Կայացավ «Չարլին եւ շոկոլադի գործարանը» ներկայացման պրեմիերան՝ ըստ Ռոալդ Դալի արկածային հեքիաթի
Անգլիացի գրող Ռոալդ Դալի «Չարլին եւ շոկոլադի գործարանը» պատմությունը անչափ հետաքրքիր է, ու պատահական չէ, որ ամերիկացի ճանաչված ռեժիսոր, մի քանի կինոմրցանակների արժանացած Թիմ Բյորթոնը այն էկրանավորել է: Ի վերջո, ցանկացած երեխա էլ երազել է երբեւէ հայտնվել Վիլի Վոնկայի շոկոլադի ֆաբրիկայում, ինչպես այդ հեքիաթի հերոս Չարլին:
Շոկոլադի հեքիաթ-վիպակը Երեւանում «մարմին» է առել մի խումբ երիտասարդների ջանքերով, եւ արդեն Պատանի հանդիսատեսի թատրոնի խաղացանկում է: Ներկայացման ռեժիսորը Յուրա Կիրակոսյանն է: «Չարլին եւ շոկոլադի գործարանը» թատրոնի երրորդ պրեմիերան է, չորրորդը՝ «Բրեմենյան երաժիշտները», հանդիսատեսի դատին կհանձնվի շատ շուտով: «Չարլին եւ շոկոլադի գործարանը» ներկայացման լավագույն գնահատականը դահլիճում նստած երեխաների արձագանքներն էին, որոնց եւ նրանց ծնողներին տպավորել էր դերասանների խաղը, լուսային էֆեկտները, ճաշակով երաժշտությունը, պարերը ու ամեն դետալ:
Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանն «Առավոտի» հետ զրույցում նշեց, որ իրենց թատրոնը կրթադաստիարակչական առումով երբեք իր ուղեծրից չի շեղվել եւ այսօր էլ հավատարիմ է որդեգրած ավանդույթներին, ինչի արտահայտությունն են խաղացանկում ընդգրկված ներկայացումները. «Ինչ վերաբերում է «Չարլին եւ շոկոլադի գործարանը» ստեղծագործությանը, բեմադրությունն իրականացրել է Յուրա Կիրակոսյանը: Նա արկածային հեքիաթը դարձրել էր պիես ու բեմադրական աշխատանքներն իրականացրել»:
Էմին Թորոսյանը նշեց, որ երբ ծանոթացել են նախագծին, այն անչափ դուր է եկել իրենց. «Բերեց, նայեցինք, շատ ոգեւորվեցինք, թեպետ ծանոթ էինք եւ գրական նյութին եւ ֆիլմին: Բեմադրության այդ տարբերակը շատ լավ էր արված, եւ մենք ցանկացանք ներկայացման միջոցով մեր ասելիքը հասցնել հանդիսատեսին՝ երեխաներին եւ առաջին հերթին այս դեպքում՝ ծնողներին: Շատ կարեւոր էր, որ Յուրան իր հետ բերեց իր երիտասարդ ընկերներին, ստեղծագործական կազմին՝ նկարիչ, խորեոգրաֆ, երկրորդ նկարիչ, անիմատոր, կոմպոզիտոր: Գրեթե բոլորի, բայց հիմնականում Յուրայի համար սա դեբյուտ էր՝ որպես ռեժիսոր արդեն պրոֆեսիոնալ թատրոնում՝ դերասանակազմի հետ»: Նա հավելեց, որ ներկայացումը կայացել է նաեւ թատրոնի՝ գեղարվեստական գծով խորհրդական Հրաչյա Գասպարյանի մասնագիտական աջակցությամբ եւ խորհրդով:
«Ցանկացանք, որ երիտասարդները այստեղ կայանան, եւ մեր թատրոնը լինի դպրոց ու հարթակ՝ ճիշտ ներկայանալու եւ հետագայում եւս իրենց արվեստը ներկայացնելու համար: Բոլոր երիտասարդները, որոնք աշխատել են այս ներկայացման վրա, արժանավոր են, շնորհալի, իրենց պակասում էր այս հնարավորությունը՝ հարթակ տրամադրելը: Մենք շատ ուրախ ենք, որ իրենց տրվեց այդ հնարավորությունը եւ ունեցանք այս գունեղ ներկայացումը»,-հավելեց մեր զրուցակիցը:
Թատրոնի տնօրենից հետաքրքրվեցինք՝ մտադրություն չունե՞ն որեւէ ներկայացում «դուրս» տանելու, փառատոների մասնակցելու: «Վերջին շրջանում միայն Հայաստանի սահմաններում ունեցանք ներկայացումներ, ինչի պատճառը հիմնականում համավարկն էր: Հաջորդ տարվա համար ունենք որոշակի ծրագրեր ու ներկայացումներ: Այս տարվա ընթացքում եւս երկու ներկայացում ենք իրականացրել՝ մեկը Լյուդմիլա Ռազումովսկայայի «Թանկագին Ելենա Սերգեյեւնա» ստեղծագործության հիման վրա բեմադրված, մյուս շեշտադրումն էլ համաշխարհային դրամատուրգիայի վրա արված ներկայացումներն են: Արդեն մեկը կյանքի է կոչվել՝ ամերիկացի աշխարհահռչակ դրամատուրգ Թենեսի Ուիլյամսի «Կատուն շիկացած տանիքին» ստեղծագործության հիման վրա: Եվ 2023 թ. առաջին կիսամյակին հանդիսատեսի դատին կհանձնենք Պիեռ Կոռնեյլի «Սիդը» եւ Շեքսպիրի «Ռոմեո եւ Ջուլիետը»:
Կարդացեք նաև
Այս աշխատանքները գալիս են լրացնելու եւ զարդարելու Պատանի հանդիսատեսի թատրոնի ամբողջ 93 տարվա ներկապնակը, որովհետեւ յուրաքանչյուր թատրոնի համար մեծ պատիվ է ունենալ այդպիսի հեղինակներ եւ ստեղծագործություններ, ինչին հետամուտ լինելով՝ լծված ենք կյանքի կոչելու համար»,-ասաց Էմին Թորոսյանը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
06.12.2022