գույքի ձեռքբերման գործընթացներն ավարտվել են և անհրաժեշտություն է առաջացել պետբյուջեից ֆինանսավորման:

Վարչապետը մանրամասն ներկայացրել է իրականացված սուբվենցիոն  ծրագրերը: Մասնավորապես, իրականացվել են հետևյալ ծրագրերը՝ Արագածոտնի մարզի Աշտարակ բնակավայրում իրականացվել են շենքերի էներգաարդյունավետ արդիականացման աշխատանքներ, Մուղնի թաղամասում պուրակի կառուցում, Կոմիտասի անվան զբոսայգու բարեկարգում և 3 բազմաբնակարան շենքերի բակերում խաղահրապարակների կառուցում և վերականգնում: Վերակառուցվել և կառուցվել է Արարատի մարզի      Զանգակատուն, Պարույր Սևակ, Արմաշ և Ավշար բնակավայրերի ոռոգման ցանցը: Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Քարակերտ բնակավայրում իրականացվել են Բյուզանդի, Իսահակյան, Պ.Սևակի, Հ. Շիրազի, Հ.Թումանյան փողոցների ասֆալտապատման աշխատանքներ, բարեկարգվել են   Արաքս բնակավայրի Դրոյի փող. 3 հասցեում գտնվող մանկապարտեզի բակը և մշակույթի տան հարակից այգին, Մեծամոր համայնքի Փշատավան բնակավայրում կառուցվել է 1200 գծմ երկարությամբ գազատար:  Գեղարքունիքի մարզի Վարդենիս   համայնքի Ակունք բնակավայրի համայնքապետարանի շենքի տանիքին տեղադրվել է 40,05 կվտ արևային կայան, Մարտունի համայնքի Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի փողոցներում կառուցվել են ընդհանուր 27 կմ երկարությամբ լուսավորության համակարգեր, Մարտունի համայնքի Աստղաձոր բնակավայրում կառուցվել է  1103 գծմ երկարությամբ գազատար և այլն:

 Նախատեսվում են պատասխանատվություն կարգավորումներ՝ շինհրապարակներում արձանագրված խախտումների համար

 Գործադիրը փոփոխություն և լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում՝ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները համակարգային կարգավորելու անհրաժեշտությունից ելնելով: Ըստ հիմնավորման՝ գործող կարգավորումները պատվիրատուին չեն պարտադրում շինարարական ծրագրերի գնման պայմանագրերում պարտադիր նախատեսել կարգավորումներ շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման նորմերի պահպանման վերաբերյալ: Որոշմամբ՝ առաջարկվում է նշվածը դարձնել որպես պայմանագրերի նախագծերում ներառվող պարտադիր պայման, զուգահեռ դրանց խախտման  համար պայմանագրերի նախագծերում նախատեսելով նաև պատասխանատվություն նախատեսող կարգավորումներ: Ըստ այդմ՝ նախատեսվում է սահմանել, որ շինարարական ծրագրերի գնման դեպքում պայմանագրում (նախագծում) պետք է ներառվեն հետևյալ պարտադիր պայմանները․

– կապալառուն կնքվելիք պայմանագրով նախատեսված աշխատանքները կատարում է, իսկ տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունն այդ աշխատանքների համապատասխանությունը հսկում է քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային  փաստաթղթերին համապատասխան,

– պատվիրատուն շինարարական աշխատանքների և տեխնիկական հսկողություն իրականացնող ընկերությունների նկատմամբ կիրառում է պատասխանատվության միջոցներ՝ աշխատանքների կատարման ողջ ընթացքում քաղաքաշինական նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերով սահմանված պահանջների, այդ թվում շինարարական հրապարակի պատշաճ կազմակերպման, կահավորման և անվտանգության տեխնիկայի կանոնների չպահպանման յուրաքանչյուր արձանագրված դեպքի համար: Ընդ որում դեպքերը և դրանց ի հայտ գալու պարագայում կիրառվելիք պատասխանատվության միջոցները սահմանվում են սպառիչ և առանց երկակի մեկնաբանության հնարավորության»,

– գնումների դիմաց վճարումները, ներառյալ կանխավճարի հատկացումը, իրականացվում է հաշվի առնելով լիազորված մարմնի կողմից հաստատված պայմանագրի օրինակելի ձևով նախատեսված պայմանները։

Արդյունքում կկարգավորվեն շինարարական հրապարակներում առկա իրավիճակի, աշխատանքի անվտանգության, սանիտարահիգիենիկ, տեխնիկական անվտանգության, մթնոլորտային օդի և շրջակա միջավայրի աղտոտման խնդիրները՝ բացառելով հայեցողական մոտեցումների կիրառումը:

Նիկոլ Փաշինյանը կարևորել է ընդունված որոշումը և նշել է, որ խոսքը  շինհրապարակներում ստանդարտներ սահմանելու մասին է: «Այսինքն՝  շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, այնտեղ աշխատողներն ինչ վիճակում պետք է լինեն, ինչ հագուստ պետք է կրեն և անվտանգության ինչ միջոցներ նախատեսեն: Այստեղ հարցերը բազմաշերտ են: Մենք տեսանք, որ  Երևանում փոշու ինչպիսի աննախադեպ մակարդակ կա: Շինարարության ծավալները, այո՛, շատ մեծ թափ են հավաքել, բայց, մյուս կողմից, մենք անընդհատ  այդ ահազանգերը ստանում ենք և տեսնում ենք նաև, որ փոշով աղտոտվածության շատ բարձր ցուցանիշներ են արձանագրվել Երևանում: Սրա պատճառներից մեկն այն է, որ շինհրապարակներում ստանդարտները չեն պահպանվում: Մենք պետք է այս հարցում լինենք հետևողական:

 Մյուս կողմից՝ շինհրապարակն ինչ վիճակում պետք է լինի, և նաև այնտեղ աշխատողներն ինչ տեսք պետք է ունենան, և շինհրապարակն ինչպես պետք է տարանջատվի մնացած քաղաքացիների առօրյա կյանքից: Սրանք բոլորը շատ կարևոր հարցեր են և ունեն և՛ անվտանգային, և՛ արդեն ասացի՝ բնապահպանական, և՛ էսթետիկ, և՛ սոցիալ-հոգեբանական նշանակություն: Կարող է նույնիսկ հարց հնչել՝ արդյոք մենք չափից ավելի ժամանակ և ուշադրություն չենք տրամադրում այս՝ մեր ընդհանուր օրակարգի մեջ փոքր թվացող հարցին: Բայց, իմ կարծիքով, նախկինում սրա մասին բազմիցս խոսել ենք, սա փոխաբերական իմաստով՝ ԴՆԹ մակարդակի խնդիր է.  ԴՆԹ մակարդակի խնդիրներում շեղումները հետագա պրոցեսներում շղթայական մեծ և տեսանելի հետևանքների են բերում: Եվ ես կարծում եմ, որ այո, մենք բոլոր մակարդակներում մեր երկրում պետք է ստանդարտները սահմանենք, և ոչ միայն սահմանենք, այլև հետևողական լինենք այդ ստանդարտների իրականացման, ներդրման և պահպանման առումով: Այդ առումով այն շատ եմ կարևորում և կարևորում եմ, որ մենք հետևողական լինենք՝ ոչ թե մեկ որոշում ընդունենք, ասենք՝ մենք մեր անելիքն արեցինք, այլ հետագայում նաև տեսնենք՝ այդ որոշումներն ինչպես են աշխատում, աշխատում են, թե չեն աշխատում: Եթե չեն աշխատում կամ լավ չեն աշխատում, պետք է  դրանք լավարկենք և շարունակենք աշխատել այդ ուղղություններով»,-ընդգծել է գործադիրի ղեկավարը:

Միջազգային համագործակցություն

Հավանության է արժանացել 2022 թ. օգոստոսի 19-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ուրուգվայի Արևելյան Հանրապետության միջև դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների դիվանագիտական, հյուպատոսական, վարչական և տեխնիկական անձնակազմի ընտանիքի անդամների կողմից վարձատրվող գործունեություն իրականացնելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Հիմնավորման համաձայն՝ 2019 թ. օգոստոսից Երևանում գործում է Ուրուգվայի Արևելյան Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունը:  2022 թ. օգոստոսի 19-ին Մոնտեվիդեոյում ուրուգվայական կողմին է փոխանցել Հայաստանի ԱԳՆ հայտագիրը՝ Ուրուգվայում Հայաստանի Հանրապետության  ռեզիդենտ դեսպանություն բացելու հայկական կողմի մտադրության մասին։ Վերոնշյալ համաձայնագրի նպատակն է բարելավել դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների անձնակազմի ընտանիքի անդամների աշխատանքային հնարավորությունները:

Գործադիրը հավանություն է տվել 2022 թ. հոկտեմբերի 14-ին Աստանա քաղաքում ստորագրված «Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ կազմավորելու մասին» համաձայնագիրը հաստատելու մասին» ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին: Համաձայնագրով կողմերը կազմավորում են ԱՊՀ մասնակից պետությունների ընտրական մարմինների ղեկավարների խորհրդատվական խորհուրդ: Համաձայնագրի շրջանակում նախատեսվում է պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացում՝ փորձի փոխանակման նպատակով քաղաքացիների ընտրական իրավունքների և ազատությունների ապահովման, ընտրությունների և հանրաքվեների անցկացման համար իրավական պայմանների կատարելագործման հարցերում՝ ԱՊՀ մասնակից պետությունների օրենսդրությանը և միջազգային պարտավորություններին համապատասխան։

Այլ որոշումներ

Գործադիրն ընդունել է  Արցախի Հանրապետության կառավարությանը միջպետական վարկ տրամադրելու վերաբերյալ որոշում, որի նպատակը 2020 թ. պատերազմական գործողությունների հետևանքով տեղահանված բնակիչների համար Լեռնային Ղարաբաղի տարածքում բնակելի տների կառուցման և կահավորման, ինչպես նաև բանկերի հանդեպ ունեցած պարտավորությունների ֆինանսավորման համար ֆինանսավորում տրամադրելն է։  Այդ նպատակի համար նախատեսվում է հատկացնել 8 մլրդ դրամ:

Կառավարությունը  «Թերմորեքս» ՓԲԸ-ին թույլատրել է ներդրումային ծրագրի շրջանակում օգտվել մաքսատուրքից ազատման արտոնությունից: Ընկերությունը  ներմուծվող հումքը նախատեսում է օգտագործել բիմետաղյա ջերմակարգավորիչներ ու ջերմաստիճանի սահմանափակիչներ արտադրության համար։ Արտադրությունն իրականացվելու է ՀՀ Երևան քաղաքում՝ իրականացնելով 15 մլրդ դրամի ներդրում հումքի ձեռքբերման համար: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 19 նոր աշխատատեղ՝ մինչև 140 հազ դրամ միջին ամսական աշխատավարձով։ Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 15 մլրդ դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը գնահատվում է 1.1 մլրդ դրամ:

Գործադիրի որոշմամբ նախատեսվում է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, քաղաք Երևան, Արաբկիր, Վ. Վաղարշյան փողոց 24/22 հասցեում գտնվող հասարակական շենքը և հողամասն  օտարել դասական աճուրդով: Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել գույքի կադաստրային արժեքի չափը 619 782 032 ՀՀ դրամ։ Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 30 989 102 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է գույքի վաճառքի գնի մաս և գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է ՀՀ պետբյուջե։ Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ 819 768 ՀՀ դրամը։

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031