Գյումրու քաղաքապետ Վարդգես Սամսոնյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը ևս 10 տարի տնակում է ապրել։
«34 տարի առաջ, ինչ որ տեղի ունեցավ, հավերժ՝ մինչև կյանքի վերջ, կմնա մեր հիշողության մեջ։ Չնայած վատ հիշողությանը՝ մենք՝ գյումրեցիներս, ուժ ենք գտել, ոտքի ենք կանգնել՝ կռացած վիճակից և կառուցել ենք այնպիսի քաղաք, ինչպիսին եղել է մինչ երկրաշարժը։ Վերադարձնելու ենք այն ժպիտը, որը գյումրեցին ունեցել է, այն հյուրասիրությունը, մարդկային արժանիքները, որոնք գյումրեցին ունեցել է մինչ երկրաշարժը։
Արհավիրքից հետո ընկճվեցինք, խեղճացանք, բայց փառք Աստծո, ոտքի ենք կանգնել»,-ասաց քաղաքապետը։
Գյումրու քաղաքապետն ասաց, որ կառավարության 1601 N որոշմամբ մինչև 2027 թվականը կլուծվի տնակների հարցը։
Կարդացեք նաև
«Մեր քաղաքը տնակներից կձերբազատվի ու կունենանք մեր երազած քաղաքը։ Օրուգիշեր էլ աշխատում ենք, որ մեր քաղաքի բնակիչների սպասելիքներն արդարացնենք։
Տա Աստված՝ խաղաղություն լինի, նման արհավիրքներ չլինեն, մնացած ամեն ինչ մարդու համար է, Աստծո կամոք, ամեն ինչ իր տեղը կընկնի և կկարգավորվի»։
Նա տեղեկացրեց, որ այս պահին 2741 տնակ կա Գյումրիում։
«Թեթևանում է, պակասում է թիվը, մեր քաղաքապետարանի հաշվեկշռին բնակարաններ ունենք, մենք ենք մեր հերթին տրամադրում։ Բացի այդ, «Առք» բարեգործական հիմնադրամով է տրամադրվել, Համահայկական հիմնադրամով ևս 36 բնակարանի բանալիներ են հանձնվելու։ Հաջորդ տարի 66 բնակարան կլինի։
Կառավարության 1601 N որոշմամբ ԲԳՎ-ներ են տրվելու, սոցիալական բնակարաններ են կառուցվելու։ Լուծումներ տրվելու են, մենք տնակներից վերջապես ձերբազատվելու ենք»,- ասաց քաղաքապետը։
Նա նշեց, որ մանրակրկիտ ուսումնասիրություն է կատարվում տնակներում, մինչև փետրվարի 1-ը պիտի հստակ տվյալներ ունենան՝ որ տնակներն են չբնակեցված, մյուսներում բնակվողները որտեղից են եկել, քանի հոգուց է ընտանիքը բաղկացած, ներքին էմիգրացիայի արդյունքո՞ւմ են Գյումրի տեղափոխվել, թե՞ տունն են վաճառել, տեղափոխվել տնակ։
Քաղաքապետը նաև նշեց, որ «Մսի կոմբինատ» թաղամասում երկու գործարաններ են կառուցվում, մեկը՝ հազար աշխատատեղով, մյուսը՝ մի փոքր պակաս։ Շուտով կսկսվի շինարարությունը, մասնավորի կողմից բավական մեծ հետաքրքրություն կա Գյումրիի նկատմամբ։
Ըստ նրա, չկա որևէ շաբաթ, որ հանդիպում չլինի գործարարների հետ, հյուրատուն, հյուրանոց, սպասարկման օբյեկտներ կառուցելու ցանկություն ունեցողներ շատ կան։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ