«Թուրք-ադրբեջանական տանդեմի նոր ռազմավարությունում ակնհայտ է ռազմական բաղադրիչի զարգացման ուղղությունը՝ զինված ուժերի համագործակցության մակարդակի բարձրացմամբ։ Այդ զորավարժությունների ժամանակ երկու երկրների նախագահներն էլ ասում են՝ «մեկ բանակ», «մեկ երկիր», «մեկ ազգ»,-խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում այսօր անդրադառնալով Իրանի հետ սահմանին մեկնարկած թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժություններին՝ ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանը։
Նրա բնորոշմամբ՝ նման զորավարժությունները խնդիր ունեն Թուրքիայի եւ Ադրբեջանի զինված ուժերի համագործակցությունն ու պատրաստվածությունը բարձրացնել՝ այս կամ այն առաջադրանք կատարելու ուղղությամբ կամ որեւէ իրավիճակին արձագանքելու նպատակով․ «Դրանք իրականացվում են ՀՀ-ի եւ Իրանի սահմանների մոտ, իսկ բնույթից պարզ է, որ կատարում են խնդիրներ, որոնք վերաբերում են գետանցումներին։ Այսինքն, ուղղված են հարեւան երկրների դեմ, որոնց հետ Թուրքիան եւ Ադրբեջանը խնդիրներ ունեն։ Դրանք նաեւ ուժի ցուցադրում են ՀՀ-ին ու Իրանին»։
Ըստ Սեյրան Օհանյանի՝ ակնհայտ է, որ մեր տարածաշրջանում արեւմուտք-Իրան հակամարտությունն առկա է․ «Մերձավոր արեւելքում եւ Հարավային Կովկասում արեւմուտքի ներկայացուցիչը Թուրքիան է, հետեւաբար՝ զորավարժություններն ուղղված են նաեւ Իրանին։ Իսկ Իրանի ղեկավարությունը քանիցս ցույց է տվել, որ իր համար անընդունելի են Սյունիքի սահմանների փոփոխությունները միջանցքի տրամաբանությամբ։ Այդ պատճառով Իրանը Կապանում հյուպատոսություն բացեց։ Իրանը լուրջ գործոն է մեր տարածաշրջանում՝ անվտանգության համակարգի ձեւավորման տեսանկյունից»։
Կարդացեք նաև
Սեյրան Օհանյանը նշեց, որ մեր տարածաշրջանը բավականին լարված ժամանակահատված է ապրում․ «Ցանկացած ժամանակ կարող են մարտական գործողություններ սկսվել։ Ադրբեջանն ու Թուրքիան չեն ուզում մեզ հարեւան լինել․ թեեւ խոսում են խաղաղության մասին, սակայն հռետորաբանությունը, հայատյացությունը եւ սադրանքները խոսում են այն մասին, որ կանգ չեն առնի, մինչեւ Սյունիքում չստանան իրենց ասած «միջանցքը»։ ՀՀ զինված ուժերը լուրջ եզրակացություններ եւ գնահատականներ պետք է տան ռազմաքաղաքական իրավիճակին եւ համալրման, նմանօրինակ զորավարժությունների աշխատանքներ անեն՝ պաշտպանական եւ կանխարգելիչ բնույթի»։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ