Աշխատանքային այցով Ֆրանսիայի Հանրապետությունում գտնվող Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը դեկտեմբերի 7-ին Փարիզում հանդես է եկել մամուլի ասուլիսով, որին մասնակցել են շուրջ երկու տասնյակ ֆրանսիական առաջատար լրատվամիջոցներ:
Երկրի ղեկավարը ներկայացրել է Ֆրանսիա կատարած այցի նպատակները, նշել Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի կողմից պարբերաբար և հաճախակի դարձած ագրեսիվ վարքի դրսևորումները, հետևողական կերպով հումանիտար խնդիրների ստեղծումը, թվարկել այն սպառնալիքները, որոնք լրջագույն վտանգ են ներկայացնում սեփական հայրենիքում Արցախի ժողովրդի գոյության համար: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ Ֆրանսիայի միջոցով նա ցանկանում է ուղերձ հղել եվրոպական բոլոր պետություններին, որ միջոցներ ձեռնարկեն կանխելու Ադրբեջանի վերոնշյալ սանձարձակ պահվածքը, որին աներկբա սատարում է Թուրքիան:
«Մենք հասկանում ենք, որ Ադրբեջանի հետ Եվրոպան ունի նավթագազային շահեր, սակայն մեր հորդորն է հարգել մեր ժողովրդի ինքնորոշման ու գոյության իրավունքները և առկա գործիքակազմերով թույլ չտալ Ադրբեջանի ցեղասպանական ու ծավալապաշտական քաղաքականության իրականացումը: Այս իմաստով տեղին է նշել նաև վերջին երկու տարիների ընթացքում ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության նկատմամբ կատարած հարձակումներն ու ՀՀ սուվերեն տարածքների բռնազավթումները»,- ասել է Արայիկ Հարությունյանը:
Հանդիպման ընթացքում նախագահը պատասխանել է լրագրողների տարաբնույթ հարցերին, ինչպես նաև առանձին հարցազրույց է տվել «Ֆրանս պրես» պետական լրատվական գործակալությանը և հյուրընկալվել «France-24» հեռուստաալիքին:
Կարդացեք նաև
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմ