Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ է Ալիեւի ռեժիմը թիրախավորել Արցախի հանքերը

Դեկտեմբեր 07,2022 17:38

Ինչո՞ւ է Ալիեւի ռեժիմը թիրախավորել Արցախի հանքերը։ Որովհետեւ դրանք ամենահեշտ թիրախն են։ Որովհետեւ հանքերը, որոնք թե՛ Արցախում, թե՛ Հայաստանում մշտապես եղել են հենց ներհայաստանյան ու ներարցախյան հասարակության տարբեր շերտերի թիրախը, ամենահեշտ շահարկվելքի թեման է։ Արդարացի, թե՝ ոչ, դա երկրորդական հարց է։ Բայց փաստ է, որ «թունավորեցին», «կերան», «հոշոտեցին», «մեր ջուրն ու հողը անպիտան դարձրեցին» հիմնավոր կամ անհիմն, մշտապես արդեն տասնամյակներ հնչել է հենց հայկական կողմում։ Այդ թվում՝ երբ խոսքը Արցախի Կաշեն եւ Դրմբոն հանքավայրերի մասին էր։ Եվ հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, երբ Արցախի պետնախարարի խորհրդական Արտակ Բեգլարյանը ստիպված է հայտարարություն անել, որ Կաշենի պոչամբարը կառուցված է միջազգային լավագույն չափանիշներով եւ անցնում է պարբերական աուդիտներ, հետեւաբար Ադրբեջանի շինծու ակտիվիստների բողոքներն անհիմն են, քանի որ պոչամբարը Ադրբեջանական ամենամոտ գյուղից գտնվում է 19 կմ հեռավորության վրա։

Հիմա պատկերացրեք, որ այս բացատրությունը Արտակ Բեգլարյանը տալիս է հայ ակտիվիստներին։ Որքանո՞վ համոզիչ կթվար հայ ակտիվիստներին այս բացատրությունը։ Չէ որ Հայաստանը մի երկիր է, որտեղ արդեն 4 տարի չի գործում Ամուլսարի հանքը, ակտիվիստների պնդումների ներքո, որ այն մահացու վտանգավոր է 10 կմ հեռավորության վրա գտնվող Ջերմուկի համար, իսկ «թունավոր» ջրերը կհոսեն 50 կմ հեռավորության վրա գտնվող Սեւան։ Որ սա նոր «Չեռնոբիլ» է, որ աղետալի հետեւանքներ կարող է ունենալ ողջ երկրի համար։ Այդպես էր դա, թե ոչ՝ այդպես էլ չիմացանք, քանի որ առնվազն հիմնավոր ապացույց չներկայացվեց, բայց, ինչպես ասվում է հայտնի անեկդոտում՝ նստվածքը մնաց։ Ուրեմն հանքերը, որ Հայաստանի տնտեսության ողնաշարն են (լավ թե վատ, էական չէ) աղետ են, թույն են, Չեռնոբիլ են, որոնք թույն ու մահ են տարածում մի քանի տասնյակ, եթե ոչ հարյուր կլիոմետր շառավղով։ Հայաստանը մի երկիր է, որտեղ շատ հեշտությամբ կարելի է լուր տարածել այն մասին, որ «պոչամբար է պայթել», ու լուրը կտարածվի նաեւ Զանգեզուրի պղնձամոլիբդենայինի հերքումից հետո։

Եվ եթե մեր հանքերի պոչամբարները այդքան «հաճախ» ու «հեշտ» պայթում են, եթե մեր հանքերի ջրերը հոսում ու թունավորում են տասնյակ կիլոմետր հեռու գտնվող լճերը, ինչո՞ւ չպետք է Ադրբեջանը օգտվեր այս հռետորաբանությունից։ Մեր միամիտ արձագանքն է, թե՝ բա իրենց հանքերի ու նավթահորերի դեմ ինչու չե՞ն պայքարում։ Իսկ ինչո՞ւ պետք է պայքարե՞ն։ Ավտորիտար երկրում ոչ ոք թույլ չի տա պայքարել պետական շահի դեմ։ Պաշտոնական վարկած էլ կարող է լինել, օրինակ, որ իրենք հավատում են, որ իրենց հանքերը միջազգային լավագույն չափանիշներով են գործում, ինչպես ասենք ԱՄՆ-ում, եւ դրանց դեմ պայքարելու կարիք չկա։

Համենայն դեպս հակառակ պնդում ադրբեջանական հանքերի ու նավթահորերի մասին ոչ ոք չի արել, եւ դրանք շարունակում են ավելանալ ու փող բերել երկրի բյուջե։ Իսկ այ հայաստանցիներն իրենք են միշտ պնդել, որ իրենց հանքերը մահաբեր են, աղետ են, Չեռնոբիլ են։ Ու հիմա ստեղծվել է մի աբսուրդ իրավիճակ, երբ Արտակ Բեգլարյանին ըստ էության հերքում են հենց Հայաստանում։ Լուռ են հերքում, քանի որ նախկինում ասածների արձագանքները դեռ լսվում են, ու նոր բան ասելու կարիք կամ «տեղ» չկա։

Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցի «բնապահպանները» կփակեն նաեւ Կապանի ճանապարհը, պահանջելով փակել Զանգեզուրի պղնձամոլիբդենայինը, պահանջելով դադարեցնել տարածաշրջանում այդ «մահաբեր» օբյեկտի գործունեությունը։ Եվ այստեղ խնդիրը միայն ճանապարհը չէ։ Այստեղ խնդիրը Հայաստանի եւ Արցախի տնտեսության փաստացի ամենագործուն օղակը թիրախավորելն է։ Այս ամենը բոլորովին չի նշանակում, որ Հայաստանում հանքարդյունաբերությունը չունի խնդիրներ։ Սա բոլորովին չի արդարացնում բնապահպանական խնդիրների անտեսումը հայաստանյան հանքարդյունաբերողների կողմից։ Բայց որքանո՞վ են այդ խնդիրները իրականում «աղետալի» եւ իրականում ինչպե՞ս պետք է դրանք շտկել, այլեւս պետք է դառնա բացառապես համապատասխան կրթությամբ եւ փորձառությամբ մասնագետների քննարկման առարկան։

Հանքարդյունաբերությունը Մաշտոցի պուրակը չէ, որի վերաբերյալ ցանկացած աղմուկ ու ցանկացած որոշում մեծ հաշվով բան չէր փոխում երկրի մակարդակով։ Այս ոլորտն այլեւս ակնհայտորեն ազգային անվտանգության խնդիր է եւ ծայրահեղ հռետորաբանությունը, փաստերով չհիմնավորված հայտարարությունները, չափազանցությունները, ոչ միայն կարող են երկիրը զրկել մի քանի հարյուր միլիոն դոլարի ներդրումներից, ինչպես Ամուլսարի դեպքում, այլեւ կարող են դառնալ երկրի աշխարհաքաղաքական անվտանգությանը սպառնացող եւս մեկ ֆակտոր։ Ինձ երբեմն թվում է, որ միակ պատճառը, թե ինչու Ատոմակայանի ակտիվիստական փակումից հետո 30 տարի Հայաստանում իսպառ դադարեց դրա անվտանգության խնդիրների շուրջ որեւէ ակտիվիստական քննարկում, ոլորտը թողնելով մասնագետներին, այն լուռ գիտակցումն էր, որ դա ազգային անվտանգության խնդիր է։ Ժամանակն է, որ մենք հանքարդյունաբերության ոլորտը նույնպես ընկալենք, որպես բացառապես բարձր մասնագիտական քննարկման ոլորտ ու դարձյալ՝ պետական շահից ելնելով։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031