Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ-ի նախագծով արգելվում է ատել թշնամուն եւ խտրական վերաբերմունք դրսեւորել. «Հրապարակ».

Դեկտեմբեր 08,2022 11:09

Ազգային ժողովի Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի չորս ՔՊ-ական պատգամավոր՝ Անդրանիկ Քոչարյանը, Քրիստինե Պողոսյանը, Արմեն Խաչատրյանն ու Վիլեն Գաբրիելյանը, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին խնդրել են՝ օրենքով սահմանված կարգով շրջանառության մեջ դնել իրենց հեղինակած «Ռազմամարզական գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին նախագծերի փաթեթը։

Որպես հիմնական զեկուցող՝ հանդես է գալիս «Նավակ ճոճողը»՝ Վիլեն Գաբրիելյանը։

Օրինագծի հեղինակները նախ որոշել են, որ օրենքի չորրորդ գլխում պետք է ստեղծվի ռազմամարզական կազմակերպությունների միություն․ «Ռազմամարզական կազմակերպությունների միությունը սույն օրենքի ուժով ստեղծված հասարակական կազմակերպություն է, որին օրենքի ուժի մեջ մտնելու պահին անդամակցում է փաստացի ռազմամարզական գործունեություն իրականացնող առնվազն երեք հասարակական կազմակերպություն, եւ որը ծավալում է շուրջ ութամսյա գործունեություն»: Եվ այս միության կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհուրդը։

Ընդ որում, Հայաստանում կարող է լինել մեկ ռազմամարզական կազմակերպությունների միություն, այսինքն՝ այս միությունը մոնոպոլ դիրք է ունենալու։

Բայց ավելի ուշագրավ են ռազմամարզական կազմակերպության անդամին վերագրվող պարտականություններն ու արգելող կետերը։ Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանվում է.
Ռազմամարզական կազմակերպության անդամին արգելվում է՝
1) ռազմամարզական կազմակերպության ներսում զբաղվել որեւէ կուսակցության քարոզչությամբ կամ հակաքարոզչությամբ
2) հրապարակայնորեն կամ ռազմամարզական կազմակերպության ներսում արտահայտել կամ տարածել ատելության կամ ռասայական խտրականության խոսք կամ վերաբերմունք:
Սա ոչ այլ ինչ է, քան թշնամուն ուղղված բացասական դրսեւորումները՝ ատելությունը, մերժումը, վրեժի զգացումն, արգելելու փորձ։ ՔՊ-ականներն այս «անմեղ» պահանջով փաստացի արգելում են ռազմամարզական կազմակերպության անդամներին որեւէ թթու խոսք ասել, ատելության, թշնամանքի որեւէ արտահայտմամբ հանդես գալ հայ ժողովրդի թշնամիների, մասնավորապես՝ ադրբեջանցիների, թուրքերի դեմ։

Այսինքն՝ կազմակերպությունը ստեղծվում է հենց թշնամուն ոչնչացնելու, նրանից պաշտպանվելու, նրան հաղթելու գաղափարական հենքի վրա, մինչդեռ այդ կազմակերպության անդամներին, ըստ էության, պարտադրում են «սիրել թշնամուն»։ Ասել կուզի՝ որեւէ հակաադրբեջանական, հակաթուրքական քարոզ չանել այդ կազմակերպության հավաքների ժամանակ։

Սա նշանակում է, որ ռազմամարզական կազմակերպության անդամներին սովորեցնելու են՝ ինչպես օգտվել զենքից, որը, բնականաբար, թշնամու դեմ կիրառելու համար է, ո՛չ յուրայինի, բայց արգելելու են այդ զենքով կրակել թշնամու վրա։

Վահե ՄԱԿԱՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031