Հայաստանում կստեղծվի նոր արտաքին հետախուզական ծառայություն` որպես ՀՀ վարչապետին կից պետական կառավարման մարմին։ Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանը` ներկայացնելով «Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի նախագիծը:
Նրա խոսքով, ի տարբերություն Հայաստանում արդեն գործող այլ հետախուզական մարմինների, որոնց աշխատակիցները զինծառայողներ են, նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։
«Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը ոչ միայն կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը՝ հնարավորություն ընձեռելով կենտրոնանալ հակահետախուզության և ահաբեկչության դեմ պայքարի ուղղություններով, այլև հնարավորություն կընձեռի ավելի ճկուն և համարժեք արձագանքել հարաճուն փոփոխվող աշխարհի և տարածաշրջանի մարտահրավերներին»,- նշեց Մինասյանը՝ հավելելով, դրանով հնարավորություն կընձեռվի նորաստեղծ մարմինը համալրել նաև այլ գերատեսչություններում աշխատող հանրային ծառայողներով, ովքեր իրենց փորձով, գիտելիքներով, արհեստավարժությամբ կնպաստեն արտաքին հետախուզության ծառայության կայացմանը:
«Նախագծի անցումային դրույթներում նախատեսվում է կարգավորում այն մասին, որ արտաքին հետախուզական ծառայության ստեղծմանն ու կայացմանն ուղղված օրենսդրական փաթեթի ընդունումից 3 տարի անց արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմիններն ու ստորաբաժանումները կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել` այդ գործառույթն ամբողջովին փոխանցելով նոր ծառայությանը»,– ասաց Մինասյանը։
Կարդացեք նաև
Մանրամասնելով փոխնախարարի խոսքը, Նիկոլ Փաշինյանը նշեց. «Աշխարհում հետախուզական գործունեության ձևերն ու մեթոդները զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք այս առումով որոշում ենք կայացրել ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»։
Կառավարության հավանությանն արժանացած օրենքների այս փաթեթը՝ որպես անհետաձգելի նախաձեռնություն, ուղարկվեց Ազգային Ժողով։
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ