Մեր նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում` 100-ամյա պատմամշակութային տարբեր արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր, այսպես արձագանքեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ Հանրապետության հրապարակի շենքերի ճակատային հատվածների վրա հայտնված անցքերի վերաբերյալ լրագրողների հարցին:
Նա վստահություն հայտնեց, Երևանի քաղաքապետարանը տոներից հետո Հանրապետության հրապարակի շենքի վրա արված բոլոր անցքերը կվերականգնի, եթե դրա կարիքը կա։
«Անցքերի մասով աշխատանքները կատարվել են Երևանի քաղաքապետարանի պատվերով, և պարոն Ավինյանն էլ է ասել, ես էլ կասկած չունեմ, որ իրենք իրենց ասածը կիրականացնեն։ Ես փորձագետ չեմ, լսել եմ տարբեր կարծիքներ, և ճարտարապետներ կան, որ ասում են` դա ընդհանրապես խնդիր չէ։ Մեր նախարարությունը բազմաթիվ ծրագրեր է իրականացնում` 100-ամյա պատմամշակութային տարբեր արժեքներ ենք վերականգնում, և մի անցքը դարձրել եք անհաղթահարելի խնդիր»,–ասաց Դումանյանը։
Լրագրողի այն դիտարկմանը, թե ինչպես կվարվեիք Դուք, եթե Ձեր տան պատերը ծակեին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի նախարարն արձագանքեց. «Լավ, ելույթ եք ունենում»:
Կարդացեք նաև
Դումանյանի խոսքով` նախապես հանձնաժողով չի կազմվել այդ հարցը քննարկելու համար, քանի որ այդ ամենը ժամանակավոր կառույց է, և եթե լիներ մշտական, ապա գիտամեթոդական խորհրդում պետք է հավանության արժանանար, ընդամենը բանավոր քննարկումներ են եղել։ Դումանյանը նշեց նաև, որ փաստաթղթային առումով թույլտվություն չկա, սակայն չգիտի` նման նախագծերը համար փաստաթուղթ պե՞տք է, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանի կողմից իրականացվող ամանորյա լուսավորության աշխատանքները բուռն արձագանք են գտել հանրության շրջանում, քանի որ Հանրապետության հրապարակի թամանյանական շենքերի պատերը ծակծկվել են համապատասխան տեխնիկայի միջոցով։ Նաեւ մասնագիտական շրջանակների կողմից ահազանգ է հնչել, որ բացված անցքերի պատճառով պատմական շենքերի պատերը տարիներ անց կարող են քայքայվել։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ