Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի մարզի զարգացմանն ու կառուցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն առավել քան տեսանելի են. Շիրակի մարզպետի ուղերձը

Դեկտեմբեր 07,2022 10:15

ՀՀ Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանի ուղերձը Երկրաշարժի զոհերի հիշատակի և աղետներին դիմակայունության օրվա կապակցությամբ 

34 տարի անց ավերիչ երկրաշարժի հիշողությունները դեռ մեզ հետ են, ու շիրակցին ամեն դեկտեմբերի 7 կրկին վերապրում է տասնամյակներ առաջվա այն սարսռազդու առավոտվա ծանրությունն ու կորստի ցավը։ Մեզ համար դեկտեմբերի 7-ը դարձել է հիշողության ու ոգեկոչման ոչ միայն օրացույցային օր։ Մեզ հետ ծերացող օրը հիշատակի ու խնկարկման հետ նաև պայքարելու, առաջ քայլելու, նոր նշաձող սահմանելու ու դրան հասնելու է տանում։

Վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից Շիրակի մարզի զարգացմանն ու կառուցմանն ուղղված ծրագրերն ու նախաձեռնություններն առավել քան տեսանելի են։

Դեռ 2018-ին ՀՀ վարչապետի որոշմամբ ձևավորվեց աշխատանքային խումբ՝ աղետի գոտու պետական և համայնքային սեփականություն հանդիսացող տարածքների ոչ հիմնական շինությունների փաստագրման, դրանց հիման վրա ոչ հիմնական շինություններում բնակվող ընտանիքների վերաբնակեցման` բնակարանային պայմանների բարելավման գործընթացի, այդ գործընթացում պետական պարտավորության ծավալները գնահատելու նպատակով։

Ընդամենն օրեր առաջ էլ ՀՀ կառավարության «Աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը երկրաշարժից հետո տեղադրված կամ կառուցված ոչ հիմնական շինություններից ազատելու կարգը հաստատելու մասին» որոշմամբ սահմանվել են աղետի գոտու բնակավայրերի պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը ոչ հիմնական շինություններից հաջորդաբար ազատման, հեռացման և քանդման, այդ շինություններում բնակվող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման մասով պետական աջակցության ցուցաբերման հետ կապված հարաբերությունները:
Այս ամենը քայլեր են, որոնք հստակ նախանշում են ՀՀ կառավարության վերաբերմունքը առկա հիմնախնդիրների լուծման հանդեպ։

Անելիքներ կան, սակայն կամք էլ կա, վստահ եմ՝ համատեղ աշխատանքով կկարողանանք առավել վստահությամբ գնալ առաջ։

Խոնարհվում եմ բոլոր նահատակների հիշատակի առջև։

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031