Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Մետաքսե Հակոբյան․ «Այսօր որևէ մեկը չի կարող տալ այդ երաշխիքները, նույնիսկ մեր դաշնակից Ռուսաստանը, որն իրոք անհնարինն է անում»․ «Փաստ»

Դեկտեմբեր 08,2022 09:00

Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը նշեց, որ երբևէ երաշխիքներ չեն եղել, որ Ադրբեջանը առաջին իսկ հնարավորության դեպքում, մեղմ ասած, սադրանքների չի գնա: «Բայց մինչև 2018 թվականը թե՛ ԱՀ, թե՛ ՀՀ իշխանությունները կարողացել են դիմակայել՝ բանակցային գործընթացում լինելով հայամետ, ուժեղ, ճկուն: 2018-ից հետո իրավիճակը փոխվեց: Նաև առաջ քաշվեց մի թեզ, ինչի հետևանքով առ այսօր դուրս չենք գալիս արհավիրքներից: Խոսքն այն մտքի մասին է, ըստ որի, «պետք է կայացվի այնպիսի որոշում, որն ընդունելի կլինի և՛ Ադրբեջանի, և՛ Արցախի ժողովուրդների համար»: Մեր դժբախտությունների շարանը սկսվեց այնտեղից, երբ որոշեցինք ունենալ թշնամու շահերը սպասարկող իշխանություններ, ինչը, մեծ հաշվով, չէին թաքցնում նման հայտարարություններով: Այսինքն, այսօր որքան էլ աշխարհեաշխարհ ման գանք, լինի Արևմուտք, թե այլ որևէ երկիր, միամտություն կլինի անվտանգային երաշխիքներ ակնկալելը. երբ կեցությունդ, ապագադ անվտանգային երաշխիքի հիմքի վրա ես դնում, լավագույն դեպքում գաղութի կարգավիճակ ես ունենալու: Հիմքը պետք է ինքնորոշման իրավունքի իրացման վրա լինի: Այդ՝ արդեն իսկ առկա փաստի վրա չպետք է ստվեր գցվի ու մոռացվի այնպես, ինչպես հիմա է արվում Հայաստանի իշխանությունների կողմից»,-ասաց պատգամավորը՝ շեշտելով, որ ՀՀ իշխանությունները միջազգային հանրության առջև ու բանակցային սեղանին հենց այդ մոտեցումներով են հանդես գալիս:

«Այս դեպքում արդեն անվտանգության երաշխիքներ փնտրելը շոու է: Այսօր որևէ մեկը չի կարող տալ այդ երաշխիքները, նույնիսկ մեր դաշնակից Ռուսաստանը, որն իրոք անհնարինն է անում: Անհնարինը շատ դեպքերում հնարավոր է դարձնում այնքանով, որ մենք այսօր քիչ թե շատ փխրուն խաղաղության պայմաններում կարողանում ենք ապրել փոքրիկ Արցախում: Մնացած երկրներից գործուն քայլեր չենք տեսել: Քիչ թե շատ այդ առումով ակտիվ է Ֆրանսիան, որը գոնե դատապարտելու քաջություն է ունենում՝ ճիշտ ու տեղին բնորոշումներ տալով իրավիճակին: Երբ դեկտեմբերի 3-ին Հայաստանն Արցախի հետ կապող ճանապարհը փակվեց, ասացինք, որ դա դեռևս նախերգանքն է, որ Ադրբեջանը դեռևս փորձարկում է անում, չափում է տված արդյունքը՝ հասկանալու, թե մինչև ուր կարող է գնալ հետագայում ավելի մեծ գործողություն անելու համար: Մարտին հայտարարեցինք, որ փական են դրել Արցախ մատակարարվող գազի խողովակների վրա: Հետո գազը բաց թողեցին, բայց նորից փակեցին՝ այդ անգամ ավելի դաժան ձևով: Այսինքն, ավելի մեծ թափով գործողության պետք է սպասել, եթե, իհարկե, մինչ այդ չպարզվի, որ նորից բանավոր պայմանավորվածություններ են եղել, Նիկոլ Փաշինյանն էլ դրանց արդյունքում կհայտարարի, թե «ստիպված է գնալ զիջումների ավելի կարևոր բաներ փրկելու համար»: Օրինակ՝ համաձայնության գան, որ այդ ճանապարհին պետք է վերահսկիչ կետ լինի, ինչն իրականում վերջը կլինի. այն կարող է խուճապի, արտագաղթի ու կամաց-կամաց հայաթափման պատճառ դառնալ, որի արդյունքում Ադրբեջանը բոլոր հարցերը հօգուտ իրեն կլուծի»,-եզրափակեց Մ. Հակոբյանը:

ԱՆՆԱ ԲԱԴԱԼՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031