Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԴ դատավորի տարբեր գործերով «Հատուկ կարծիքները» բովանդակային առումով նույնն են

Դեկտեմբեր 08,2022 14:00

Մի՞թե ձեզ չի անհանգստացնում, երբ ՍԴ դատավորը պարբերաբար գրում է. «ՍԴ-ն իրավասու չէր սույն գործով որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից»

Այս տարվա հունվարի 18-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը Սահմանադրական դատարանի դատավորները հայտնել են 39 հատուկ կարծիք, որից 29-ը՝ դատավոր Ե. Խունդկարյանը: Սահմանադրական դատարանի հերթական երկու որոշումները կարդալիս, տեղեկացա, որ դեկտեմբերի 2-ին գրավոր ընթացակարգով լսված եւ ավարտված գործերով հատուկ կարծիքներ է հայտնել ՍԴ դատավոր Ե. Խունդկարյանը: Դրանք էին «Հայաստանի Հանրապետության եւ Ասիական զարգացման բանկի միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված «Հարկաբյուջետային կայունության եւ ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր» վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների` Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ», եւ՝ «Հայաստանի Հանրապետության եւ Զարգացման ֆրանսիական գործակալության միջեւ 2022 թվականի նոյեմբերի 17-ին ստորագրված թիվ CAM 1016 01 վարկային համաձայնագրում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերը:

Դեռ անցյալ տարի նկատեցինք, որ ՍԴ հիշյալ դատավորն ամենաշատն էր հանդես եկել Հատուկ կարծիքով: Սակայն այս անգամ չեմ կարող հարցին չնայել այլ տեսանկյունից: Թվում էր իմ մի հրապարակումից հետո ուշադրություն կդարձվի («Խայտառակություն է՝ Հատուկ կարծիքներն անհետեւանք թողնելը, անտեսելը», «Առավոտ», 2022թ. մայիսի 16) դատավորների հատուկ կարծիքներին, սակայն դատելով նույնաբովանդակ հարցադրումների կրկնությունից, հասկանում եմ, որ ՍԴ-ում քարի դար է:

ՍԴ նշյալ դատավորի՝ տարբեր գործերով հայտնած հատուկ կարծիքները կողք կողքի դնելով՝ արտառոց պատկերի եմ հանդիպում, նա բարձրացնում է մի հարց, որն առնչվում է դիմումի լեգիտիմ լինելուն, ՍԴ-ում առկա տեխնիկական միջոցների բացակայությանը: Որ գործը ցանկանում եք վերցրեք, այս դատավորի հատուկ կարծիքը սկսվում է. «Այդ որոշման իմ անհամաձայնության հիմքում ընկած է թույլատրելի եղանակով ներկայացված, «ՍԴ մասին» օրենքով դիմումին ներկայացվող պահանջներին բավարարող դիմումի բացակայությունը, որպիսի պայմաններում կարծում եմ, որ Սահմանադրական դատարանն իրավասու չէր սույն գործով ըստ էության որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից»:

Կամ՝ «Թղթային տարբերակով դիմումի վրա բացակայել է դիմողի ստորագրությունը: Դիմումը դատարան է հասել կառավարության Mulberry էլեկտրոնային փաստաթղթաշարժի եղանակով, այն դեպքում, երբ Սահմանադրական դատարանում առկա չէ համապատասխան տեխնիկական հնարավորությունների մասին ՍԴ համապատասխան իրավական ակտ, որով հաստատվեր, որ ՍԴ-ում ընդունելի են Mulberry էլեկտրոնային համակարգով դիմումների ներկայացումը»: Գրեթե բոլոր նշածս գործերով այս պարբերությունը կա. «Պետական մարմիններն էլեկտրոնային թվային ստորագրության կիրառմամբ ֆիզիկական եւ իրավաբանական անձանց «Ինտերնետ» ցանցով էլեկտրոնային ծառայությունների մատուցման հասանելիություն ապահովելու նպատակով մինչեւ 2017 թվականի հոկտեմբերի 1-ը պետք է իրենց տեղեկատվական համակարգերում ներդնեն եւ համապատասխան պայմանագրեր կնքեն N 2 հավելվածով սահմանված բջջային էլեկտրոնային թվային ստորագրության օպերատորների հետ՝ ֆինանսական միջոցների բացակայության դեպքում, ըստ անհրաժեշտության, մինչեւ 2017 թվականի օգոստոսի 1-ը մանրամասն հաշվարկներով հիմնավորված ֆինանսավորման հայտ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարություն։ Ներկայացված հայտը պետք է ներառի առաջարկություն՝ անհրաժեշտ ծախսերը Հայաստանի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեով համապատասխան մարմնին հատկացված ընդհանուր միջոցների հաշվին իրականացնելու վերաբերյալ կամ նշում դրա անհնարինության մասին: Կարծում եմ, որ ներկայացված դիմումը պետք է համարվեր իրավասու անձի կողմից չստորագրված»:

Նա գրում է. «ՍԴ-ն իրավասու չէր սույն գործով որոշում ընդունել՝ անկախ այդ որոշման բովանդակությունից: Իրավասու անձը դիմումը կարող էր ՍԴ ուղարկել էլեկտրոնային եղանակով, եթե ՍԴ-ում առկա լինեին էլեկտրոնային-տեխնիկական հնարավորություններ: Դրա մասին պետք է հավաստվի ՍԴ համապատասխան իրավական ակտով: ՍԴ դիմող սուբյեկտների համար պետք է հասանելի լինի ՍԴ իրավական այն ակտը, որով ճշտված լինի, թե դիմումները էլեկտրոնային ո՞ր հարթակով են ընդունվում ՍԴ-ում»:

Գրեթե բոլոր 29 գործերով դատավորը գրել է. «Սահմանադրական դատարանում համապատասխան տեխնիկական հնարավորությունների առկայության դեպքում էլեկտրոնային եղանակով դիմումներ ներկայացնելու հնարավորությունը պետք է ապահովվի Սահմանադրական դատարան դիմելու իրավունք ունեցող բոլոր անձանց համար»:

Վերցրեք մեկ ուրիշ հատուկ կարծիք, միայն նշեք օրվա ժամանակացույցով լսվածը, եւ համեմատեք, եթե մի տառ, մի բառ տարբեր է, ապա կասեմ՝ կարդացածս այլ դատավորի հատուկ կարծիք է: Ի վերջո, Խունդկարյանը ում համբերությունն է փորձում, նրա հարցադրումները ճի՞շտ են, թե՝ ոչ:

Ո՞վ է ունակ պարզաբանելու:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031