Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե լավ, մի քանի տարի չունենանք դիվանագիտական հարաբերություն Հունգարիայի հետ, դրանից ի՞նչ է շահում ՀՀ-ն կամ ասենք՝ Գուրգեն Մարգարյանը ի՞նչ է շահում՝ ոչ մի բան»

Դեկտեմբեր 08,2022 14:30

Արա Պապյանի համոզմամբ, ժամանակին Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցնելը սխալ է եղել, որովհետեւ ինչքան Հունգարիան է տուժել, մի քանի անգամ մենք ենք տուժել:

Ինչպես հայտնի է, Հայաստանը որոշել է վերականգնել դիվանագիտական հարաբերությունները Հունգարիայի հետ: ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդգծել էր, որ 2012 թվականի օգոստոսին տեղի ունեցած Ռամիլ Սաֆարովի արտահանձնման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը անփոփոխ է, սակայն պետք է առաջ շարժվել։

Այս որոշումը հակասական մեկնաբանությունների ու քննարկումների տեղիք է տվել, տեսակետներ կան, որ սրանով մենք հայ սպայի՝ Գուրգեն Մարգարյանի պատիվն ու արժանապատվությունն ենք ոտնահարել, Հունգարիայի կառավարությունը անգամ ներողություն չի խնդրել հայ ժողովրդից, չի ընդունել իր սխալը, ուրեմն ինչո՞ւ պետք է ՀՀ իշխանությունները տարիներ անց փոխեին որոշումը:

Այս առնչությամբ Aravot.am-ի հետ զրույցում 2000-2006թթ. Կանադայում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արա Պապյանն ասաց. «Ճիշտն ասած, երբ որ այն ժամանակ դիվանագիտական հարաբերությունները խզվեցին, ես դրան էլ կողմ չեմ եղել, որովհետեւ ի վերջո ինչքան դիվանագիտական հարաբերությունները խզվելուց Հունգարիան է տուժում, մի քանի անգամ մենք ենք տուժել, որովհետեւ ի վերջո դիվանագիտական հարաբերությունները հնարավորություն են՝ քո շահերը տեղում պաշտպանելու եւ դու ունենում ես լիազոր անձ: Հակառակ պարագայում դու որեւէ ձեւով չես կարող հարաբերություններդ զարգացնել: Այսպես ասենք՝ ինքնին այն ժամանակ նման քայլի գնալը սխալ էր, իսկ հիմա տարիներ ի վեր անցավ ամբողջը եւ պարզ դարձավ, որ որեւէ արդյունք չի տալիս՝ վերականգնեցին: Դա ընդունենք որպես հարկադիր քայլ, որովհետեւ այսպես կանցներ եւս 10 տարի եւ հաստատ հունգարացիք ներողություն չէին խնդրի, պետք էր դրա մասին լծակները հաշվարկվեր՝ ունե՞նք, թե՞ չունենք»:

Ճշտեցինք՝ այսինքն, ժամանակին էմոցիոնա՞լ է եղել մեր որոշումը, հիմա մաքրագրե՞լ ենք՝ նա պատասխանեց. «Դե հիմա ուղղակի ուրիշ ելք չկար: Մյուս տարբերակը հետեւյալն էր՝ դե լավ, եւս մի քանի տարի չունենանք դիվանագիտական հարաբերություններ, դրանից ի՞նչ է շահում Հայաստանը, կամ ասենք՝ Գուրգեն Մարգարյանը ի՞նչ է շահում՝ ոչ մի բան: Ես կարծում եմ, որ պետք է ուրիշ բան արվեր: ՀՀ-ն այս քայլերն անելուց առաջ պիտի հաշվարկեր, որ նման դժգոհություն է լինելու, ինքը պիտի միջազգային տարբեր դատարաններում բողոք ներկայացներ, այդտեղ կան հումանիտար իրավունքի խախտումներ, կարճ ասած՝ պիտի սկսեր դատավարություն Ադրբեջանի դեմ, որովհետեւ Ադրբեջան պետության պաշտոնյան է խախտել Ժնեւի կոնվենցիան, Հաագայի մարդասիրական տարբեր կոնվենցիաներ: Դա որ աներ եւ հիմա միասնաբար ներկայացվեր, այսինքն, ասվեր՝ մենք դիվանագիտական հարաբերությունները վերականգնում ենք, որովհետեւ դա Հայաստանին պետք է, բայց դրա փոխարեն դիմել ենք օրինակի համար Արդարադատության միջազգային դատարան՝ Ադրբեջանի դեմ՝ նրա պաշտոնյայի կողմից կոնվենցիաները խախտելու համար, այդ դեպքում ժողովուրդն ավելի հեշտ կընդուներ եւ դա ճիշտ ու արդյունավետ կլիներ: Ի վերջո, երբ որ դու դատարան դիմել ես, դատարանը պիտի վճիռ կայացնի, իսկ այսպես Հունգարիան առանձնապես կենսական շահեր չունի Հայաստանում, կարող էր մի 100 տարի էլ առանց մեր հետ հարաբերությունների էլ ապրեր»:

Դիտարկմանը՝ փաստն այն է, որ իրենք էին քայլեր ձեռնարկում, որ այդ հարաբերությունները վերականգնվեին, օրինակ, 5 հայ ռազմագերիների վերադարձը եղավ իրենց միջնորդությամբ, կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի խմբաքանակ տվեցին ՀՀ-ին, եկան Գուրգեն Մարգարյանի անվան դպրոց, սրանք քայլեր էին, որոնք ընկալվում են այսպես՝ Հունգարիան շահագրգռված է, որ Հայաստանի հետ վերականգնի իր դիվանագիտական հարաբերությունները՝ Արա Պապյանը պատասխանեց. «Ոչ թե շահագրգռված է, այլ անգլերեն ասում են՝ damage control՝ վնասի վերահսկում: Իրենք հասկացան, որ դրանով Եվրոպայի ներսում իրենց իմիջին վնասեցին, ի վերջո ԵՄ անդամ երկիր են: Դա արվում էր ոչ այնքան Հայաստանի համար, այլ եվրոպացի մյուս գործընկերներին ցույց տալու համար, որ տեսեք, մենք քայլեր ենք ձեռնարկել, որ հարգենք այդ մարդու հիշատակը: Ի վերջո Հունգարիան կարող էր ասել ու այդպես էլ այն ժամանակ հրապարակվել էր ադրբեջանական նոտան, որ Սաֆարովն իր պատիժը կշարունակի ադրբեջանական բանտում: Իրենք ասում էին՝ մենք մեղավոր չենք, որ իրենք իրենց խոստումը չեն կատարել: Թեեւ իրենք այդքան խելք պիտի ունենային, որ հասկանային՝ Ադրբեջանը հաստատ կատարող չի խոսքը: Զուտ իրավական առումով իրենք իրենց վրայից պատասխանատվությունը գցեցին»:

Հարցին՝ մամուլում ժամանակին հրապարակումներ եղան, որ Ադրբեջանի եւ Հունգարիայի կառավարության միջեւ գործարք է եղել, Հունգարիայի կառավարությունը միլիոնավոր դոլարների եվրոբոնդերի թողարկում էր արել, որը գնել էր Ադրբեջանը եւ դա մատնանշվում էր՝ որպես այդ գործարքի գին, այսինքն, այստեղ խոսքը միայն քաղաքական որոշման մասին չէ, այլ կոռուպցիոն գործարքի հարց էր ու այդ ժամանակից ի վեր ըստ էության ոչինչ չի փոխվել, անգամ կառավարության կազմը իրենց չի փոխվել, նույն որոշում ընդունած վարչապետն է, գործարքի կողմերը նույնն են, ուրեմն ճի՞շտ էր ՀՀ իշխանությունների ընտրած պահը՝ դիվանագիտական հարաբերությունները վերականգնելու՝ Պապյանը պատասխանեց. «Ինչ դուք ասում եք՝ կոռուպցիա եւ այլն, այդ ամբողջը ենթադրելի բան է, մենք ենթադրում ենք զուտ: Դրա համար պետք էր դիմել դատարան եւ փաստաթղթավորել: Դատարանում պետք էր ունենալ գոնե որոշում, որ դա տեղի է ունեցել շահադիտական նպատակներով, խախտվել են այս իրավունքները: Հիմա այս պարագայում, երբ մենք մեր ձեռքին չունենք որեւէ փաստաթուղթ, այդ ամբողջը ենթադրվում է, որ դրա դիմաց է տեղի ունեցել: Բայց Հունգարիան կարող է ասել՝ ո՞վ ասաց, որ դրա դիմաց է, ես բոնդեր եմ դրել, նա էլ առել է, Ադրբեջանը հաստատ տարբեր երկրներից առնում է: Մենք պիտի սովորենք մի բան՝ Հայաստանում, ցավոք, տարածված չի դա, ասենք, ասում ենք՝ Ալիեւն ագրեսոր է, պատերազմի հանցագործ է, բայց հո ասելով չի՞: Դրա համար ի՞նչ քայլեր է ձեռնարկում իշխանությունը:

Դա պետք է քաղաքական, իսկ ավելի լավ է իրավական ամրագրում ունենա, որպեսզի կարողանաս խոսել: Եթե մենք օրինակի համար դատարանում այդ փաստը արձանագրեինք ու ամրագրվեր, որ դա տեղի է ունեցել այն շրջանում, երբ եղել է խիստ կասկածելի գործարք, շահագրգռություն նրանց կողմից, հունգարացիք խախտել են կոնվենցիայի այսինչ կետը՝ դա ուրիշ հարց: Մնացածը մնում է, ցավոք սրտի, անվանական մակարդակի: Պետք էր ներկայացվեր Ադրբեջանի՝ սեփական պարտավորությունը չկատարելը, որովհետեւ գոնե ձեւի համար կարող էր, չէ,՞ տաներ Սաֆարովին մի քանի ամիս պահեր բանտում, հետո համաներումով բաց թողներ, դա էլ չի արել: Մենք իրավական տեսանկյունից ահագին բռնելու տեղ ունեինք, բայց որ չենք արել, դրա համար հիմա չենք կարող օգտվել այդ իրավիճակից»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Երբևէ ոչ ոքի վատը չեմ կամեցել, բայց այս տխմարին, որն իր երեխաներին Հայաստանից փախցրել է, կամենում եմ Գուրգեն Մարգարյանի հոր տառապանքներն

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031