34 տարի առաջ հենց այս օրը`1988 թվականի դեկտեմբերի 7-ին, տեղի ունեցած ավերիչ երկրաշարժն ավելի քան 25 հազար կյանք խլեց։
Արհավիրքը չշրջանցեց նաև Արմինե Նիկողոսյանի ընտանիքին:
«Ամուսնացած էի, ունեի շատ լավ, խաղաղ ընտանիք, մինչև որ եկավ դեկտեմբերի 7-ը. ահավոր երկրաշարժ, որը հիմնովին քանդեց ամեն ինչ, նաև իմ ընտանիքը: Կորցրեցի 2 մանկահասակ երեխաներիս` երկամյա որդուս, մեկամյա դստերս և իմ առողջությունը`քայլելուս կարողությունը. այն ամենը, ինչ մարդուն տրված էր երջանիկ լինելու համար»,-վերհիշեց Արմինե Նիկողոսյանը:
Երկրաշարժից հետո Մոսկվայում նա պրոթեզավորվեց, այնուհետև Երևանի օրթոպեդիկ հիվանդանոցում շարունակեց հետագա բուժումը:
Կարդացեք նաև
«Ես պետք է շատ կամքի ուժ, լավատեսություն ունենայի, որպեսզի կարողանայի միայնակ պայքարել… Քանի որ մնացել եմ, ուրեմն ինչ-որ մեկին պետք եմ: Որոշեցի հաղթահարել այն փորձությունները, որոնք ինձ էին բաժին հասել»,-ասաց մեր զրուցակիցը:
Արմինե Նիկողոսյանի համար դժվար էր Գյումրի վերադառնալը, տեսնել փլատակներն ու նորից վերապրել դաժան հիշողությունները։
Նա պատմում է, որ Երևանում ծանոթացել է «Փյունիկ» Հայաստանի հաշմանդամություն ունեցող անձանց միություն ՀԿ ներկայացուցիչների հետ։ Նրանք սպորտի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց սովորեցնում էին լինել է՛լ ավելի ակտիվ և ուժեղ:
«Ես սկսեցի ինը տարբեր սպորտաձևերով զբաղվել՝ թենիս, բասկետբոլ, նետաձգություն, լող․․․ Փորձեցի ամեն ինչ, բայց ընտրեցի լեռնադահուկային սպորտը: Ելնելով իմ կարգավիճակից՝ հաճախ ասում էին, որ ես ընտրել եմ ամենադժվար սպորտաձևը: Ընդհանրապես երկրաշարժից հետո սկսված իմ պայքարը եղել է մեծ դժվարությունների գնով: 1998 թվականին մասնակցել եմ Ճապոնիայի Պարալիմպիկ խաղերին՝ գրավելով 4-րդ տեղը: 2001 թվականին Ամերիկայում լավ հաջողություններ ունեցա, սակայն ստացա վերք և դրանից հետո դադարեցի սպորտով զբաղվել, բայց ոչ լրիվ․ հիմա սեղանի թենիս եմ խաղում»,- ասաց Արմինե Նիկողոսյանը։
Տիկին Արմինեն կիսվեց նաև մի պատմությունով, որը տեղի է ունեցել Մոսկվայում, իր ծննդյան օրը` դեկտեմբերի 27-ին, մի ծեր կին նրան Աստվածաշունչ է նվիրել` «ժամանակը կգա, կհասնես նրան, ինչին երազում ես» մակագրությամբ:
Նրա ասելով, երեք երազանքները որոշել էին չսպասեցնել, աստվածային նախախնամությամբ և մաքրագործ երրորդությամբ ամեն ինչ կատարյալ ընթացք պետք է ստանար: Մնում էր ջանալ և չհապաղել։ Արմինե Նիկողոսյանը երազում էր ունենալ տուն, մեքենա, որ նեղություն չտա որևէ մեկին։ Իսկ ամենակարևոր, գլխավոր երազանքը երեխայի ծնունդն էր:
«Ես միշտ սիրել եմ երեխաների հետ աշխատել, երևի հենց դա էր պատճառը, որ Աստծո կամոք 2009 թվականին արհեստական բեղմնավորման ճանապարհով ծնվեց որդիս: Ես անցա այդ դժվարին ուղին և հիմա ունեմ տուն, ընտանիք, աշխատանք: Այսօր ես արդեն կայացած մարդ եմ և կարողանում եմ օգնել ինձ նման հաշմանդամություն ունեցող երեխաներին, երիտասարդներին ապրելու լիարժեք կյանքով: Քանի կամ, ապրում եմ, միշտ կփորձեմ օգնել բոլորին», – հավելեց տիկին Նիկողոսյանը:
Արմինե Նիկողոսյանը նախագահում է «Փյունիկ» Հայաստանի Հաշմանդամություն ունեցող անձանց միություն բարեգործական ՀԿ-ի Գյումրու մասնաճյուղը․ նրա սոցիալական ցանցի գրառումներից ու լուսանկարներից արդեն իսկ ակնհայտ է, թե ինչքան ակտիվ ու հետաքրքիր հասարակական գործունեություն է ծավալում։
Նինա ԱԲԳԱՐՅԱՆ
ՇՊՀ լրագրություն բաժնի 2-րդ կուրսի ուսանող