Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայացավ «Նեապոլը Ջազում» խորագրով իտալական երաժշտության երեկո։ Հնչեցին նեապոլիտանական հայտնի երգերի գործիքային կատարումներ՝ իտալացի հանրահայտ դաշնակահար և գործիքավորող Վիտտորիո Մեցցայի մատուցմամբ։
Համերգին մասնակցում էին նաև Միխայիլ Ֆոմինիխը (կոնտրաբաս) եւ Դանիել Մելքոնյանը (շեփոր): Միջոցառումը նախաձեռնել էին Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի դեսպանությունը եւ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը։
Վիտտորիո Մեցցան ասաց, որ իր համար մեծ պատիվ է Հայաստանում հանդես գալ համերգով։ Այնուհետեւ մի փոքր պատմական էքսկուրս կատարեց ջազի ստեղծման, ակունքների եւ աշխարհում տարածվելու մասին։ Կոմպոզիտորը նշեց, որ երկար ժամանակ ջազը համարվում էր բացառապես աֆրոամերիկյան երեւույթ։ Նա բլյուզն էլ որակեց ջազի հայր։ Վիտտորիո Մեցցան ներկայացրեց, թե ինչպես է ջազը հետագայում տարածվել աշխարհով մեկ, ինչ-որ առումով փոփոխելով իր բնույթը՝ կախված նրանից, թե որտեղ են այն նվագում․ «Ջազը խառնածին մշակութային երեւույթ է, կարծում եմ 20-րդ դարի ամենահետաքրքիր երաժշտությունն է, որը նվագում են երաժիշտներ՝ ամբողջ աշխարհից, որովհետեւ ջազը ոճ է, տեսակետ, ժանր, լեզու, իմպրովիզացիոն մոտեցում, որի միջոցով ցանկացած բան կարող է ջազ ընկալվել, նույնիսկ եթե ուղղակիորեն չի սերում դրանից»։
Իտալացի կոմպոզիտորը Նեապոլը որակեց տաղանդների դարբնոց եւ հիշեցրեց, թե ինչպես է ժամանակին Մոցարտի հայրը նրան ուղարկել Նեապոլ, որպեսզի վերջինս շփման մեջ լինի տեղի մշակութային միջավայրի նշանավոր ներկայացուցիչների հետ։ Վիտտորիո Մեցցան նշեց, թե ինչպես է տարիներ անց Մոցարտը հորը նամակ գրել․ «Նեապոլի համար օպերա գրելու աննկարագրելի ցանկություն ունեմ։ Նեապոլում մեկ օպերան ավելի մեծ պատիվ ու վաստակ է բերում, քան հարյուր համերգով հանդես գալը Եվրոպայի այլ վայրերում»։ Մուսոլինիի որդուն՝ Ռոմանոյին էլ հիշեց, որը հետագայում դարձավ ականավոր ջազմեն եւ կինոպրոդյուսեր։ Կոմպոզիտորն ընդգծեց, որ ջազն ունի ավելի շատ իտալական շունչ, քան կարելի է պատկերացնել:
Կարդացեք նաև
Հավելենք, որ Վիտտորիո Մեցցան համերգներով հանդես է գալիս Կանադայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեյցարիայում, Խորվաթիայում, Հունգարիայում, Ֆրանսիայում, Ճապոնիայում, Հարավային Աֆրիկայում և Ավստրալիայում և այլուր։ Իտալական մշակութային ինստիտուտները և դեսպանատները պարբերաբար հրավիրում են Մեցցային՝ ներկայացնելու իտալական մշակույթը տարբեր երկրներում։ Նրա երաժշտությունը հնչում է ամբողջ աշխարհում։ Ներկայումս Վիտտորիո Մեցցան ակադեմիական ոլորտում ակտիվ գործունեություն է ծավալում։ Նա Ֆրոզինոնեի պետական երաժշտական կոնսերվատորիայի ջազային դաշնամուրի ամբիոնի ղեկավարն է։
Համերգին ներկա էր նաեւ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալֆոնսո Դի Րիզոն։ Դեսպանն ասաց, որ ուրախ է սրահը լեփլեցուն տեսնելով։ Նա շնորհակալություն հայտնեց հանդիսատեսին իտալական մշակույթի հանդեպ ցուցաբերված ուշադրության համար։ Ասաց, որ համերգը դեսպանատան նախաձեռնած նախավերջին միջոցառումն է, դեկտեմբերի 16-ին էլ լուսանկարչական ցուցահանդես կլինի, կներկայացվեն տիեզերական միջավայրում իտալական արբանյակների կողմից արված լուսանկարներ։ Նա անդրադարձավ նաեւ Հայաստանի եւ Իտալիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների 30-ամյակին։ Ինչ վերաբերվում է «Նեապոլը ջազում» խորագրով համերգին, նշեց, որ ցանկանում են ցույց տալ, թե ինչպես նեապոլյան դասական երգերը, երաժշտությունը կարող են համապատասխանեցվել ջազային կանոններին․«Այս խորագիրն իմ մտքում մեկ այլ բացատրություն էլ ունի, քանի որ ջազը իմպրովիզացիայի վրա է հենվում, նշեմ, որ Նեապոլն էլ է իմպրովիզացիայի վայր։ Այնպես որ, Նեապոլ եւ ջազ բառերն իրար չեն զիջում»։
Դեսպանը մի հատված արտասանեց այն երգի տեքստից, որը 1800-ականներին գրել է Սալվադոե դի Ջակոմոն։ Խոսքը «Մայիսին» բանաստեղծության մասին է։ Իտալիայի դեսպանն ասաց, որ այնտեղ խոսվում է այգու, պտուղների, սիրո, խաղաղության մասին, թեմաներ, որոնք հոգեհարազատ են նաեւ հայերին, հետեւաբար բանաստեղծությունը կարող էր գրված լինել նույն ժամանակաշրջանի հայ բանաստեղծի կողմից։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ