Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Կառավարման համակարգի անունը մնում է խորհրդարանական, բայց այստեղ կարևորվում է ՀՀ նախագահի կարգավիճակի ու դերի հստակեցումը»․ Արթուր Սաքունցը՝ Սահմանադրության շուրջ քննարկումների մասին

Դեկտեմբեր 08,2022 12:25

«Այսօր Հայաստանում գոյություն չունի խորհրդարանական կառավարում»,- «Մեդիա կենտրոնում» հրավիրված «Սահմանադրական փոփոխություններ՝ առանց փոփոխությունների. կառավարման համակարգը կմնա անփոփոխ» թեմայով քննարկման ժամանակ  կարծիք հայտնեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, Սահմանադրական բարեփոխումների խորհրդի անդամ Արթուր Սաքունցը։

Նա նշեց, որ Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը քվեարկել է խորհրդարանական կառավարման ձևի օգտին, երբ գործադիր իշխանության ղեկավարն էլի վարչապետն է մնում։ Միևնույն ժամանակ նա շեշտեց․ «Բայց դա չի նշանակում, որ պետք է վարչապետը շարունակի ունենալ անվերահսկելի լիազորությունների փաթեթը, որը հիմա գոյություն ունի, այլ լիազորությունների զգալի մասը վերաբերվում է սահմանադրական մարմիններին և պետական մարմինների ձևավորման մեջ գործադիր իշխանության ղեկավարի մասնակցության հարցի վերանայմանը։ Քաղաքական նպատակահարմարությամբ ձևավորված պետական կառավարման մարմինները, որոնք անկախ քաղաքական իշխանության փոփոխության, պետք է իրենց գործառույթներն իրականացնեն անկախ և ոչ՝ ըստ քաղաքական շահերի։ Սա այն հարցն է, հիմնական խնդիրը, որն առաջիկայում կդառնա քննարկման առարկա»։

Արթուր Սաքունցն օրինակ բերեց՝ ԿԸՀ կազմի ձևավորման հարցում, ԱԺ-ն, որը քաղաքական մարմին է, որևէ մասնակցություն չպետք է ունենա։ Ըստ նրա՝ այս խնդիրները պետք է հանվեն քաղաքական մեծամասնության տիրույթից՝ հանձին ԱԺ-ի և հանձնվեն ՀՀ նախագահին։ Նույնը ԿԲ նախագահի հարցն է։ Արթուր Սաքունցն ասաց․ «Կառավարման համակարգի անունը մնում է խորհրդարանական, այն վերաբերում է միայն գործադիր իշխանության ղեկավարին, բայց նույն լիազորությունների շրջանակը չպետք է ունենա, այլ այստեղ կարևորվում է ՀՀ նախագահի կարգավիճակի ու դերի հստակեցումը, որպեսզի պետական, սահմանադրական մարմիններն՝ անկախ քաղաքական իշխանության փոփոխության, ցնցումների և քաղաքական շահերի տեսակետից փոփոխությունների չենթարկվեն»։

Ըստ Արթուր Սաքունցի՝ նոր Սահմանադրության մասին պետք է խոսքը լինի։ Նա նշեց, որ խորհրդում ներկայացված են ամենատարբեր տեսակետներ ու շահեր ունեցողներ։ Ու ասաց․ «Սա և´լավ է, և´ վատ։ Մենք դեռ 2015-ին քաղհասարակության կողմից տվել ենք գնահատական, թե ինչպիսին չպետք է լինի Սահմանադրությունը։ Ցավոք, ինչպես 2018-ից առաջ, այնպես էլ հետո իշխանությունը չգիտակցեց Սահմանադրության դերը։ Ժողովուրդը հեղափոխություն արեց, փոխեց, բայց այս Սահմանադրության տրամաբանությունը հենց միակուսակցական կառավարումն է։ Մենք միշտ ասել ենք, որ այս Սահմանադրությունը ոչ թե ճգնաժամեր լուծող, այլ հարուցող Սահմանադրություն է։ Խնդիրն այն է, բացահայտ խնդիրների շուրջ չկա համաձայնություն, քանի որ խորհրդի անդամների դիրքորոշումները տարբեր են։ Ենթադրյալ հայեցակարգը, որ պետք է ներկայացվի, վերջնական չի լինելու։ Բովանդակային խնդիրների շուրջ տեսակետների առճակատումները դեռ առջևում են։ Ինչքան էլ հետաձգվի հանգուցային նշանակություն ունեցող խնդիրների, մոտեցումների հստակեցման ժամանակը, այնուամենայնիվ, ինչ-որ պահի գալու ենք ճակատագրական պահին, երբ հստակ պետք է դիրքորոշում ներկայացվի։ 30 տարին բավարար ժամանակ էր համոզվելու, թե ինչպիսի Սահմանադրություն չունենալ։ Թե ինչպիսի Սահմանադրություն պիտի ունենալ, այ, սրա վերաբերյալ է, որ դիրքորոշումներ դեռ առաջիկայում կլինեն»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031