«Ապրելու Երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանի ֆեյսբուքյան գրառումը
34 տարի է անցել բազմահազար կյանքեր խլած Սպիտակի ավերիչ երկրաշարժից։
34 տարի… և հարց՝ ի՞նչ դասեր ենք քաղել մենք այսքան տարի անց. արդյոք այսօր հաշվի՞ է առնվում Հայաստանի՝ սեյսմիկ ակտիվ գոտի լինելու հանգամանքը, արդյոք շենքերը կառուցվո՞ւմ են այդ նորմատիվներով ու պահպանվում են անվտանգության կանոնները, արդյոք մեր բնակչությունը բավականաչափ իրազեկ է և տիրապետում է նման իրավիճակներում ճիշտ կողմնորոշվելու անհրաժեշտ գիտելիքներին։
Ցավով, պետք է արձանագրեմ նաև, որ 34 տարի անց արհավիրքի հետևանքներն ամբողջությամբ դեռ չեն վերացվել։ Սա ևս բոլորիս անուշադրության ու հանցավոր անտարբերության պատճառով է։
Կարդացեք նաև
Ուստի, պետք է անել ամեն հնարավորը, որպեսզի մեր հայրենակիցների համար ստեղծվի ապրելու արժանապատիվ, բարեկեցիկ միջավայր ու պատշաճ պայմաններ, և քաղաքներն ու բնակավայրերն ամբողջությամբ վերականգնվեն։
Ոգեկոչելով երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը՝ այսօր յուրաքանչյուրս պարտավորություն ունենք այնպես անել, որ նման աղետների դեպքում բացառվեն այդչափ ավերածությունները։
Պետք է խստագույնս պահպանվի սեյսմիկ անվտանգության պահպանման նկատմամբ հետևողականությունը, այս ուղղությամբ սահմանվի պետական վերահսկողություն։
Զուգահեռաբար՝ պետք է ակտիվ աշխատանքներ տանել բնակչության իրազեկման, աղետի գոտում պատշաճ վարքագծի դրսևորման և վարվեցողության կանոնների տարածման ու ամրապնդման ուղղությամբ։