Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառուցապատողը կգնա՞ զիջումների

Դեկտեմբեր 07,2022 14:00

«Գաթա Բենդ» խմբի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ Վահե Սեդրակյանն այս տարվա մայիսի 25-ին հայցադիմում էր ներկայացրել դատարան՝ ընդդեմ պատասխանող «Օկտագոն» սպառողական կոոպերատիվի, սեփականության իրավունքի խախտումները վերացնելու պահանջի մասին:

«Առավոտը» ներկայացրել էր ՀՀ վարչական դատարանում առկա դատավեճը, տեղեկացնելով, որ Վարչական դատարանի դատավոր Կարեն Զարիկյանի որոշմամբ՝ Անդրանիկ Մանուկյանի հայցադիմումն ընդդեմ Երեւանի քաղաքապետարանի՝ 22.12.2021 թվականի թիվ 01/18-130064-2232 շինարարության թույլտվությունը վերացնելու պահանջի մասին, ընդունվել էր վարույթ, հայցվորի միջնորդության հիման վրա կասեցվել էր Երեւանի քաղաքապետի շինարարության թույլտվության կատարումը երկու ամիս ժամկետով («Առավոտ», «Գաթա Բենդ» խմբի հիմնադիր, սարկավագ Անդրանիկ Մանուկյանի տունը վտանգված է», 2022թ. մարտի 4):

Հիշեցնեմ, որ ըստ վարչական դատարանի այդ որոշման՝ «Դատարան ներկայացված ապացույցների հանրագումարը առաջացնում է հիմնավոր ռիսկեր, որ վիճարկվող շինարարության թույլտվությամբ նախատեսված աշխատանքները կարող են ազդել հայցվորին պատկանող գույքի վրա: Տվյալ պահին հնարավոր չէ բացառել, որ շինարարությամբ կարող են առաջանալ հայցվորին պատկանող գույքի պահպանման լուրջ խնդիրներ: Նման պայմաններում այս պահին եղած տվյալների հիման վրա անհրաժեշտ է կասեցնել վիճարկվող ակտի կատարումը՝ վերեւում նշված ռիսկերն ապահովագրելու նպատակով»: Ապա նույն դատարանն այս տարվա մայիսի 11-ի որոշմամբ մերժել էր վիճարկվող վարչական ակտի կատարումը կասեցնելու մասին միջնորդությունը: Տեղեկացրել էինք նաեւ, որ դատարան է ներկայացվել ՀՀ քաղաքաշինության կոմիտեի նախագահի 2021 թվականի մայիսի 17-ի թիվ 38-Ա հրամանով ստեղծված հանձնաժողովի (նախագահ՝ Ա. Ղուլարյան) թիվ 31/14 պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Երեւան քաղաքի Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, թիվ 5/9 հասցեում իրականացվող բազմաբնակարան բնակելի՝ տասներկուհարկանի շենքի կառուցման աշխատանքային նախագիծն անցել էր համալիր փորձաքննություն, որի արդյունքում այն ստացել էր դրական եզրակացություն:

Նախորդ ուրբաթ՝ դեկտեմբերի 2-ին նշանակվել էր վերաքննիչ քաղաքացիական դատարանի հերթական նիստը: Անդրանիկ Մանուկյանը մեզ հետ հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ դատարանը մինչ նիստը, տեղատեսություն էր կազմակեպել իր տան եւ հարեւան բնակելիի տարածքում, լսել իրենց փաստարկները: Քաղաքացիական դատարանի 17.06.2022 թվականի որոշմամբ բավարարվել է Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցչի միջնորդությունը՝ հայցի ապահովման միջոցներ կիրառելու մասին, եւ որպես հայցի ապահովման միջոց կոոպերատիվին եւ այլ անձանց արգելվել է իրականացնել կառուցապատման եւ շինարարական աշխատանքներ քաղաք Երեւան, Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/9 հասցեում գտնվող եւ Թումանյան փողոց, 2-րդ անցուղի, 5/4 հասցեում գտնվող հողամասերի վրա՝ մինչեւ սույն քաղաքացիական գործով եզրափակիչ դատական ակտի ուժի մեջ մտնելը, ինչից, բնականաբար, դժգոհ է մնացել կառուցապատողը: Վերաքննիչ դատարանի դատական ակտը կհրապարակվի դեկտեմբերի 9-ին:

Երեկ «Առավոտին» տեղեկացրեց Անդրանիկ Մանուկյանի ներկայացուցիչ, փաստաբան Վահե Սեդրակյանը:

Մեր հարցին, թե նույն պահանջով չէ՞ր, արդյոք, վարչական դատարանում առկա հայցապահանջը, որի քննությունը հետաձգվեց գալիք՝ 2023 թվական, Վ. Սեդրակյանը պատասխանեց՝ այո, իրենք դիմել էին ՀՀ վարչական դատարան՝ շինթույլտվությունը անվավեր ճանաչելու պահանջով: Այդ ժամանակ նաեւ միջնորդել էին, որպեսզի կասեցվի ապօրինի շինարարությունը, ներկայացրել էին փորձագիտական եզրակացություն: Վ. Սեդրակյանն ասաց, որ ՀՀ վարչական օրենսգրքի 83 հոդվածը հնարավորություն է տալիս երրորդ անձին, ով կրել է ապօրինի խախտումների հետեւանքով վնաս, դիմելու դատարան. «Նույնիսկ օրենքի խախտումներով տրված շինթույլտվության որոշումից հետո իրականացվող բազմաբնակարան շենքի շինարարությունը նույնպես ընթացել է խախտումներով, կառուցապատողը «մտել» էր Անդրանիկ Մանուկյանի սեփականության իրավունքով պատկանող հողամասի մեջ»:

Մանուկյանի ներկայացուցիչն ասաց, որ տեղատեսության էր եկել դատավոր Աստղիկ Խառատյանը, ով առաջարկել էր կողմերին հաշտության գնալ:
«Դեռ հույսերս չենք կորցրել, որ խելամիտ պահանջ կներկայացնեն, մենք էլ կկատարենք համարժեք քայլ»,-ասաց Վ. Սեդրակյանը:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031