Լրահոս
Օրվա լրահոսը

«Չպահվող դիրքում, որում անձնակազմը համալրված չի եղել, հակառակորդը կարողացել է մխրճվել, շրջանցել եւ 3-4 դիրք գրավել»․ Սեյրան Օհանյան

Դեկտեմբեր 07,2022 13:10

Զինված ուժերի համալրվածությանը եւ զինծառայության գրավչությանը վերաբերող բոլոր հարցերը շատ կարեւոր են՝ հատկապես նրանք, որոնք սոցիալական ուղղվածություն եւ վարձատրություն են ենթադրում, սակայն նման ծրագրերը ճիշտ հիմքերի վրա պետք է դրվեն։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

«Հաշվի առնելով ՀՀ ժողովրդագրական խնդիրները, ռազմաքաղաքական իրավիճակն ու անվտանգային միջավայրը, ԶՈԻ-ում խառը համալրման սկզբունքը դեռեւս երկար է ընթանալու։ Սա վերաբերում է պայմանագրային ծառայությանն անցնելուն։ Պրոֆեսիոնալ բանակ ասելով չպետք է հասկանալ միայն մարդկային ռեսուրսների համալրում։ Պրոֆեսիոնալ բանակը լայն եւ փիլիսոփայական համալիր է, որում ծառայության գրավչությունը համադրելի է համապատասխան սպառազինության ձեռքբերման հետ։ Համակողմանի ապահովման հարցը եւս պետք է նկատի ունենալ»,-շեշտեց Սեյրան Օհանյանը։

Հիշեցնենք, որ այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը, որով առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:

Սեյրան Օհանյանն ասաց, որ զինված ուժերում ատեստացիայի համակարգ արդեն իսկ գոյություն ունի․ «Ամեն կառույցում եւ մակարդակում կան ատեստացիայի հանձնաժողովներ՝ հրամանատարների տեղակալների գլխավորությամբ։ Նրանք պարբերաբար որոշում են զինծառայողի համապատասխանությունը պաշտոնին, արժանի՞ են առաջխաղացման, թե՞ ոչ։ Ատեստացիան միայն հավելավճարի հետ կապելը ճիշտ չէ, որովհետեւ անհավասար պայմաններ են լինելու նույն պաշտոնն ունեցողների միջեւ։ Դա ազդելու է նաեւ ծառայողական աճի վրա։ Կամավոր ատեստացիա անցնելով այս կամ այն պաշտոնի վրա եւ ստանալով հավելավճար՝ որոշ մարդկանց մոտ կարող է վերանալ բարձր պաշտոնի գնալու ցանկությունը։ Կավելանան թափուր պաշտոնները։ Գաղտնիք չէ, որ հատկապես սահմանամերձ բնակավայրերում սահմանային ստորաբաժանումները լրացրել են հենց այդ բնակիչները՝ նախ լուծելով պաշտպանության խնդիր, իսկ ազատ ժամանակ՝ գյուղատնտեսությամբ զբաղվելու»։

Սեյրան Օհանյանը նշեց, որ նման խնդիրները հաշվի առնելով՝ իրենց խմբակցությունը կողմ է ԶՈՒ-ում բազային աշխատավարձի ավելացման ցանկացած նախաձեռնության․ «Առաջարկել ենք ատեստավորման համակարգը թողնել, խստացնել կարգերը եւ ըստ դրանց տրվող հավելավճարները։ Ատեստավորման առնչությամբ մենք կողմ չենք, ձեռնպահ քվեարկեցինք»։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր ներկայացրել էր նաեւ «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներդնել նոր՝ «Պաշտպան հայրենյաց» համակարգը: Այս առնչությամբ Սեյրան Օհանյանը նշեց․ «Մենք դրան կողմ քվեարկեցինք, որովհետեւ այդ գաղափարը երկար տարիների պատմություն ունի եւ քննարկվել է դեռեւս 2010թ․-ից։ Համալրման նման գործընթացները նաեւ ուշացած են, որովհետեւ «Ես եմ» ծրագրի շարունակությունն են։ «Ես եմ» ծրագրի համակարգն իշխանությունն ամբողջությամբ քանդեց եւ նույն բանն այլ ենթատեքստով բերել ներկայացնում են։ ՀՀ սահմաններին 2020թ․-ի պատերազմից եւ Ադրբեջանի հարձակումներից հետո ստեղծված իրավիճակի պատճառը հիմնականում համալրումն է։ Եթե ռեսուրսները չեն հերիքում, մոբիլիզացիայով համալրելու որոշումը մի քանի ժամվա բան է։ Որոշումն ընդունվում է, եւ զինված ուժերը համալրվում են։ Ունենք դեպքեր, երբ սեպտեմբերի տասներեքին Գեղարքունիքի մարզում չպահվող դիրքում, որում անձնակազմը համալրված չի եղել, հակառակորդը կարողացել է մխրճվել այդ դիրքով, շրջանցել եւ եւս մի քանի՝ 3-4 դիրք գրավել։ Հիմա իրենք արդեն մեր տարածքում են։ Այսինքն, մենք կողմնակից ենք համալրման գործընթացին եւ բազային աշխատավարձի ավելացմանը, բայց եւ դեմ ենք ատեստավորման այնպիսի համակարգին, որը ոչ թե մասնագիտական պատրաստության համար է, այլ դրամական միջոցների ավելացման»։

Ըստ Սեյրան Օհանյանի, «Պաշտպան հայրենյաց» ծրագիրն ուղղված է ԶՈՒ համալրմանը, այդ պատճառով կողմ են քվեարկել, իսկ ատեստավորումը չի նպաստելու բանակաշինությանը։ «Ընդհանուր առմամբ, այս երկու տարում իշխանությունը կարող էր բանակաշինության համար հայեցակարգ ունենալ, որը չենք տեսել, չկա։ Այս բոլոր քայլերը կցկտուր են եւ պետք է լրացնեին այդ հայեցակարգը»,-եզրափակեց Սեյրան Օհանյանը։

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031