Օրեր առաջ Ադրբեջանը իբր բնապահպանական նկատառումով փակել էր Գորիս-Ստեփանակերտ ավտոմայրուղին՝ շրջափակման մեջ թողնելով Արցախը: Այսօր ՔՊ պատգամավոր Արման Եղոյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին մեկնաբանություն խնդրեց: ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը պատասխանեց, որ երկու մեկնաբանություն չկա. «Լաչինի միջանցքի փակումը նոյեմբերի 9-ի հայտարարության կոպտագույն խախտում կլիներ: Պետք է արձանագրեմ, որ ռուս խաղաղապահ զորախմբի հետ բանակցությունների արդյունքում հարցը արագորեն հարթվել է: Կողմերը իրար նկատմամբ դժգոհություններ, առաջարկներ, կարող են ներկայացել միայն այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ընդունված են բոլոր կողմերի կողմից եւ հանրահայտ են: Նոր պահանջների ներկայացումը կարող է ուղղված լինել իրավիճակի միայն սրմանը: Միտումնավոր, թե ոչ միտումնավոր՝ արդեն մեկնաբանության հարց է»:
Եղոյանը մեջբերեց Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի խոսքը՝ ասելով, որ մեղադրել է հայկական կողմին, թե տարածաշրջանի կոմունիկացիաների վերաբացման առումով չի կատարում նոյեմբերի 9-ի պայմանավորվածությունն ամբողջությամբ, խոսել է Լաչինի միջանցքի ոչ նպատակային օգտագործման մասին, ականների թեմայով, ինչպես նաեւ ԼՂ տարածքում ՀՀ ԶՈՒ ներկայության մասին: Այս առնչությամբ Արարատ Միրզոյանը արձագանքեց, որ ՀՀ-ն Ղարաբաղի տարածքում չունի որեւէ զինված կազմավորում: Լեռնային Ղարաբաղն ունի պաշտպանության բանակ, որի առաքելությունը ԼՂ հայերի ինքնապաշտպանությունն է: Երբ որ էթնիկ զտումների վտանգը կանցնի, այն ժամանակ ԼՂ հայությունը կարող է քննարկել այլ տարբերակներ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ