Դեկտեմբերի 6-ին և 7-ին Երևանի մետրոպոլիտենում «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի պատվիրակությունները մասնակցել են Հանրային հեռուստաընկերության կազմակերպած մշակութային ծրագրին։
Հանրապետության հրապարակից մետրոյի կախարդական գնացքը մասնակիցներին տեղափոխել է 4 հեքիաթային կայարաններ, որտեղ երեխաները ծանոթացել են Հայաստանի մշակութային ժառանգությանը, խոհանոցին, ազգային պարերին ու խաղերին և մասնակցել հայկական մեծ խնջույքի:
Խաղերի կայարանում մասնակիցները փորձել են պտտել այս տարվա «Մանկական Եվրատեսիլի» խորհրդանիշ հոլը, ինչպես նաև վայելել Հայաստանին հաղթանակ բերած Մալենայի «Քամի-քամի» կատարումը։
Քաղցրավենիքի կայարանում երեխաներին դիմավորել են Հրաշագործն ու Խոհարարը, միասին տորթ թխել, համտեսել հրուշակեղեն։
Կարդացեք նաև
Հաջորդ կայարանը մշակութային էր։ Այստեղ մասնակիցներին սպասում էին «Շնչող արվեստի» կենդանի կտավները։ Երեխաների աչքի առաջ կենդանացել են Մինաս Ավետիսյանի «Ջաջուռ» (1960 թ.), Հակոբ Հակոբյանի «Հայելիով կինը» (1969 թ.) և Ժան Գառզուի «Ալ սենյակ» (1974 թ.) կտավները:
Իսկ վերջին կայարանում արդեն կախարդական գնացքի ուղևորներին սպասվում էր հայկական մեծ խնջույք։ Երեխաները կենաց ծառին կապել են երազանքների թելերը, համտեսել ղափամա և լուսանկարվել հայկական ազգային տարազներով։
Մշակութային ծրագրի նպատակն է ներկայացնել հյուրընկալ երկրի ժառանգությունը, պատմությունն ու ներուժը՝ բարձրացնելով զբոսաշրջային գրավչությունը։ Մետրոպոլիտենում անցկացված յուրօրինակ ծրագիրը շուտով վերածվելու է ֆիլմի։
Հանրային հեռուստատեսություն