Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՊԾ-ն կլինի վարչապետին ենթակա մարմին, իսկ ԱԱԾ-ին կմնա միայն 3 գործառույթ

Դեկտեմբեր 08,2022 14:23

Կառավարության հեղինակած՝ «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագծի համաձայն՝ առաջարկվում է պետական պահպանության ծառայությունն առանձնացնել ազգային անվտանգության ծառայության մարմինների համակարգից եւ դրա հետագա գործունեությունը շարունակել որպես պետական կառավարման համակարգի մարմին: ՊՊԾ-ն սրանով այսուհետեւ լինելու է վարչապետին ենթակա մարմին․ ծառայության կառավարումն իրականացնելու է վարչապետը, իսկ անմիջական ղեկավարումը՝ ծառայության պետը, որն անմիջականորեն ենթակա եւ հաշվետու է լինելու վարչապետին:

Ինչպես այսօր ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստում զեկուցեց ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, առաջարկվում է նաեւ սահմանափակել պաշտոնաթող հանրապետության նախագահներին եւ վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետները:

«Մասնավորապես, առաջարկվում է հանրապետության նախագահներին եւ վարչապետերին տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը, որը գործող օրենքով ցմահ է, սահմանափակել համապատասխանաբար 7 եւ 10 տարիներով: Բացի այդ, առաջարկվում է նախատեսել դրույթ, համաձայն որի՝ վերը նշված ժամկետների ավարտից հետո պաշտոնաթող նախագահներին եւ վարչապետներին պետական պահպանություն հնարավոր կլինի տրամադրել վարչապետի որոշմամբ։ Բացի այդ, նկատի ունենալով այն հանգամանքը, որ ներկայումս օրենքի ուժով նախագահի եւ վարչապետի առողջական վիճակին հետեւելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ, մինչդեռ անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ ԱԺ նախագահի համար, առաջարկվում է ընդլայնել նշված երաշխիքի ծավալը։ Սահմանվում է, որ հիշատակված պաշտոնատար անձանց եւ նրանց ընտանիքների անդամների համար ապահովվում է գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը՝ պետական բյուջեի միջոցների հաշվին․ այն տարածվում է ԱԺ նախագահի վրա»,-տեղեկացրեց Արմեն Գրիգորյանը։

Նախագծերի փաթեթը սահմանում է նաեւ, որ ՀՀ Ազգային ժողովի նախագահին պետական պահպանություն տրամադրվում է նրա պաշտոնավարման ժամանակահատվածում՝ նրա մշտական եւ ժամանակավոր գտնվելու վայրերում․ պետական պահպանություն տրամադրվում է նաեւ նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաեւ նրան ուղեկցող ընտանիքի անդամներին։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հետաքրքրվեց՝ ի՞նչ է անելու ՊՊԾ-ն որպես առանձին կառույց, որն այսօր չի կարողանում անել՝ ԱԱԾ-ի կազմում լինելու հետեւանքով։ Նույն հարցը հետաքրքրեց նաեւ հանձնաժողովի նախագահ, ՔՊ խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։ Արմեն Գրիգորյանը պատասխանեց․ «Անվտանգության համակարգի լայնածավալ բարեփոխումներ ենք կատարում, եւ այս փոփոխությունը ոչ թե տեղային է, այլ այդ բարեփոխումների տրամաբանության մեջ է։ Կա քաղաքական որոշում, որ ԱԱԾ-ին երեք գլխավոր գործառույթ պետք է թողնվի՝ հակահետախուզություն, սահմանադրական կարգի պահպանում, ահաբեկչության դեմ պայքար։ Երեքն են դրվում ԱԱԾ-ի վրա։ Կառավարությունը որոշել է նաեւ արտաքին հետախուզության առանձին մարմին ստեղծել։ Նախկինում այս կառույցը գործում էր որպես ԱԱԾ մաս»։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031