Լրահոս
Օրվա լրահոսը

Սեւանը «ծաղկումից» մաքրելու խնդրի լուծումը գտնված է։ Երբ լուծումը կա, այն չկիրառելը արդարացում չի ունենա. «Հայաստանի Հանրապետություն»

Դեկտեմբեր 08,2022 10:57

Սևանա լիճը ճահճացումից փրկելու ձեւը գտնված է. նորարարությունը հայ գիտնականները կփորձարկեն հաջորդ տարի։ Այս մասին հայտնեցինք 2021 թ.։ 2022-ին կարող ենք հավելել. նորարարությունը փորձարկվել եւ արդյունք տվել է։

Եթե ավելի պարզ, ապա՝ հայ գիտնականները ազգային հարստություն համարվող Սեւանա լիճը ճահճացումից փրկելու դեղատոմս էին առաջարկել։

Դեռ նախորդ տարի մեզ հետ զրույցում ԳԱԱ հիդրոէկոլոգիայի եւ ձկնաբանության ինստիտուտի տնօրեն Էվելինա Ղուկասյանը պարզաբանեց, որ Գիտության պետական կոմիտեի կողմից իրենք նպատակային ֆինանսավորում են ստացել Սեւանա լճի ծաղկման երեւույթների դեմ պայքարելու մեխանիզմներ մշակելու համար։ Աշխատանքներն իրականացվել են մի քանի ուղղությամբ։ Նպատակն էր ստանալ մի սարք, որի օգտագործան դեպքում հնարավոր կլիներ Սեւանա լիճը մաքրել կապտականաչ ջրիմուռներից։

Տեղեկացնենք, որ նախագիծը ստանալու ընթացքում խնդիրներ են ծագել. բարձր գին են առաջարկել այն կազմելու համար։ Գիտնականները ստիպված դիմել են Ռուսաստանի գործընկերներին։ Ի դեպ, «ծաղկումից» մաքրման ճապոնական արդյունավետ սարքեր կան, որոնք, բնականաբար, իրենց նյութերի հիմամբ են աշխատում։ Սակայն  մեր ադսորբենտները ոչնչով չեն զիջում։ Ինչեւէ, մեր սարքի համար օգտվեցինք հենց մեր ադսորբենտներից։ Դրանք արհեստական ծագում չունեն, բնական են։

Հիմա արդեն կարող ենք փաստել՝ ցիանոբակտերիաներից ջուրը մաքրող սարքի փորձարկումը Սեւանա լճում դրական արդյունք է տվել։ Ջրի «ծաղկումը» ջրային էկոհամակարգերում կենսածին տարրերի առատության եւ նպաստավոր ջերմաստիճանային պայմաններում պլանկտոնային ջրիմուռների բուռն աճն է, ինչի հետեւանքով ջրի որակը վատանում է։ Խնդիրն առավել բարդանում է, երբ «ծաղկումը» կապտականաչ ջրիմուռները՝ ցիանոբակտերիաներն են առաջացնում։ Որովհետեւ սրանք ջրային միջավայր են արտանետում թունավոր նյութեր՝ սպառնալով թե՛ մարդու, թե՛ կենդանիների առողջությանը: Ջրիմուռների քայքայման ընթացքում թթվածնային պայմանները վատանում են եւ, հասկանալի է, խախտվում է էկոհամակարգի բնական վիճակը: 2018-ից լճում ջրիմուռների բուռն աճ եղավ. լիճը «ծաղկեց» Anabaena ցեղի կապտականաչ ջրիմուռներով:

«Ծաղկման» երեւույթների դեմ պայքարելու նպատակով ՀՀ ԿԳՄՍ նախարարության գիտության պետական կոմիտեի աջակցությամբ 2020-ից սկսվել են «Սեւանա լճի էվտրոֆացման մեխանիզմների հետազոտում, «ծաղկման»  երեւույթների բացահայտում եւ վերջինիս դեմ պայքարի մեթոդների մշակում» նպատակային ծրագրի աշխատանքները, որոնց մասնակցում են վերոհիշյալ գիտական կենտրոնի, ինստիտուտի եւ ընկերության աշխատակիցները։ Ծրագրի գիտական ղեկավարն է կենսաբանական գիտությունների դոկտոր Բարդուխ Գաբրիելյանը, որը  ԳԱԱ Սեւանա լճի պահպանության փորձագիտական հանձնաժողովի նախագահն է։

«Կարո՞ղ ենք ասել, որ գոնե այս՝ Սեւանը «ծաղկումից» փրկելու խնդրի լուծումը գտնված է». երեկ մեր այս հարցին ի պատասխան Բարդուխ Գաբրիելյանը պարզաբանեց, որ խնդրի լուծումը գտնված է, բայց խնդիրը լուծված չէ, որովհետեւ «այո՛, սարքը փորձարկել ենք, այո՛, աշխատում է, գործում է, այո՛, արդյունավետ է գործում, բայց այն ընդամենը նմուշ է, փորձարարական մոդել, իրական արդյունքի, այսինքն՝ խնդիրը լուծելու համար պետք է մտնի արտադրական փուլ։ Հասկանալի է՝ մենք ամեն կերպ կաջակցենք արտադրողին, բայց արտադրողը մենք չենք, մենք սարքը ստեղծողն ու փորձարկողն ենք, եւ մեր աշխատանքն արդյունք տվել է»։ Որպեսզի փորձարարական նմուշը նմուշ չմնա, անհրաժեշտ է գումար։ Սեւանը փրկելու համար կտա՞ պետությունը այդ գումարը, ընթացքը ցույց կտա։

Գիտնականների խումբը Սեւանա լճում փորձարկել է ջուրը կապտականաչ ջրիմուռներից՝ ցիանոբակտերիաներից մաքրող մոդելային սարքը:

Միով բանիվ՝ Սեւանը «ծաղկումից» մաքրելու խնդրի լուծումը գտնված է։ Երբ լուծումը կա, այն չկիրառելը արդարացում չի ունենա։

Արմենուհի ՄԵԼՔՈՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031