Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք չէ հանդիսատեսին առանձնացնել ըստ քաղաքների կամ մարզերի

Դեկտեմբեր 08,2022 12:30

Ասում է Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան Արման Կոլոսովը

– Արման, ինչպե՞ս ձեզ գրավեց թատերարվեստը. պատահականությո՞ւն է, թե՞ ճակատագրի երջանիկ պարգեւ։

– Ծնվել ու պատանեկությունս անցկացրել եմ Վանաձորում եւ մեր բնակարանը գտնվում է հենց թատրոնի դիմաց: Ամեն օր արթնանալով եւ տեսնելով այդ «կախարդական» կառույցը՝ ապրել եմ երազանքով, թե երբ ես պետք է լինեմ այնտեղ։ Ինձ ինչ հիշում եմ` միշտ սիրել եմ թատրոնը։ Այստեղ էլ ընդունվեցի ՀԹԳՄ ստուդիան, որը ղեկավարում էր ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը։ Ավարտելուց հետո անմիջապես ընդունվեցի թատրոն` օժանդակ կազմ։ Երեք տարի աշխատելուց հետո տեղափոխվեցի Երեւան, զբաղվում էի երգարվեստով, ինչը էլի հեռու չէր բեմից: Հետո վաղ տարիքում ընտանիք կազմեցի եւ վերջնականապես կտրվեցի Վանաձորից, իմ թատրոնից… Իսկ անցած տարի ես ստիպված եղա վերադառնալ իմ մանկության քաղաք եւ իմ երազանքի թատրոն: Գործեց ե՛ւ պատահականությունը, ե՛ւ ճիշտ ժամանակին ճիշտ տեղում գտնվելու հանգամանքը։ Նորից «հիվանդանալ» թատրոնով այս տարիքում, դա ինձ համար արդեն իսկ մեծ նվաճում է։
– Ի՞նչ եք կարծում, Հայաստանում կա՞ն այն բոլոր պայմանները դերասանի կայացման համար։

– Ամեն տեղ եւ բոլոր ժամանակներում էլ կա ե՛ւ դրականը, ե՛ւ բացասականը: Ոչինչ էլ հեշտ չի տրվում կյանքում։ Իսկ պայմանները ո՞վ է ստեղծում: Մենք ինքներս պետք է ցանկացած պայմանի վերաբերվենք ըմբռնումով։ Կարեւոր է, թե ինչ մթնոլորտ կստեղծենք մեր շուրջը։ Այս հարցը միանշանակ չէ։ Այո, կա ազատ ստեղծագործելու հնարավորություն, բայց եթե կառչած չես փառասիրությունից, այլ նվիրված ծառայում ես ու ստեղծագործում: Դերասանը պետք է սիրի արվեստն իր մեջ, այլ ոչ թե իրեն՝ արվեստում։

– Վանաձորի հանդիսատեսն այսօր ի՞նչ է սպասում թատրոնից եւ ի՞նչ է տալիս թատրոնը։

– Այս հարցը շատ մտահոգիչ է։ Կարծում եմ` պետք չէ հանդիսատեսին առանձնացնել ըստ քաղաքների կամ մարզերի։ Համացանցը որոշ չափով հետ մղեց թատրոնը բոլորի կյանքից։ Շատ ավելի բարդ է դարձել հանդիսատես բերելը։ Հիմա մեծամասամբ ներկայացումների տեւողությունը կրճատվել է մինչեւ ժամուկես։ Կարծում եմ` ճիշտ եւ գրագետ աշխատանքի արդյունքում կարելի է հանդիսատեսին տալ այն, ինչ ինքն է ուզում, միաժամանակ թելադրելով գեղագիտություն եւ բարձր արվեստ։

– Ինչպես տեղյակ ենք` «Վարազդատ» պատմական դրամայի բեմադրության մեջ, որտեղ դուք Վարազդատի դերակատարն եք, օգտագործվել է թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, երջանկահիշատակ Վահե Շահվերդյանի գեղագիտական ձեռագիրը։ Այն ինչքանով է կարեւոր ձեզ համար եւ ձեր մարմնավորած կերպարը այսօր ուղերձներ ունի՞ մարդկությանը։

– «Վարազդատը» շքեղ եւ բովանդակալից ներկայացում է` բաղկացած երկու մասից։ Բեմադրել է մեր թատրոնի ռեժիսոր Նունե Խեչումյանը։ Արդիական հնչեղություն ունեցող պատմական այս դրաման մեր անցյալի իրադարձություններին իրազեկ լինելու եւս մեկ հնարավորություն է, իհարկե՝ գեղագիտական մատուցմամբ։ Թույլ տվեք այս հարցին սպառիչ պատասխան չտալ, քանի որ այդ իրավունքն ինձ չեմ վերապահում։ Այս դերի առաջարկը ես ստացել եմ այն ժամանակ, երբ ներկայացումն արդեն իսկ ներառված էր խաղացանկում, հետեւաբար այդ պրոցեսների ժամանակ ներկա չեմ եղել։ Բոլոր թատրոններում էլ ընդունված է, որ գեղարվեստական ղեկավարը իրավասու է որոշակի խորհուրդներով միջամտել ներկայացման ընթացքին՝ ի շահ թատրոնում լավ ներկայացում ունենալու։ Այստեղ խոսքը չի գնում մտածողության խիստ տարբերության կամ գեղագիտական հակասության մասին, պարզապես որոշ տեսարաններ ավելի ցայտուն են ներկայացվել վարպետին հատուկ ձեռագրով։ Կարող եմ միայն հավելել այն փաստը, որ Վահե Շահվերդյանի կողմից ինձ պարզապես պարտադրվեց ստանձնել Վարազդատի դերակատարումը: Նա վստահ էր, որ այն ինձ կհաջողվի: Ցավում եմ, որ վարպետը չտեսավ իմ խաղը։

– Թատրոնում եւ դրանից դուրս չիրականացված երազանքներ ունե՞ք:

– Ես ունեմ իմ բանաձեւը, որն է` ձգտել, հասնել, աշխատել, ստեղծել, կառուցել։ Իսկ ինչ վերաբերում է երազանքին, ապա իմ համոզմամբ, այն միշտ պետք է լինի անհասանելի ու քաղցր: Այն պիտի լինի ոչ իրական, պարզապես երազանք: Քայլ առ քայլ գնում եմ այն ճանապարհով, որը հարթում եմ ինքս, բայց Աստծո առաջնորդությամբ:

Զրուցեց
Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031