44-օրյա պատերազմի ժամանակ նահատակված կամավորական Արման Օհանջանյանի մոր՝ Ելիզավետա Բուդաղյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի հերոսածին ծնողներ, ես հանդիսանալով ձեզանից մեկը, երբեք չեմ հաշտվել ու չեմ հաշտվի այս իրականության հետ:
Ինչպես տեսնում եք, ո՛չ ժամանակը, ո՛չ էլ երևույթները մեր ցավը չեն բուժում ու չեն բուժելու, հաստա՛տ։ Այո՛, համաձայն եմ, «ցավը տիրոջն է ցավեցնում», բայց համոզվեցի ևս մեկ անգամ, որ մեր տղաների անձնազոհությունը շատ քչերն են ընկալել: Այսօր մեծամասնությունը պատրաստվում է նշել Նոր Տարին, որը նշում են ընտանյոք հանդերձ։ Երևի միակ տոնն է, որ դեռ չեն «հարամել», չնայած հազարավոր ընտանիքներ, որոնցից մեկը իմ ընտանիք է նշելու ենք զինվորական պանթեոնում՝ Եռաբլուրում։
Խոսքս ուղղում եմ իմ բախտակից ծնողներին, սույն թվականի, դեկտեմբերի 28-ին, 16:00-ին ես լինելու եմ Հայաստանի Հանրապետության հրապարակում, իմ որդու՝ հերոս, կամավորական Արման Օհանջանյանի լուսանկարով, կխնդրեի ձեզ միանալ ինձ, ձեր հերոսների լուսանկարներով, որպեսզի տոնածառի գեղեցկությամբ և լույսերից կուրացած ժողովուրդն ևս մեկ անգամ հիշի, թե ում է պարտական այսօր, ևս մեկ անգամ նայեն այդ հերոս տղաների նկարներին և մի փոքր ցածր զրնգացնեն իրենց գինով բաժակները և եկող սերնդին ցույց տան, որ կյանքը միայն ճոխություններով չի, ուրիշի կյանքի գնով ապրելով՝ գոնե պետք է առաջինը հարգեն ազգի հերոս նահատակների հիշատակը ու կառուցեն ամուր, անվտանգ երկիր, որպեսզի վաղը կարողանան իսկապես ուրախանան, ու խաղաղ երկնքի տակ ապրեն, և որպեսզի այլևս մեր շարքերը չհամալրեն սևազգեստ մայրեր։
Կարդացեք նաև
Հուսով եմ արժանապատիվ և ադեկվատ են մեր բոլոր ծնողները, և նրանք նույնպես կմիանան ինձ: Ես այդ օրը ոչ մի բողոք և ոչ մի կոչ չեմ անելու, լռությունը իմ փոխարեն ամեն ինչ կասի:
Ես գնում եմ իմ որդու համար, եթե համամիտ եք ինձ հետ, եթե գտնում եք, որ մեր տղաներն էլ պետք է մեր հետ ուրախ Նոր Տարի նշեին, միացեք իմ լռության ակցիային՝ «Խոսում են տղաները» խորագրով:
Հ. Գ. Նախապես ուզում եմ զգուշացնել, բոլոր այն «խելոքներին», ովքեր կփորձեն ինձ «խրատել», կամ «սփոփել», ինձ ո՛չ ձեր սփոփանքն է պետք, ո՛չ էլ կարեկցանքը, ձեր «խրատն» էլ ձեզ պահեք, ես ինքս եմ ուրիշներին խրատում:
Կհանդիպենք Հայաստանի Հանրապետության հրապարակում։
Պարզապես ձեր թանկ ժամանակից մի փոքր նվիրեք հերոսներին 28.12.22: