«Մեզ համար շատ մեծ նշանակություն ունի 20-րդ հոբելյանական մրցույթը։ Ուրախ ենք, որ «Մանկական Եվրատեսիլ» մրցույթը, որոշակի դժվարություններ հաղթահարելով, կայացել է որպես երիտասարդական եւ մանկական հրաշալի մրցույթ։ Ամեն տարի «Մանկական Եվրատեսիլի» ընդգրկումն ու ժողովրդականությունն աճում է»,-ասուլիսին հայտարարեց «Մանկական Եվրատեսիլի» գործադիր ղեկավար Մարտին Օսթերդալը։
Նրա խոսքով․ «Տաղանդավոր արտիստների թիվը տարեցտարի ավելանում է։ Յուրաքանչյուր տարի մրցույթն ու մասնակիցների կազմն էլ ավելի են լավանում։ Հատկապես այս տարվա միջոցառման կազմակերպումն եմ ուզում առանձնացնել։ Մեր զարմանահրաշ բեմն արդեն տեսել եք։ Հրաշալի աշխատանք է կատարվել մեզ հյուրընկալող հեռարձակող ընկերության կողմից։ ԵՀՄ-ի եւ բոլորիս համար «Մանկական Եվրատեսիլը» շատ սիրելի բալիկ է, որը շատ արագ աճում, մեծանում է»։
Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը նշեց, որ բավականին երկար ժամանակ են պատրաստվել «Մանկական Եվրատեսիլին»․ «Մեզ համար մեծ պատիվ է հյուրընկալել «Մանկական Եվրատեսիլը» եւ քսանամյակը նշել հենց Հայաստանում․․․Մենք միանգամից սկսեցինք բանակցությունները «Մանկական Եվրատեսիլի» անցկացման շուրջ՝ ֆինանսական մասով, քանի որ մեզ եվրոպական կողմի հետ բանակցելու համար պետք էր վստահություն, որ ունենք անհրաժեշտ ֆինանսավորումը։ Երբ կառավարությունից ստացանք հաստատումը, դրանից հետո հայտնեցինք մեր վերջնական պատրաստակամությունը Երեւանում «Մանկական Եվրատեսիլի» անցկացման վերաբերյալ։ Ներգրավել են հարյուրավոր մասնագետներ։ Ոչ միայն եվրոպական հեռարձակողների մեր գործընկերներն են մեզ օգնել, այլեւ եվրոպական մի քանի երկրներից մասնագետներ։ Այս պահին էլ համալիրի տարածքում հազարից ավելի մասնագետներ են աշխատում՝ թե շոուի, թե տարբեր ուղղություններով, որպեսզի այն, ինչ մենք տեսնենք դեկտեմբերի 10-ին եւ 11-ին, իրոք հիշարժան լինի։ Եվ ես կարծում եմ, որ դա մեզ մոտ կստացվի»։
Նա հավելեց, որ մի շարք տարբերություններ են մտցրել «Մանկական Եվրատեսիլի» քսանամյակն ավելի օրիգինալ դարձնելու համար․ «Երեւան ենք հրավիրել նախորդ՝ 19 տարիների հաղթողներին։ Նրանց մեծ մասը Երեւանում էր, եւ ինչպես տեսաք բացման արարողությանը, նրանց մեծ մասը հանդես եկավ։ Բուն շոուի ընթացքում նրանք նույնպես բեմում են լինելու։ Հուսով եմ՝ կհավանեք այն համարը, որը շատ օրիգինալ է, եւ բավականին երկար ժամանակ մեր թիմն աշխատում է հաղթողների համարի վրա, որտեղ նաեւ հանդես է գալու Տավուշի թեմի երգչախումբը։ Ունենք նաեւ 4-րդ հաղորդավարը, որը Ռոբին ռոբոտն է։ Նրա ներկայությունը մարմնավորում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ