Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Սարգսյան. Պետությունը փորձում է համաչափ բարձրացնել աշխատավարձերը, ամեն ինչ իր տրամաբանությունն ունի. «Հրապարակ»

Դեկտեմբեր 08,2022 12:09

Այս շաբաթ ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձի բարձրացման մասին օրինագիծ։ Այն զեկուցում էր աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը։ Համաձայն այդ նախագծի՝ 2023 թվականից նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամի փոխարեն կդառնա 75 հազար։ Սարգսյանին հիշեցրինք, որ ընդդիմությունն առաջարկում էր նվազագույն աշխատավարձը 100 հազար դրամ դարձնել, որին դեմ էր իշխող մեծամասնությունը, հետո իջեցրին շեմը՝ 86 հազար, որը դարձյալ մերժվեց։ Ինչո՞ւ որոշվեց 75 հազար դարձնել, ո՞րն է հիմնավորումը։

«Հաշվի առնելով երկրի սոցիալ-տնտեսական վիճակը, նաեւ մակրոտնտեսական ցուցանիշները, ու էդ ամբողջը համադրելով, վերլուծելով եւ մոդելավորելով՝ հաշվարկել ենք 75 հազար դրամ»,- ասաց փոխնախարարը` նշելով, որ սա պետբյուջեի բեռը կավելացնի մոտ 15 մլրդ դրամով։ Մեկ այլ նախագծով էլ առաջարկվում է ավելացնել բազային աշխատավարձի չափը, որի հիման վրա, ըստ գործակիցների, հաշվարկվում են պետական պաշտոնյաների աշխատավարձերը։ Այսինքն՝ բոլոր պետական պաշտոնյաների աշխատավարձը եւս կբարձրանա, այն էլ՝ էականորեն։

Երբ քաղաքացին տեսնում է, որ իր աշխատավարձն ու թոշակը բարձրանում են ընդամենը մի քանի հազարով, իսկ պետական բարձրաստիճան պաշտոնյայինը՝ հարյուր հազարներով, նրա մոտ անարդարության զգացում է առաջանում։

– Տեսեք, մի թոշակի բարձրացումը՝ 3 հազար դրամը, եթե բազմապատկենք 500 հազար շահառուով, միլիարդներ է ստացվում։ Բնական է՝ այս մի քայլով չի սահմանափակվում, նախատեսվում են փուլային բարձրացումներ։ Ինչ վերաբերում է պետական պաշտոնյաների աշխատավարձի բարձրացմանը, ապա լուրջ փոփոխություն չի նախատեսվում, այսինքն՝ նույն տրամաբանական չափերի մեջ է։

Այդ հաշվարկը կարող են անել տնտեսագետները՝ 3 հազարը բազմապատկեն թոշակառուների քանակով ու ասեն՝ մեծ բեռ է ավելանում բյուջեի վրա, թոշակառուն նայում է իր թոշակի չափին ու հասկանում, որ այն ավելացել է ընդամենը 3 հազարով, իսկ պաշտոնյաների 800 հազարը դարձել է 1 մլն։

– Եկեք էսպես նայենք․ իրականում բոլորը համաչափ, տրամաբանորեն բարձրացվում են՝ ելնելով իրավիճակից, գնահատելով սոցիալ-տնտեսական վիճակը եւ այլն։ Թոշակն էլ նախատեսված է, որ բարձրացնեն էն մակարդակի, որ ապահովի նվազագույն սպառողական զամբյուղն ու այլ հիմնական պահանջմունքները։

Հիմա ինչպե՞ս է 3 հազար դրամ ավելացած թոշակն ապահովելու մարդկանց նվազագույն սպառողական զամբյուղը՝ այս գնաճի ֆոնին։

– Դրա համար ի սկզբանե ասացի, որ փուլային է էս ամեն ինչը տեղի ունենալու, նույն թոշակների դեպքում էլի բարձրացում է նախատեսվում։ Քննարկում ենք, թե որ փուլում որքան է բարձրանալու, եւ ում մոտ՝ ըստ առաջնահերթության։

– Իսկ ի՞նչ անեն այն քաղաքացիները, ովքեր նվազագույն աշխատավարձի կամ թոշակի մեկ աղբյուր ունեն, տանն էլ, օրինակ, հիվանդ մարդ կա, ու պետք է այդ գումարով նրան խնամեն, իսկ պետությունն էլ սոցիալական երաշխիքներ չի ապահովում, ինչպես ապահովում է պաշտոնյաների համար։

– Եկեք «չի ապահովում» բառը չօգտագործենք, հա՝ կարող է մի քիչ նվազ կամ մի քիչ շատի տարբերություն լինել, բայց, բոլոր դեպքերում, պետությունը փորձում է համաչափ բարձրացնել, ամեն ինչ իր տրամաբանությունն ունի։ Բնական է՝ ոչ մեկը չի անտեսում, չկա էդպիսի մոտեցում, որ էս մի թիրախը մեզ համար առաջնային է, էն մյուսը՝ երկրորդական։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031