Կենսաթոշակների բարձրացման արդյունքում նպաստներից զրկվելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ են քննարկվում, իսկ անապահովության համակարգից դուրս մնալը ինքնաշխատ եղանակով է տեղի ունենում: Այս մասին այսօր կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում, նշեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ անդրադառնալով այն հարցին, որ Հայաստանում կենսաթոշակները 3 հազար դրամով բարձրացնելու արդյունքում հազարավոր քաղաքացիներ զրկվել են նպաստից, քանի որ այլեւս չեն համարվում անապահով (նրանց ընդհանուր եկամուտն աճել է)։
Նրա խոսքով, իրենք հենց հնարավորություն ունեցել են թոշակները, նպաստները բարձրացնելու` միանգամից բարձրացրել են, այս անգամ էլ կփորձեն խնդրի լուծման համար ձևավորել կոնսենսուս:
«Ընտանիքի անապահովության գնահատման համակարգ գոյություն ունի: Դա հաշվարկվում է տարբեր բնութագրիչներով, որոնցից մեկը ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտներն են: Երբ ընտանիքների եկամուտների փոփոխություն է տեղի ունենում, այդ փոփոխությունն իր հետ բերում է նպաստի իրավունքի ձեռքբերման կամ այն կորցնելուն: Դա տեղի է ունենում ինքնաշխատ եղանակով: Նրանք, որոնք գտնվել են սահմանային միավորի միջակայքում, իրենց վրա այդ ազդեցությունը եղել է: Հիմա մենք մշակում ենք անապահովության գնահատման նոր համակարգ, 2023-ի կեսից այդ համակարգը կունենանք: Օրինակ, մենք ունենք աշխատունակ տարիքի գտնվող և աշխատունակ մարդկանց մեծ խումբ, շուրջ 40 հազար, որոնք կարող են աշխատել, բայց շարունակում են պետությունից աջակցություն ստանալ: Զուգահեռաբար աղքատության հաղթահարման մեր մոտեցումը պետք է լինի աշխատանքի խրախուսումը: Դրան զուգահեռ մշակում ենք աշխատանքի ռազմավարությունը, որի հիմնաքարային սկզբունքներից մեկը աշխատանքով մարդկանց սոցիալական անապահովության համակարգից դուրս բերելն է»,- պարզաբանեց նախարարը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ