Դեկտեմբերի 3-ին` Հայաստանի ամերիկյան համալսարանում (ՀԱՀ) 3,5 տարի նախագահելուց հետո, պրոֆեսոր Կարին Մարկիդեսը հրաժեշտ տվեց համալսարանին: ՀԱՀ Հոգաբարձուների խորհուրդը և ՀԱՀ Հիմնադրամի անդամներն իրենց երախտագիտությունը հայտնեցին պրոֆեսոր Մարկիդեսին՝ Հայաստանի համար բարդ շրջանում համալսարանի հանդեպ վերջինիս նվիրվածության և անմնացորդ աշխատանքի համար՝ հաջողություն մաղթելով նրան իր հետագա գործունեության ընթացքում:
Պրոֆեսոր Մարկիդեսի՝ որպես ՀԱՀ հինգերորդ նախագահի ղեկավարման ժամանակահատվածում հաստատությունը կյանքի է կոչել կարևոր և ռազմավարական փոփոխություններ։ Այս տարիների ընթացքում էապես աճել է բակալավրի ուսանողների ներգրավվածությունը, ավելացել են նոր ակադեմիական ծրագրեր, ինչպես նաև ընդլայնվել է ՀԱՀ դասախոսական անձնակազմը:
Համալսարանական համայնքին ուղղված իր հրաժեշտի նամակում Մարկիդսեը նշում է․«Ինձ համար պատիվ էր աշխատել ՀԱՀ նախագահի պաշտոնում, և ես վստահ եմ որ դուք կօգտվեք մեր կողմից ձեզ ընձեռված հնարավորություններից՝ դարձնելու ՀԱՀ-ն առավել ազդեցիկ միջազգային ասպարեզում: Ես ընտրությամբ հայ եմ և պատրաստ եմ մշտապես օժանդակել համալսարանին և դառնալ ձեր դեսպանը»:
Պրոֆեսոր Մարկիդեսի պաշտոնավարման ընթացքում ՀԱՀ-ը ստորագրել է նոր աշխատանքային համաձայնագրեր և հաստատել է համագործակցություններ միջազգային ընկերությունների, պետական մարմինների և համալսարանների հետ՝ Հայաստանում, Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Չնայած COVID-19 համաճարակի և Արցախյան 44-օրյա պատերազմի պատճառով առաջացած մարտահրավերներին, նրա ղեկավարման ընթացքում համալսարանն ունեցել է բազմաթիվ ձեռքբերումներ։
Կարդացեք նաև
ՀԱՀ համահիմնադիր և պատվավոր նախագահ պրոֆեսոր Արմեն Տեր-Կյուրեղյանը կփոխարինի պրոֆեսոր Մարկիդեսին՝ որպես նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: Պրոֆեսոր Տեր-Կյուրեղյանը ՀԱՀ-ի չորրորդ նախագահն է, որն առանցքային դեր է ունեցել համալսարանի հիմնադրման գործում։ Իր պաշտոնաթողությունից ի վեր, պրոֆեսոր Տեր-Կյուրեղյանը հանդիսանում էր ՀԱՀ Հոգաբարձուների խորհրդի անդամ:
Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) մասնավոր, անկախ համալսարան է, որը հիմնադրվել է 1991 թվականին Երևանում: ՀԱՀ-ը հավատարմագրված է ԴԲԱԸ բուհերի հանձնաժողովի (WASC Senior College and University Commission) կողմից և հանդիսանում է Կալիֆորնիայի համալսարանի համագործակիցը: Բակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերի միջոցով ՀԱՀ-ը Հայաստանում և տարածաշրջանում տրամադրում է արևմտյան չափանիշներին համապատասխան բարձրակարգ կրթություն՝ միաժամանակ խթանելով նորարությունը և հետազոտական աշխատանք կատարելը, քաղաքացիական ներգրավվածությունը, համայնքային ծառայությունը և ժողովրդավարական արժեքները:
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ