Լրահոս
Օրվա լրահոսը

«Իրենք պատրաստվում են նոր պատերազմի։ Վերլուծաբան չեմ, բայց ենթադրում եմ, որ դա չի լինի լայնածավալ»․ Մարգարիտ Եսայան

Դեկտեմբեր 07,2022 17:26

«Իրենք պատրաստվում են նոր պատերազմի։ Ես վերլուծաբան չեմ, բայց ենթադրում եմ, որ դա չի լինի լայնածավալ»,- «Հենարան» մամուլի ակումբում լրագրողների զրույցում ասաց ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Մարգարիտ Եսայանը։

Նա իր ասելիքը սկսեց՝ հիշեցնելով, որ այսօր դեկտեմբերի 7-ն է՝ Սպիտակի երկրաշարժի օրը։ Այնուհետև մի պատմություն հիշեց, որը սովորաբար կատակով են պատմում․ «Գյումրեցուն երբ հանում են փլատակների տակից, առաջին հարցը, որ տալիս էր՝ Արցախը մե՞րն է, Արցախի հարցը լուծվե՞լ է։ Այս հարցադրմամբ ուզում եմ մեր տխուր իրականությանն անցում կատարել։ Այն ժամանակ ամբողջ ժողովուրդը մտահոգ էր Արցախի համար։ Թվում է՝ այս տարիներին մենք՝ որպես պետություն և իշխանություն, ամեն ինչ արեցինք, որ Արցախի խնդիրը հասցնենք տրամաբանական լուծման, Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքին՝ միջազգային նորմերին համահունչ։ Ցավոք, 2018-ից հետո ամեն բան փոխվեց»։

Ըստ Մարգարիտ Եսայանի՝ հայ ժողովրդի արդի պատմությունը կարող ենք բաժանել մինչև 2018 և 2018-ից հետո։ Նա այս առիթով ասաց․ «2018-ից ՀՀ իշխանությունը զավթեցին թրքահաճո անձինք, որոնք չունեն հայրենիքի զգացողություն և Արցախի հարցի ընկալում։ Նրանք չհասկացան, որ Արցախն էր այն զրահաբաճկոնը, որը պահում էր ՀՀ-ն։ Ցավոք, իրենք հանձնում են նաև ՀՀ-ն։ ՀՀ այսօրվա իշխանությունն առանց աչքն իսկ թարթելու հանձնում է Հայաստանը»։ Այս կապակցությամբ Մարգարիտ Եսայանը ընդդիմությանը, հանրությանը, հասարակության ակտիվ հատվածին հարցրեց․ «Իսկ մենք ի՞նչ ենք անում, որ այդ աղետը չիրականացնեն։ Իմ կարծիքով՝ ոչ մի բան։ Այսօր Ադրբեջանը դեռ շարունակում է պատրաստվել պատերազմի, դեռ պատերազմական տրամադրություն ունի և ունենալու է մշտապես, քանի դեռ իր ախորժակը չի բավարարվել, նաև ՀՀ-ն ադրբեջանացնելու և թրքացնելու, քանի դեռ Արցախն ամբողջությամբ չի կտրել մայր հայրենիքից»։

Մարգարիտ Եսայանը փաստեց՝ այսօր հարյուր հազարավոր արցախցիներ և ՀՀ սահմանամերձ բնակավայրերի մեր հայրենակիցներ անտուն են մնացել և առանց որևէ պետական լրջմիտ հոգածության, որ կկարողանա այդ մարդկանց կյանքն ապահովել հավուր պատշաճի։ Իսկ փոխարենը ՀՀ բյուջեն ուռճացվում է, պատգամավորներին, կառավարության ներկայացուցիչներին պարգևավճարներ են տրվում։

Մարգարիտ Եսայանի համար անհասկանալի է՝ ինչպե՞ս են մարդիկ ընտրում պարտություն բերած կապիտուլյացիոն իշխանությանը։ Նա նկատեց․ «Սա քաղաքագիտական, մարդկային, հասարակագիտական նոնսենս է։ Պարտված իշխանությանը չեն ընտրում։ Կապիտուլյացիա ստորագրած իշխանությանը չեն ընտրում։ 800 հազարից ավելի այն քաղաքացիներին, որոնք ընտրել են, չեմ հասկանում, չեմ հասկանում նաև, որ ասում են՝ բա ընդդիմությունն ո՞ւր է։ Ընդդիմության սխալները բոլորիցդ լավ գիտեմ։ Բա ո՞ւր էիք, լավ՝ Իշխանին չէիք հավանում, ընդդիմությանը չէիք հավանում, դուք գայիք, վեր կենայիք, էդ 800 հազարը, հրապարակները լցնեիք, ընդդիմությունն էլ հասկանար, որ դուք մեծամասնություն եք»։

Մարգարիտ Եսայանը փաստեց՝ ճշմարտություն է, երբ քո կյանքում նույն բաներն ես անում, քո կյանքում ոչինչ չի փոխվում։ Դու ինքդ մի բան պետք է փոխես քո կյանքում, որ քո կյանքում ևս ինչ-որ բան փոխվի։ Ըստ Մարգարիտ Եսայանի՝ մենք դասեր չենք քաղել, դրա համար էլ այսօր կանգնած ենք հերթական ցեղասպանության առաջ։ Նա հարցրեց՝ իսկ ի՞նչ է անում այսօրվա իշխանությունը ու նշեց․ «Մեքենաներ է գնում պաշտոնյայի ընտանիքի համար, ասում է խաղաղության դարաշրջան է, որի անունը կա, ամանումը չկա։ Երբ թուլացել ես, զենքը դեմդ դրել, կանգնել են, դու ասում ես խաղաղություն։ Դու ելակո՞վ էիր Ադրբեջանի հետ կռվելու, ելա՞կ էիր շպրտելու բայրաքթարների նկատմամբ»։

Ըստ ՀՀԿ ԳՄ անդամի՝ Ադրբեջանը պատրաստվում է նոր պատերազմի։ Նա հիշեցրեց, թե ինչպես էին եկել, ադրբեջանցիները փակել Ստեփանակերտ-Գորիս մայրուղին՝ բնապահպանական խնդիրների պատճառաբանությամբ, ու նկատեց․ «Շատ գրագետ տեխնոլոգիաներ են օգտագործում։ Ամբողջ աշխարհի առաջ աղաղակում են, որ բնապահպանական խնդիր ենք լուծում, դրա համար ենք կանգնել, մերոնք միտումնավոր ձայն չեն հանում։ Ասում են՝ թող ռուս խաղաղապահները հարցը լուծեն։ Աստված մի արասցե, որ այդ ճանապարհը մի օր չբացվի․․․դա արվում է Արցախի ժողովրդին վախի մեջ պահելու համար։ Մայր հայրենիքը ոչինչ չի անում, Արցախին ոգևորելու համար, չի ասում, որ ես ձեր անվտանգության երաշխավորն եմ, ինչպես գրված է մեր Սահմանադրության մեջ և երեսնամյա բոլոր օրենքներում»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031