Լրահոս
Օրվա լրահոսը

Լոռիում ավարտվել է երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքների բնակապահովման ծրագիրը

Դեկտեմբեր 07,2022 23:35

2020 թվականի մայիսին ՀՀ կառավարության որոշմամբ՝ Լոռու մարզին է փոխանցվել 2 մլրդ 635 մլն 637 հզ դրամ, որի շրջանակներում պետք է իրականացվեին բնակապահովման ծրագրեր: Լոռու մարզպետարանի եւ «Ֆուլեր» տնաշինական կենտրոնի միջեւ սկսված համագործակցության արդյունքում «Ֆուլերին» է փոխանցվել 2 մլրդ 246 մլն դրամ՝ անօթեւան ընտանիքների համար բնակարաններ կառուցելու նպատակով:

Երկրաշարժի հետեւանքով անօթեւան դարձած ընտանիքների բնակապահովման ծրագիրը մեկ ամիս առաջ արդեն ավարտվել է. «Ծախսվել է 1 մլրդ 166 մլն 983 հզ. դրամ գումար; Ընդհանուր խնայողությունը ծրագրի շրջանակներում կազմել է 868 մլն 654 հզ դրամ գումար: Այդ ծրագրի շրջանակներում մարզի 153 շահառու ճանաչված ընտանիքներ արդեն ապահովված են բնակելի տներով»,- լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց Լոռու մարզպետարանի քաղաքաշինության վարչության ճարտարապետաշինարարական բաժնի պետ Լեւոն Հախինյանը:

Նա նաեւ վստահեցրեց, որ 1988 թվականի երկրաշարժից հետո անօթեւան դարձած ընտանիքների հանդեպ, որոնք դարձել են «ՀՀ կառավարության բնակապահովման պետական ծրագիր աղետի գոտում» ծրագրի շահառուներ, պետությունն իր պարտավորությունները կատարել է: «Կան բացառություններ, դրանք այն են, երբ օբյեկտիվ կամ սուբյեկտիվ պատճառներով մարդիկ դուրս են մնացել բնակարանաշինական ծրագրերից, երկրից բացակայել են կամ սահմանված ժամկետում պահանջված փաստաթղթեր չեն ներկայացրել: Նման քաղաքացիներն իրենց հերթացուցակում լինելու իրավունքը կարողանում են վերականգնել դատական կարգով»,-ասաց Լ. Հախինյանը:

Այս պահին ճարտարապետաշինարարական բաժինն արդեն 25 նման գրություն է ստացել մարդկանցից, որոնք դատական կարգով վերականգնել են իրենց հերթը: Բոլոր այդպիսի ընտանիքների տվյալները հավաքագրվել են համայնքապետարանի կողմից, ապա ուղարկվել մարզպետարան: Որից հետո դրանք ուղարկվում են արդեն քաղաքաշինության կոմիտե՝ 2023 թվականի պետական բյուջեով տվյալ անձանց բնակարանային ապահովման հարցերը լուծելու համար. «Կարեւոր է նշել, որ այն անձինք, ովքեր իրենց իրավունքը վերականգնում են դատական կարգով, նրանց համար անհատական բնակելի տներ չեն կառուցվում, այլ այդ անձանց բնակապահովման հարցը լուծվում է բնակարանի գնման վկայագրի տրման միջոցով»,- խոսքը եզրափակեց Լեւոն Հախինյանը:

Տաթեւիկ ՂԱԶԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031