Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու է աշխարհի հայությունն այսքան հանգիստ

Դեկտեմբեր 08,2022 13:30

Սովորաբար հանգիստ է տիրում այն տեղերում, որտեղ իրավիճակը լարված չէ ու խաղաղ է, իսկ այնտեղ, որտեղ իրավիճակը անկայուն է ու լարված, այդտեղ հանգիստ լինել չի կարող: Եթե դիտարկենք Հայաստանում եւ Արցախում իրավիճակը հատկապես 2020թ. արցախյան 44-օրյա պատերազմի սկզբից մինչեւ մեր օրերն ընկած ժամանակահատվածը, ապա պարզորոշ ականատես եղանք տարաբնույթ աներեւակայելի լարված իրավիճակների, որոնց ընթացքում եւ դրանից հետո այդ ամենին զուգահեռ տվեցինք նաեւ հազարավոր զոհեր, վիրավորներ, անհետ կորածներ եւ գերիներ: Չհաշված 44 օրերի պատերազմական լարված իրավիճակը, դրանից հետո էլ մինչ օրս լարված իրավիճակը կողմերի միջեւ շարունակվում է եւ բնավ հայտնի չէ, թե շարունակվող լարվածությունն ինչի կտանի ու արդյունքում ինչ կունենանք: Հակամարտող երկու կողմերն էլ բարձրաձայնում են, որ պետք է դադարեցնել պատերազմական ճանապարհով հարցերի լուծումը եւ կողմերի միջեւ կնքել խաղաղության դարաշրջանի հաստատման պայմանագիր եւ այդկերպ լուծել հետագա հարցերը, սակայն միաժամանակ կողմերը չեն ընդունում հակառակ կողմի առաջարկությունները եւ ամեն կողմը միայն իր առաջարկության վրա է պնդում, չհամաձայնելով հակառակորդ կողմի առաջարկությունների հետ:

Պատերազմի հաղթանակից ոգեւորված Ադրբեջանի քմահաճույքը էապես ավելացել է եւ նա մշտապես բարձրաձայնում է, որ Արցախի հարցը վերջնականապես լուծված է, նա այլեւս Ադրբեջանի բաղկացուցիչ եւ անբաժանելի մասն է ու այսուհետ հակառակի մասին խոսելը լրիվ անհեթեթ է, ինչպես նաեւ հաստատապես պնդում է, որ Լաչինի միջանցքը եւս ամբողջովին իրենց է պատկանում ու խստիվ պնդում է, որ Հայաստանը պարտավոր է Սյունիքի տարածքով ու դրա շարունակությամբ անպայման միջանցք բացել Ադրբեջանի համար, որտեղով ազատորեն կերթեւեկեն Ադրբեջանի բոլոր տրանսպորտային միջոցները:

Այլ խոսքով, Ադրբեջանի տրամադրվածությունը խաղաղության դարաշրջանի բացման վերաբերյալ իրականում այդպիսին է, որը խաղաղության հետ ոչ մի կապ չունի: Նրանք ընդամենը փորձում են իրենց կամքը թելադրել Հայաստանին, որի անունը դրել են «խաղաղության դարաշրջան», դրանով ի ցույց դնելով իրենց կեղծ նպատակները, համռորեն բարձրաձայնելով, որ ոչ մի կերպ ետ չեն կանգնի այդ ուղուց: Այս պահի դրությամբ ընդամենը մի փոքրիկ ուրախացնող բան կա մեզ. Հայաստանի Ազգային ժողովը հակաադրբեջանական բանաձեւ է ընդունել, որն ուղարկել է Ֆրանսիայի սենատի դիտարկմանը, որն արդեն մտել է սենատ, որտեղ ակնկալվում է, որ սենատի կողմից կնդունվեն հակաադրբեջանական սանկցիաներ, ինչպես նաեւ մեր գերիների վերադարձի վերաբերյալ բանաձեւ: Ուրիշ ոչ մի լուրջ քայլ մեր կողմից չի ձեռնարկվում, իսկ Ադրբեջանը տեսնելով, որ մենք խոնարհաբար չենք համաձայնում ու չենք գնում իրենց թելադրանքների կատարմանը, ուզում են կտրուկ լարել իրավիճակը եւ փորձել անպայման գնալ նոր պատերազմի:

Նրանք անընդհատ դիմում են սադրանքների, անընդհատ կրակում են հայկական դիրքերի ուղղությամբ, մշտապես պատճառաբանելով, որ առաջինը մերոնք են կրակում, իսկ իրենք միայն պատասխան կրակոցներ են արձակում: Բնական է, որ մեզ ընդհանրապես ձեռնտու չէ նոր պատերազմը եւ պետք է կարողանանք ճկուն դիվանագիտությամբ եւ մեր բանակի կտրուկ ուժեղացմամբ, քաղաքական մակարդակում՝ որոշ ազդեցիկ երկրների ու սփյուռքահայության միջամտության շնորհիվ զբաղեցնել այնպիսի կայուն դիրք, որ Ադրբեջանը հնարավորություն չունենա խոսելու ուժի դիրքերից, առավել եւս՝ դիմելու ռազմական գործողությունների:

Մեր լռությունից կարելի է տպավորություն ստանալ, որ կարծես այս պահին էլ մենք Ադրբեջանի նկատմամբ ավելի շահեկան վիճակում ենք եւ չարժե որեւէ բան ձեռնարկել ու պետք է սպասել խաղաղության դարաշրջանի հաստատմանը, որն իրականում մեզ որեւէ լավ բան չի տալու, ավելին՝ այդ պարագայում մենք ընդամենը հերթական անգամ կորցնելու ենք: Ամենազարմանալին այն է, որ այս իրավիճակում աշխարհի հայությունն է լրիվ լուռ, որից տպավորություն է ստեղծվում, որ մենք կամ իսկապես շահեկան վիճակում ենք, կամ նրանք մի տեսակ հոգնել, հարմարվել են ստեղծված վիճակի հետ եւ էլ չեն ուզում որեւէ բան ձեռնարկել, որը ոչ այլ ինչ է, քան՝ հերն անիծած, ինչ ուզում է թող լինի:

Մի՞թե կարելի է հայրենիքի այսպիսի ողբերգական վիճակում՝ պետության եւ պետականության կորստի այսպիսի ռեալ վտանգի պայմաններում, նման կրավորական դիրք ընդունել եւ որեւէ քայլ չձեռնարկել: Սա ոչ այլ ինչ է, քան հաշտվել հայրենիքի կորստյան հետ:

Անանիա ՄԱՂԱՔՅԱՆ
ՀՀ Ճարտարագիտական
ակադեմիայի թղթակից անդամ

-Ֆրանսիայի Ստորին պալատը՝ Ազգային ժողովը նոյեմբերի 30-ին ընդունեց բանաձեւը, որով Ադրբեջանից պահանջում են դադարեցնել Հայաստանի դեմ ուղղված նպատակային ագրեսիան՝ տարածաշրջանում խաղաղության հասնելու համար, կոչ է անում ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին եւ ապահովել նրանց վերադարձը հայրենիք, առաջարկում է Ֆրանսիայի կառավարությանը, եվրոպական գործընկերների հետ համագործակցաբար, պատասխան դիվանագիտական եւ տնտեսական միջոցներ նախատեսել Ադրբեջանի կողմից իրականացված ագրեսիան պատժելու նպատակով, այդ թվում՝ կիրառել պատժամիջոցներ, որոնք կթիրախավորեն Ադրբեջանի իշխանությունների ունեցվածքը, ինչպես նաեւ կնախատեսեն էմբարգո կիրառել Ադրբեջանից գազի եւ նավթի ներկրման հարցում:

«Առավոտ» օրաթերթ
07.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031