Կաթվածը մահվան ամենատարածված պատճառներից մեկն է ամբողջ աշխարհում, որը հիմնականում 2 տեսակի է լինում՝ իշեմիկ և հեմոռագիկ։
Իշեմիկ կաթվածն առաջանում է արյան մատակարարման անհնարինության պատճառով, իսկ հեմոռագիկը՝ ներուղեղային արյունազեղման հետևանքով․ վերջինս ավելի ծանր կամ անդառնալի ընթացք կարող է ունենալ։
Այս հիվանդությունը թեև չենք կարող 100 տոկոսով կանխել, բայց կարող ենք ամեն օր իրականացնել մի քանի պարզ քայլեր, որոնք կնվազեցնեն ոչ միայն կաթվածի վտանգը, այլև նշանակալիորեն կբարելավեն մեր կյանքի որակը։
1. Զարկերակային ճնշման հսկում ամեն օր
Կարդացեք նաև
Այս դեպքում տարիքը կապ չունի, քանի որ մեր օրերում անգամ երիտասարդներն են բախվում զարկերակային բարձր ճնշման զարգացման ու կաթվածի առաջացման խնդրին։ Իսկ զարկերակային բարձր ճնշումը կաթվածի ռիսկի գլխավոր գործոններից է համարվում, որը, բացասաբար անդրադառնալով սիրտի ու անոթների վիճակի վրա, կարող է հանգեցնել անցանկալի հետևանքների։
2. Արյան մեջ շաքարի մակարդակի ստուգում
Կաթվածի զարգացման գործոններից մեկն էլ շաքարային դիաբետն է։ Ինսուլինի արտադրության նվազումն ազդում է ինչպես արյունատար անոթների, այնպես էլ ողջ օրգանիզմի առողջության վրա։ Ահա թե ինչու է անհրաժեշտ պարբերաբար հսկել արյան մեջ շաքարի մակարդակն ու կանխարգելիչ քայլեր իրականացնել այն նորմայի մեջ պահելու համար։
3. Խոլեսթերինի մակարդակի նվազեցում
Խոլեսթերինի բարձր մակարդակը կարող է բերել տարբեր հիվանդությունների, այդ թվում՝ կաթվածի զարգացման։ Խոլեսթերինի բարձրացման դեպքում անոթների պատերը կորցնում են իրենց ճկունությունը, իսկ զարկերակների ներսում ձևավորվում են աթերոսկլերոտիկ վահանիկներ՝ նեղացնելով զարկերակներն ու խանգարելով արյան շրջանառությունը։
Արյան մեջ խոլեսթեինի մակարդակը նվազեցնող հատկությամբ են առանձնանում հետևյալ մթերքները՝
- նուռ,
- սոխ,
- ձիթայուղ,
- արտիճուկ,
- սպիտակ թեյ,
- կտավատի սերմեր,
- ընդեղեն։
4. Ֆիզիկական ակտիվության պահպանում
Ֆիզիկական չափավոր ակտիվությունը կաթվածի կանխարգելմանը նպաստող քայլերից մեկն է։ Այն անհրաժեշտ է օրգանիզմը թթվածնող հագեցնելու, անոթներն ավելի ճկուն դարձնելու, սիրտն ամրացնելու, արյան շրջանառությունը խթանելու և ուղեղը սնուցելու համար։ Օրական կես ժամ քայլելուն ու 20 րոպե մարմնամարզությանը նվիրելով՝ նշանակալիորեն կբարելավեք օրգանիզմի վիճակը՝ ոչ մեծ ջանքեր կիրառելով։
5. Կիտրոնով գոլ ջուր՝ օրգանիզմի մաքրման համար
Քաշի վերահսկումն ու օրգանիզմը տարատեսակ տոքսիններից մաքրելը նույնպես կաթվածի կանխարգելման պայմաններից մեկն է։ Ամեն օր սոված փորին կիտրոնով գոլ ջրի ընդունումը
- լավացնում է արյան շրջանառությունը,
- մաքրում է օրգանիզմը թունավոր նյութերից,
- հոգում է սրտի և լյարդի առողջության մասին,
- կարգավորում արյան մեջ խոլեսթերինի մակարդակը
- ամրացնում է իմունիտետը։
6. Գտնել հոբբի և հրաժարվել ծխելուց
Ծխելը մեծացնում է կաթվածի զարգացման վտանգը, սակայն շատերի համար այնքան էլ հեշտ չէ այդ սովորությունից հրաժարվելը։ Նոր հետաքրքրությունը կարող է մի փոքր շեղել ծխելու ցանկությունից։ Երբեք ուշ չէ նկարել սկսել, պարել կամ նամականիշներ հավաքել․ այս դեպքում երևակայությունը սահմաններ չունի։
7. Հիշել օրգանիզմի կողմից տրվող տագնապի ազդանշանները, որոնք կարող են հուշել կաթվածի զարգացման վտանգի մասին
Շատ կարևոր է տարբերակել կաթվածի ախտանշանները, քանի որ այդ գիտելիքները ոչ միայն կարող են օգտակար լինել ձեզ համար, այլև նպաստել այլ մարդկանց կյանքերը փրկելուն։
Միջազգային մի շարք ասոցիացիաների և հայտնի կլինիկաների կողմից առաջարկվել է օգտագործել FAST մնեմոնիկը, որը կօգնի արագ կողմնորոշվել և ճիշտ գործել նման իրավիճակներում։
Facial droop – դեմքի կախվածություն,
Arm weakness – ձեռքի թուլություն,
Speech difficulty – խոսելու դժվարություն,
Time to call emergency – ժամանակն է կանչել շտապ օգնություն։
Կաթվածի զարգացման վտանգի մասին կարող է հուշել նաև մարդու մոտ քնելու հանկարծակի ցանկության առաջացումն ու ուժեղ գլխացավը, որն ուղեկցվում է փսխումով։
8․ Չմոռանալ փոքրիկ ուրախությունների մասին, չէ՞ որ ամենօրյա դրական լիցքերն էլ հենց առողջության հենասյունն են։
Պատրաստեց՝ Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ