Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղ միայն Արցախի հարցը չէ

Դեկտեմբեր 07,2022 10:00

Ես դեմ եմ մարդկանց ազատ ինքնարտահայտման հանդեպ որեւէ բռնության: Միայն տոտալիտար երկրներում են քաղաքացիներին պարտադրում՝ «այժմ պետք է ուրախանալ, իսկ հիմա լացել»: Այս օրերին էլ ես սխալ եմ համարում կշտամբանքներն այն մարդկանց հասցեին, որոնք հրճվանք են ապրում «Եվրատեսիլի» եւ ամանորյա քեֆ-ուրախության առիթով: Եթե գտնում են, որ տոնելու բան ունեն, որ ուրախանալու առիթ կա, թող ուրախանան: Ուրեմն, նրանց սիրտը հանգիստ է, հոգին խաղաղ է, եւ այս կյանքում նրանք լուրջ մտահոգություններ չունեն: Արհեստականորեն նրանց հոգում տագնապ, անհանգստություն «ներարկել» Արցախում ապրող հայրենակիցների կյանքի հանդեպ, պարզապես հնարավոր չէ:

Այստեղ կոչերը, կշտամբանքները, խղճին դիմումներն անիմաստ են: Ես այստեղ ավելի լուրջ խնդիր եմ տեսնում, որը մի օրում կամ անգամ մի տարում հնարավոր չէ լուծել: Ի՞նչն է պատճառը, որ ներկայիս իշխանության քարոզչությունը, թե Արցախի ճակատագիրը մեզնից ինչ-որ հեռու մի խնդիր է, որը մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս չի վերաբերվում, ընկնում է հասարակական անտարբերության, կասեի անգամ՝ ցինիզմի պարարտ հողի վրա: Իհարկե, իր դերն է խաղում «ղարաբաղյան կլանի» դեմ տեղայնական-ռասիստական քարոզչությունը: Բայց իրավիճակն ավելի վատ է, քան կարելի է պատկերացնել, եւ անտարբերությունը, իսկ հաճախ նաեւ թշնամանքը «ղարաբաղցիների» հանդեպ միայն մասնավոր դեպք է:

Մենք չենք զգում իրար թիկունքը եւ, հետեւաբար, միմյանց ցավը ոչ միայն Արցախի հարցում: Հասարակությունը բաժանված է ատոմների, պայմանականորեն ասած՝ ֆեյսբուքյան խմբերի, որոնց անդամները սնվում են միայն իրենց խմբում ընդունված «ճշմարտություններով»: Մենք ապրում ենք նվազագույն հասարակական համերաշխության բացակայության պայմաններում: Գո՞րծ են սարքում ՀՀԿ-ականի վրա: Բայց չէ՞ որ բոլոր ՀՀԿ-ականները թալանչի են: Ուրեմն լավ են անում, սարքում են: Փակո՞ւմ են մեր չհավանած կուսակցության լրատվամիջոցը՝ շատ լավ է՝ իրենց ձայնն այլեւս չենք լսի: Սա «սորոսական» է, սա «պուտինական» է՝ ուրեմն պետք չի ժամանակ կորցնել նրա փաստարկները լսելու վրա: Իմ խումբը լույսի մարմնավորում է, մնացած բոլոր խմբերը՝ խավարի:

Այս մտածողությունն ունեցող հասարակությունը չի կարող պետություն ունենալ: Չնայած՝ մեր քաղաքացիների մեծամասնությանը պետություն ունենալու խնդիրը բացարձակապես չի հուզում:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սահակ Հակոբյան says:

    Շատ հարցերում համամիտ եմ գրվածի հետ, պարզապես գոնե ինձ համար բացահայտ է այն հանգամանքը, որ ,, Ղարաբաղցիների նկատմամբ ատելություն,, երևույթը արհեստականորեն և մեծ հաջողությամբ ներարկվեծ զանգվածային մտածողության մեջ 2008 թվականի փետրվարին և հիմա մեր երկիրը կառավարողները այդ գաղափարախոսության կրողն են։
    Եվ ինչքան էլ համարեք ,,սորոսական,, անվանումը ոչ կոռեկտ, էությունը չի թոխվում, հիմնականում այդ եզրույթը ներարկողն իրենք են եղել։
    Ընդ որում հիմա էլ ոչ մի փաստացի ապացույց չբերելով նույն բառերը կրկնում են։

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031