Լրահոս
Օրվա լրահոսը

Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտը մասնավորեցվում է գնահատված արժեքի 65 տոկոսով

Դեկտեմբեր 08,2022 13:25
Fizioterapevtik

Կառավարությունն իր այսօրվա նիստում, չզեկուցվող հարցերի շարքում, որոշեց «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը մասնավորեցնել մրցույթով:

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ ինստիտուտն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020թթ. ծրագրի մասին» ՀՀ օրենքի ցանկերում և ենթակա է մասնավորեցման: Ընկերության 100% պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի տնօրինման լիազորությունը վերապահված է Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Ըստ կանոնադրության՝ Ընկերության գործունեության հիմնական տեսակն է վերականգնողական բուժում: Ընկերությունն ունի 171 աշխատակից: Ընկերությունն իր գործունեությունն իրականացնում է ք. Երևան Օրբելի 41 հասցեում։ Հողամասի մակերեսը կազմում է 1.7863 հա, 1 քառ. մետրի կադաստրային արժեքը՝ 139,425 դրամ: Հողամասը ծանրաբեռնված է սերվիտուտով։

Ընկերության շենք-շինություններն ենթարկվել են սեյսմիկ հետազոտության՝ գլխավոր մասնաշենքի տեխնիկական վիճակը և սեյսմիկ խոցելիությունը գնահատվել է 3-րդ աստիճան: Սեյսմակայությունն ապահովելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել ամրացման աշխատանքներ:

ՀՀ առողջապահության նախարարության և «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի միջև կնքված «Պետության կողմից երաշխավորված անվճար և արտոնյալ պայմաններով բժշկական օգնության և սպասարկման ծառայությունների մասին» պայմանագրով ընկերությանը 2020թ.-ի համար փաստացի տրամադրվել է 219,902.0 հազ.դրամ, իսկ 2021թ. համար 407,145.0 հազ. դրամ, որից սոցիալապես անապահով խմբերում ընդգրկված բուժվողների համար՝ 318,210.2 հազ.դրամ, վիրավորում ստացած զինծառայողների մասով՝ 88,934.8 հազ. դրամ, ինչին համապատասխան հիվանդների քանակը համապատասխանաբար կազմել է՝ 1680 և 2063 մարդ։

Ընկերության անշարժ գույքի գնահատված մեծությունը կազմում է 4,968,532.950 հազ.դրամ: Ընկերության ակտիվների գնահատված արժեքը կազմում է 5,110,296.120 հազ.դրամ։

Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ՀՀ կառավարության 2020թ. դեկտեմբերի 3-ի 2021 թվականի ապրիլի 15-ի որոշումներով համապատասխանաբար՝ 4,663,930.6 հազ.դրամ և 3,497,947.95 հազ. դրամ արժեքներով ներկայացվել է մասնավորեցման` մրցույթով: Մրցույթները չեն կայացել հայտ չլինելու պատճառով։ Հետագայում կատարվել է Ընկերության գույքի նոր գնահատում։

Հաշվի առնելով, որ Ընկերության բաժնետոմսերը 3,497,947.95 հազ. դրամ արժեքով չի վաճառվել, իսկ նոր գնահատված արժեքը կազմել է 5,023,162.620 հազ. դրամ՝ ՀՀ կառավարության 17.06.2022թ. թիվ 914-Ա որոշմամբ բաժնետոմսերի մրցույթով մասնավորեցման վաճառքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 75 տոկոսը՝ 3,767,375.0 հազ. դրամ։ Մրցույթը չի կայացել հայտ չլինելու պատճառով։

Նախագծով առաջարկվում է Ընկերության 100 տոկոս պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերը ներկայացնել մասնավորեցման մրցույթով՝ վաճառքի նվազագույն գին է սահմանելով գնահատված արժեքի 65 տոկոսը՝ 3,265,056.0 հազ.դրամ:

Նախագծի համաձայն՝ «Կուրորտաբանության և ֆիզիկական բժշկության գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ի բաժնետոմսերի վաճառքի գնի 70 տոկոս պետք է ուղղվի ՀՀ պետական բյուջե, իսկ 30 տոկոսը՝ համապատասխան համայնքի ֆոնդային բյուջե, ըստ գույքի գտնվելու վայրի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031