Դեկտեմբերի 7-ին Վարդենիսի թիվ 1 երաժշտական դպրոցի համերգասրահում Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը ներկա գտնվեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական գործունեության 30-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը։
Մարզպետ Կարեն Սարգսյանը շնորհավորեց և շնորհակալություն հայտնեց Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ Գեղարքունիքի մարզի հետ ունեցած արդյունավետ համագործակցության, վերջին տարիների ընթացքում իրականացրած ծրագրերի համար և հատկապես կարևորեց հետպատերազմյան շրջանում կոմիտեի կողմից ունեցած զգալի ներդրումն ու աջակցությունը մարզի հրետակոծությունից տուժած սահմանամերձ համայնքների և բնակավայրերի տնտեսություններին։ «Տևական ժամանակ է, ինչ Կարմիր խաչի միջազգային կոմիտեն կանգնած է հայ ժողովրդի կողքին և աջակցություն է ցուցաբերում Հայաստանի այն բնակավայրերում, որտեղ առկա է լուրջ հակամարտություն, հրետակոծությունից տուժած համայնքներ, բնակավայրեր և տնտեսություններ, հետպատերազմյան իրավիճակ։ Կարմիր խաչը իր մարդասիրական առաքելությամբ հայ ժողովրդի կողքին է եղել նաև Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո։
Վերջին ժամանակահատվածում առիթ եմ ունեցել բազմիցս առնչվելու Կարմիր խաչի հայաստանյան գրասենյակի ղեկավարության և պատասխանատու աշխատակիցների հետ, քննարկել մարզի, հատկապես սահմանային հատվածներին վերաբերող խնդիրներ, ծրագրեր, որոնք լուծում են ստացել փոխըմբռնման ու փոխհամաձայնության մթնոլորտում։ Այս պահին էլ Կարմիր խաչի աշխատակիցների փորձագիտական կարողությունների և կամավորական ներուժի շնորհիվ աջակցության բազմապիսի ծրագրեր են իրականացվում մարզի սահմանամերձ բնակավայրերի տնտեսությունների սոցիալական խնդիրների մեղմման համար։ Գեղարքունիքի մարզպետարանը, ի դեմս մարզպետի, պատրաստակամ է շարունակել համագործակցությունը Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հետ։ Մեզ ուժ ու եռանք, որպեսզի կարողանանք համատեղ հաղթահարել եղած դժվարություններն ու խնդիրները»,- իր խոսքում նշեց Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը։
Իր խոսքում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Հայաստանյան պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոն ներկաների ուշադրությունը հրավիրեց իրենց կազմակերպության կողմից իրականացված գործունեության հիմնական ուղղությունների, նախորդ 30 տարիների և մասնավորապես վերջին երկու տարիների ընթացքում իրականացված մարդասիրական ծրագրերի ու ձեռքբերումների վրա, նշելով, որ դրանք կկրեն շարունակական բնույթ։
Կարդացեք նաև
«Այն մարդասիրական ծրագրերը, որոնք այս 30 տարիների ընթացքում իրականացվել է Կարմիր խաչի կողմից, արդյունք են նաև հայաստանյան իշխանությունների հետ ունեցած փոխադարձ հարգանքի և վստահության։ Մենք պատրաստ ենք շարունակել հակամարտության հետևանքների չեզոքացման ծրագրերը, կշարունակենք լինել սոցիալապես անապահով և հակամարտությունից տուժած բնակիչների կողքին»,- նշեց Թիերի Ռիբոն։
Հանդիսության ընթացքում ցուցադրվեց Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի 30-ամյա գործունեությունը ամփոփող տեսանյութ։ Միջոցառման մասնակիցները դիտեցին նաև «30 լուսանկար՝ 30 տարում» ֆոտոցուցահանդեսին ներկայացված աշխատանքները։
Արարողությունը եզրափակվեց համերգային ծրագրով։
Գեղարքունիքի մարզպետարան