Լրահոս
Օրվա լրահոսը

Վալերի Պեկրես. Անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման

Դեկտեմբեր 08,2022 13:50

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման:

Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Ֆրանսիայի Իլ դը Ֆրանս շրջանի նախագահ Վալերի Պեկրեսի հետ:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել Վալերի Պեկրեսի սկզբունքային և հետևողական գործունեությունը՝ ուղղված մարդու իրավունքների ու ազատությունների, մարդասիրության ու ժողովրդավարության սկզբունքների, համամարդկային արժեքների պաշտպանությանը, Արցախի Հանրապետության սատարմանը՝ նշելով, որ նա եկավ Արցախ մեր ժողովրդի համար ամենածանր ու դժվարին ժամանակահատվածում, երբ դեռ թարմ էին արյունալի պատերազմի վերքերը:

Նախագահ Հարությունյանն ընդգծել է, որ Ֆրանսիան ու Ֆրանսիայի ժողովուրդը առանձնահատուկ տեղ են զբաղեցնում Արցախի բարեկամների շարքում: «Դրա վկայությունը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման, ինչպես նաև ի նպաստ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերաբերյալ Ձեր գլխավորությամբ Իլ-դը-Ֆրանս շրջանային խորհրդի՝ 2020 և 2022թթ.-ին ընդունած բանաձևերն են։ Մենք բարձր ենք գնահատում նման աջակցության ու քայլերի դերը ժողովրդավարության ուղին բռնած մեր երկրի համար»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը:

Միաժամանակ երկրի ղեկավարը վստահություն է հայտնել, որ ընդհանուր արժեհամակարգի ու շահերի վրա հիմնված մեր ժողովուրդների անկեղծ բարեկամությունն էլ ավելի կամրապնդվի ու կխորանա և կընդլայնվեն երկխոսության ու համագործակցության ոլորտները:

Վալերի Պեկրեսը վերահաստատել է իր համերաշխությունն ու աջակցությունը Արցախին՝ ընդգծելով, որ Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է հասնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և արդարացի կարգավորման:

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել