Կառավարության որոշմամբ առաջարկվում է 25 սուբվենցիոն ծրագրերի համաֆինանսավորման համար հանրապետության 8 մարզի 16 բնակավայրերին վճարել 1 մլրդ 272 մլն դրամ: Այս մասին այսօր ՀՀ կառավարության նիստում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:
Կառավարությունն այս որոշմամբ փոփոխություն կատարեց 2022 թվականի պետական բյուջեի մասին օրենքում և սուբվենցիոն ծրագրերի կատարման համար գումար հատկացրեց Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի մարզպետարաններին:
«Բաշխվածությունն ըստ մարզերի հետևյալ պատկերն ունի. Արագածոտնի մարզի երկու ծրագրին կհատկացվի 72 մլն դրամ, Արարատի մարզում 126 մլն դրամով կիրականացվի մեկ ծրագիր, Արմավիրի մարզում 4 ծրագիր կիրականացվի՝ 66 մլն դրամով, Գեղարքունիքում 95 մլն դրամով կիրականացվի 3 ծրագիր, 737 մլն դրամ կհատկացվի Կոտայքի մարզի 10 ծրագրի համար, Շիրակում և Սյունիքում կիրականացվեն մեկական ծրագրեր, համապատասխանաբար՝ 32 մլն և 38 մլն դրամով և Վայոց Ձորին 3 ծրագիր իրականացնելու համար պետությունը բյուջեից կհամաֆինանսավորի 103 մլն դրամով»,- մանրամասնեց Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով, կառավարության մասնաբաժինը համայնքների կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրերում կլինի 14.5 մլրդ դրամ, իսկ համայնքներինը՝ մոտ 13 մլրդ դրամ և հավաստիացրեց, որ ավարտվում են տարվա ծրագրերի իրականացումը, այդ պատճառով էլ ամեն շաբաթ շինարարներին վճարելու կարիք է առաջանում:
Կարդացեք նաև
Նիկոլ Փաշինյանն էլ ավանդույթի համաձայն մանրամասնեց նախարարի զեկույցը և թվարկեց կատարված ծրագրերը:
Մանրամասները՝ տեսանյութում
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ