«Ադրբեջանը չի դադարեցրել իր պայքարը եւ երբեք էլ չի դադարելու։ Ինքը կարողացավ Արցախի 75 տոկոսը խլել, ցանկանում է խլել Արցախի մնացած հատվածը, ինչպես նաեւ Սյունիքը, ընդհանրապես վերացնել Հայաստանն ու հայ ժողովրդին։ Դա ակնհայտ է իրենց պատմությունից, հռետորաբանությունից ու դասագրքերից»,- «Հայելի» ակումբում նշեց ռեժիսոր, իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանը՝ անդրադառնալով օրերս ադրբեջանցների կողմից Ստեփանակերտ-Գորիս մայրուղին փակելուն։
«Արցախի մեծ մասի կորստից առաջ բացատրվում էր, թե ինչ է մեզ սպասվում, եթե Արցախը չլինի, հետո արդեն նոյեմբերի 9-ից հետո շարունակաբար բացատրում էին թե քաղաքագետները, թե քաղաքական գործիչներն ու լրագրողները, թե ինչպիսին է լինելու հերթականությունը, եթե բանակցողը ու պարտության տանողը չփոխվի։ Հիմա լինում է այն, ինչը հաշվարկված բացատրվել է։
Պարզ երեւում է՝ ով է քո դիմաց, ինչ նպատակներ ունի, իսկ դու քո առաջ ռեզինից ինչ-որ նպատակներ ես սահմանել՝ խաղաղության դարաշրջան, չգիտեմ ինչ․․․Նոր մեթոդներ է փորձում Ադրբեջանը գտնել, այսօր դա բնապահպաններով է անում, վաղն էլ կարող է ուրիշ խորամանկությունների դիմել․․․Պարզ է, որ դրանք բոլորովին էլ բնապահպաններ չէին, որովհետեւ բնապահպանները Բաքվի նավթահորերում ցույցեր կանեին․․․ Իրականում Ադրբեջանն ուզում է Արցախն ամբողջությամբ վերցնել, ինչն իրենց, բնականաբար, չի հաջողվելու»,-ասաց Հովհաննես Իշխանյանը։
«Որտեղի՞ց ինձ այն վստահությունը, որ Արցախն ամբողջությամբ չեն կարողանալու վերցնել․․․Այս պայքարը չի սկսվել հիմա ու չի ավարտվելու հիմա։ Այն գաղափարներն ու ուժը, որ հիմա գեներացվում է Հայաստանում եւ Սփյուռքում, դա Արցախը պահելու համար է տեղի ունենում։ Այո, այս պահին Հայաստանը պաշարված է հայախոս թուրքերի կողմից, որոնք թուրքական շահն առաջ տանող գործիչներ են, բայց մեծ դիմադրողական հոսք կա, որն իր արդյունքն ի վերջո տալու է»,– ասաց նա։
Կարդացեք նաև
Հովհաննես Իշխանյանը կարծում է, որեւէ արժանապատիվ մարդ չի կարող մտածել «Արցախը տանք, որ հանգիստ ապրենք» սկզբունքով․«Դա անհեթեթություն է, դավաճանական թեզեր են։ Իմ վերլուծությունը հետեւյալն է՝ Հայաստանի բռնած ճանապարհը Արցախյան պատերազմից, ընդհանրապես ԽՍՀՄ-ի փլուզումից հետո անարդարության ճանապարհն էր, որտեղ խորամանկները հարստանում էին, իսկ մյուսները հարստահարվում, ժողովուրդն էլ մնացել էր լուսանցքից դուրս։ Լուսանցքից դուրս մնալու արդյունքում Հայաստանում պետք է ձեւավորվեին ուժեր, կամ ընդդիմությունը լիներ այնպիսին, որը կխոսեր սոցիալական արդարությունից․․․Արցախյան պատերազմի հաղթանակը բաժին չէր հասնում ամբողջ բնակչությանը, ու այս ամենի համատեքստում անարդարության արդյունքում հնարավոր եղավ մանիպուլացնել ժողովրդին»։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ