Այսօր ԱԺ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանի ներկայացրած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին նախագիծը: Առաջարկվում է պայմանագրային զինվորական ծառայության գրավչությունը բարձրացնելու նպատակով անմիջականորեն մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական եւ շարքային կազմերի զինծառայողների համար սահմանել հավելավճար ու դրա հաշվարկումը պայմանավորել այդ զինծառայողների կողմից որակավորման ատեստավորման անցնելով:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը ելույթում ասաց, որ նման նախագծով չպետք է տպավորություն ստեղծվի, թե զինված ուժերում ատեստավորման համակարգ գոյություն չունի: Նա հիշեցրեց, որ ատեստացիոն հանձնաժողովներ են եղել, որոնք եզրակացություն են տվել՝ տվյալ զինծառայողը պաշտոնի, առաջխաղացման արժանի՞ է, թե՞ ոչ: Հիմա ՔՊ-ն նույն համակարգը կապում է հավելավճարների ինստիտուտի հետ, ինչն ընդդիմությունը ճիշտ չի համարում. «Այս սկզբունքը բերելու է արտահոսքի զինված ուժերից, ոչ հավասար պայքարի, նաեւ մարտական գործողությունների ժամանակ անհավասարություն է լինում. մեկը, որ հավելավճար է ստանում, կարող է տեղի տալ, իսկ մյուսը՝ հերոսանալ: Մենք առաջարկել ենք ԶՈՒ ատեստացիոն համակարգը թողնել նույն կերպ, բայց մասնագիտական որակավորումների կարգերի ընդունվման ընթացակարգերը խստացնել ու հավելավճարները տալ այդ կարգավորման սկզբունքներում»:
Այնուհետեւ Պապիկյանը ներկայացրեց «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծը, որով առաջարկվում է ներդնել նոր «Պաշտպան հայրենյաց» համակարգը: Սեյրան Օհանյանը հայտարարեց, որ այդ նախագծին «Հայաստան» խմբակցությունը կողմ կքվեարկի. «ՀՀ ԶՈՒ-ն պայմանագրային, ժամկետային ծառայության խառը համալրման սկզբունքով են ներգրավվել: Պայմանագրային զինծառայողները 2 խնդիր են իրականացրել՝ տվյալ տարածքի պաշտպանությունը, նաեւ սոցիալական խնդիր են լուծել՝ զբաղվելով գյուղատնտեսությամբ ու աշխատավարձ ստանալով: Պայմանագրային ծառայության համալրման մյուս ուղղությունը հենց ժամկետային ծառայությունից անցնելն է: Դեռ 2010 -ին այդ գաղափարի մասին մենք խոսել ենք ու «Ես եմ» ծրագրում ամրագրվել է: Դրա երկրորդ ուղղությունը 6 ամիս ուսումնական գործընթացն ավարտելուց հետո է, այն, ինչ հիմա փորձում են ներդնել: Ես սրան մեկ բանով կողմնակից չեմ, երբ որ ԶՈՒ համալրման խնդիրերում այս կամ այն անուններ ենք մենք դնում՝ «Ես եմ», «Դու ես», «Պաշտպան հայրենյաց», դա զինված ուժերի ժամկետային ծառայությունից պայմանագրային անցման կետը պետք է լինի»:
Պապիկյանն էլ ասաց, որ որեւէ մեկը չի նսեմացնում նախկինում ունեցած ձեռքբերումները, պարզապես հիմա ժամանակը փոխվել է եւ նոր չափանիշներ են պետք, դրա համար իրենք ավելի բարձր նշաձող են սահմանել:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ