(հատված «Օջախիս երկրաշարժը» իմ անտիպ գրքից)
Ընտանիքում միայն նրա հետ էի մտքեր փոխանակում։ Նրան էի «գաղտնիքներս պահ տալիս», համոզված լինելով, որ ամեն ինչ կմնա նրա սրտիկի «պահոցներում»։
1986 թ. ամռանը, ինձ վիրահատելու մասին հայտնեցի Սիրանուշիս, խնդրելով՝ ոչ մեկին տեղյակ չպահել։ Սկզբից վախ ու զարմանք նկատեցի նրա աչքերում, հետո, երբ ավելացրեցի, որ վիրահատությունը բժշկական աննշան մի գործողության հետ է կապված, կարծես հանդարտվեց։ Իսկ իրականում այդ բարդ վիրահատությունը հաջողությամբ ավարտվելուց հետո միայն տնեցիներն իմացան՝ հիվանդանոցում աշխատող քրոջս հեռախոսազանգով։ Ես չէի ցանկացել նախապես տագնապ առաջացնել ընտանիքում, իսկ Սիրանուշը հավատարիմ էր մնացել իր խոստմանը եւ ոչ մեկին չէր փոխանցել մեր «գաղտնիքը»։
1988 թ. դեռեւս ուսանում էի Բրյանսկի Գյուղատնտեսական ակադեմիայի հեռակա բաժնի ավարտական կուրսում։
Հոկտեմբերի վերջին մեկնեցի Բրյանսկ, հերթական քննաշրջանին մասնակցելու եւ քննությունները հանձնելու համար։
Կարդացեք նաև
Երբ մի քանի օրով բացակայում էի տնից, առանձնանում էի Սիրանուշի հետ, եւ պայմանավորվում նրա ու իմ անելիքների մասին։ Այս անգամ խնդրեցի նամակ ուղարկել Բրյանսկ եւ ապսպրեցի՝ վերադարձիս, կնոջս ու որդուս հետ, դիմավորել ինձ Երեւանի օդանավակայանում։ Ես նրան խոստացա Մոսկվայից թանկարժեք ջութակ գնել իր համար, իսկ որդուս՝ Սարգսի համար, մի որեւէ խաղալիք։
Անվերջանալի, սրտագին համբույրներիս «դաջվածքների հետքերը» շուրթերիս, մնացել են մինչ այսօր։ Ու նրա աչքերի փայլն եմ հիշում, որոնք միշտ կայծկլտում էին իմ սիրառատ խոսքերից ու ջերմագին գրկախառնությունից։
Նոյեմբերի տոներից առաջ, Կոկինոյում ստացա նրա խոստացած նամակն ու նույն օրը պատասխանեցի։
Իմ թանկագի՜ն, ոսկեծաղիկ Սիրանուշ
Երեկ ստացա նամակդ: Փոստատնից դուրս եկա ու այն սեղմեցի կրծքիս ամո՜ւր, ամո՛ւր: Ինչպես քեզ էի գրկում տուն վերադառնալիս: Քո նամակը ճիշտ ժամանակին հասավ, քանի որ տխրել էի մենակությունից: Գալիք տոների կապակցությամբ համակուրսեցիներս հինգ օրով գնացին իրենց տները: Ես էլ Բրյանսկից հո չէի՞ կարող տուն՝ Սպիտակ գալ: Ու տխրեցի… Դե դու գիտես, որ տանն էլ եմ տխրում, երբ դու կողքիս չես: Բայց, ի երջանկություն ինձ, «ժամանեց» նամակդ, վանելով խորացած տխրությանս մասնիկները: Ես այլեւս մենակ չեմ…
Հա, եկավ նամակդ, մտավ սրտիս մեջ, հոգուս աշխարհը, եւ թմբկահարելով արթնացրեց քնած երջանկությանս:
Քո նամակը… Կարծես արձակ բանաստեղծություն լինի: Որտեղի՞ց այդքան բառապաշար, մակդիրների ճիշտ ու տեղին գործածություն, թանկագինս: Կարդում եմ ու կարդում: Կարդում ու չեմ կշտանում… Արդեն անգիր գիտեմ, բայց էլի եմ կարդում: Ցանկանում եմ, որ աչքերս անվերջ սահեն քո մարգարտաշար տառերի վրայով: Ցանկանում եմ վերընթեռնելով վայելել քնքշությամբ ու կարոտով լցված բառերդ: Դրանք իսկական վայելք են ինձ համար այս հեռավոր ափերում, քեզանից հեռու: Մենք այդպես վայելել ենք Վիվալդիի աստվածային երաժշտությունը, միասին կլանելով մեղեդու անկրկնելի հնչյունները: Թանկագինս, նամակդ նման էր այդ հնչյուններին…
Սիրանուշս, դասերիդ մասին ինչո՞ւ չէիր գրել, չնայած համոզված եմ, որ ամեն ինչ իր բարձրության վրա պիտի լինի: Հա, իմացել եմ: Աշնան մասին գրած քո շարադրությունը ուսուցչուհիդ այնքան է հավանել, որ տասներորդ դասարանցիներին կարդացել ու պատմել է քո՝ հինգերորդ դասարանում սովորողիդ, բառապաշարով հարուստ ու պատկերավոր մտքի մասին: Կեցցե՛ս, այդպես շարունակիր, համովս: Ու եթե որեւէ հարցում դժվարություն կզգաս, մի անգամ էլ կարդա հատուկ նման պահերի համար իմ գրած նամակը: Այն քեզ շատ կօգնի հանդարտվելու համար: Նաեւ հաճախ շփվիր ուսուցիչներիդ հետ: Հիշո՞ւմ ես, որ գրել էի՝ նրանք Աստծո պարգեւած երկրորդ ծնողներն են: Ուսուցիչը թարմ հացի բույր է, մի բաժակ սառը ջուր է ամառվա տապին: Ու թարմ միրգ է պապակ շուրթերիդ, երբ հիվանդ ես:
Իմ անուշիկ, այս պահին Կոկինոյում այնպիսի՜ ձյուն է տեղում, որ կարծես էլ չի՛ դադարելու: Խոշոր փաթիլներով ու առատ: Քո եւ ախպերիկիդ սիրած ձյունն է: Երանի այստեղ լինեիք…
Քաղցրիկս, դու գիտես, որ քո հայրիկն այս հինգ օրերին պարապ թրեւ չի գա: Ես այս ընթացքում պատրաստելու եմ իմ բոլոր ստուգողական աշխատանքները, որպեսզի տանն ազատ ժամանակ շատ ունենամ քեզ ու ախպերիկի հետ զբաղվելու:
Սիրելիս, դու ճիշտ ես նկատել, որ կարոտը դառնություն ունի: Սպանող մակդիրդ զարմացրեց ինձ, իմ նրբագեղ բալես: Այդ ե՞րբ այդքան հասունացավ մանկահասակ մտածողությունդ, իմ ոսկեղենիկ: Էլ չտխրես, հոգեկ: Քիչ ժամանակ մնաց վերադարձիս: Արդեն գնել եմ ինքնաթիռի տոմսը: Համոզված եմ, որ կդիմավորես:
Համբուրում եմ բոլորիդ:
Քաղցր կարոտով քո հայրիկ՝ Սպարտակ
04.11.88թ., Բրյանսկ-Կոկինո
Նրանք ինձ դիմավորեցին խելահեղ ուրախությամբ։ Առաջինը Սիրանուշը գրկեց ինձ՝ ջութակը դեռ չվերցրած։ Որդիս զբաղված էր խաղալիք-տանկի հեռահար կառավարման պուլտով իր մարտակառքը վարելով եւ ներկաներին «զարմացնելով»։
Մենք տուն վերադարձանք ուշ երեկոյան։ Ծնողներս սեղան էին պատրաստել։ Նրանց հետ ընթրիքի ընթացքում զրուցելուց հետո, երեխաներին անկողին դրեցի։ Այդ օրը երկար ժամանակ չկարողացա քնել։ Առավոտյան արթնացա Սիրանուշի կարոտագին համբույրների «տարափից»…
Այն օրերին ես դեռ չգիտեի, որ ժամանակը կանգ է առնելու՝ իր կատարած ահեղ դատաստանից սարսափած։ Ոչ ոք չգիտեր…
2011 թ. մայիսի 11-ին, ի փառս իմ բզկտված ընտանիքի, ծնվեց թոռնուհի Սիրանուշս։ Այժմ բոլոր հարազատ-բարեկամներս, ծանոթներս, ովքեր գեթ մի անգամ տեսնվել էին աղջնակիս հետ, զարմացած են նրա եւ թոռնուհուս ֆիզիկական անթերի նմանությամբ…
Սպարտակ ՄԱԹՈՍՅԱՆ
արձակագիր