Այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ՔՊ պատգամավոր Լիլիթ Ստեփանյանն ասաց, որ բազմաթիվ նամակներ են ստանում այն մասին, որ կենսաթոշակները բարձրացնելուն զուգահեռ՝ անապահովության համակարգում ներգրավված որոշ ընտանիքներ զրկվել են նպաստից: Նա աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին հարցրեց. «Հասկանալի է, որ բալերի պատճառով է խնդիրն առաջացել, ծրագրային է, այդուհանդերձ, խնդիրն առկա է: Որտե՞ղ եք տեսնում խնդրի լուծումը, նախարարությունում քննարկումներ կա՞ն»:
Նախարարը պատասխանեց. «Ճիշտ եք, թոշակների բարձրացմանը զուգահեռ՝ նաեւ որոշ խնդիրներ են առաջացել նպաստի համակարգից դուրս գալու հետ կապված: Ես ներկայացնեմ, թե ինչպես է գնահատվում ընտանիքի անապահովությունը՝ հաշվի են առնվում ընտանիքի անդամների վարձատրությունից ստացած եկամուտները, ինչպես նաեւ՝ պարբերականության սկզբունքով տրվող գումարները, օրինակ՝ կենսաթոշակ, երեխայի համար տրվող վճարը: Այս եկամտի փոփոխությունները բերում են նաեւ փոփոխություններ անապահովության գնահատման միավորների մեջ: Այո, խնդիր կա, քանի որ խոսքը թոշակառու անապահով մարդկանց մասին է, բայց առաջին անգամ չի, որ այս խնդրին բախվում ենք: Նախարարությունում մի քանի լուծումների շուրջ քննարկումներ կան, հանձնաժողովին տարբերակները կներկայացնենք, բայց վերջնական լուծումը անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումն է, որը մենք նախատեսել ենք 2023-ի սեպտեմբերից ունենալ, որ ավելի թիրախային ու կարիքի համապատասխան ծառայության միջոցով կարողանանք դուրս հանել մարդկանց աղքատության համակարգից՝ աշխատանքի միջոցով»:
Նախարարն առաջարկեց այդ ընտանիքներին՝ օգտվել եռամսյակային հրատապ օգնությունից եւ կոմունալ վճարների զեղչված համակարգից:
Նարեկ Մկրտչյանն ասաց, որ ներկայումս 40 հազար մարդ, որ անապահովության նպաստ է ստանում, աշխատունակ է, գտնվում է աշխատանքային տարիքում: Մյուս կողմից՝ երկրում աշխատուժի պակաս կա, ուստի առաջարկելու են մարդկանց գիտակցության մեջ փոփոխություն մտցնել՝ իրավիճակը հաղթահարել աշխատանքի միջոցով:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ