Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչու են պարտված ղեկավարները մնում իշխանության

Դեկտեմբեր 07,2022 14:30

Մարգինալացված հասարակությունը «կուլ կտա» ցանկացած հեքիաթ

Հայաստանը պարտվել է Ադրբեջանին Արցախյան երկրորդ պատերազմում, բայց Հայաստանի իշխանությունն այդ պարտությունից հետո չի փոխվել: Հասկանալու համար, թե ինչու է պարտված վարչապետը շարունակում իշխել, նախ տեսնենք, արդյո”ք նման դեպքեր եղել են վերջին տասնամյակների պատմության մեջ: Պարզվում է, եղել են:

1980-88 թվականներին Իրանի եւ Իրաքի միջեւ արյունալի պատերազմ էր, երկու կողմերից կային հարյուր հազարավոր զոհեր: Լրագրողները, բավականաչափ ցինիզմ դրսեւորելով, այդ պատերազմի արդյունքն անվանում են «ոչ-ոքի»: Բայց զուտ ձեւական առումով՝ պարտվեց Սադդամ Հուսեյնը, որը չկարողացավ գրավել վիճելի տարածքը: Հուսեյնը դեռ երկար ժամանակ մնաց իշխանության գլխին, եւ կախաղան հանվեց միայն 2006 թվականին:

Սլոբոդան Միլոշեւիչը՝ որպես Հարավսլավիայի ղեկավար, պարտվեց 1990-ականների բալկանյան պատերազմում՝ այդ դաշնային պետության հիմնական մասերը՝ Խորվաթիան, Սլովենիան եւ Բոսնիան փաստացի անկախացան 1990-ականների կեսերին: Բայց մինչեւ 2000 թվականը Միլոշեւիչը շարունակում էր ղեկավարել (վերջին շրջանում՝ միայն Սերբիան), որից հետո հեպանդվում էր ռազմական հանցագործությունների համար եւ մահացավ բանտում 2006 թվականին:

Վրաստանը Սաակաշվիլիի ղեկավարությամբ պարտվեց 2008 թվականին Ռուսաստանի հետ պատերազմում, որի հետեւանքով վերջնականապես կորցրեց վերահսկողությունը Աբխազիայի եւ Հյուսիսային Օսիայի նկատմամբ: (Արցախի հետ չի կարելի համեմատել, այդ երկու միավորների բնակչությանը ցեղասպանություն չի սպառնում): Այնուամենայնիվ, «վարդերի հեղափոխության» առաջնորդը մնաց նախագահի պաշտոնում մինչեւ 2013 թվականը: Նախորդ երկու դեպքերի հետ որոշակի նմանությունը նրանում է, որ այժմ Սաակաշվիլին գտնվում է վրացական բանտում:

Նույնը, կարծում եմ, հնարավոր կլինի ասել Պուտինի մասին: Արդեն ակնհայտ է, որ նա չի կարողանալու բռնազավթել Ուկրաինայի որեւէ էական կտոր: Բայց դա չի նշանակում, որ նա ցմահ նախագահ չի մնալու:

Ո՞րն է չորս դեպքերի նմանությունը. այս կամ այն երանգներով մենք գործ ունենք ավտոկրատ, ոչ ժողովրդավարական ռեժիմների հետ, որոնց թվին է պատկանում նաեւ Հայաստանը: (Թեեւ ԱՄՆ-ը եւ ԵՄ-ն հայտարարում են, որ Հայաստանը ժողովրդավարական է, բայց այստեղ դեր են խաղում ոչ այնքան արժեքները, որքան աշխարհաքաղաքական շահերը): Ավտոկրատիան իր իշխանությունը պահպանում է երկու փոխկապակցված միջոցներով՝ բռնաճնշումներով եւ քարոզչությամբ: Կախված ռեժիմի առանձնահատկություններից՝ այդ երկու բաղադրիչները գտնվում են տարբեր փոխհարաբերության մեջ. պարզ է, որ Հուսեյնի ժամանակ գերակշռում էր բռնությունը, իսկ Սաակաշվիլիի դեպքում՝ քարոզչությունը:

Հայաստանի եւ Ռուսաստանի պարագայում նույնպես հիմնական զենքը քարոզչությունն է՝ չնայած ռեպրեսիվ ապարատը նույնպես աշխատում է ողջ ուժով: Բայց այստեղից մեկ այլ հարց է ծագում՝ իսկ ինչո՞ւ է բնակչության մեծամասնությունը հավատում պաշտոնական քարոզչությունը: Ինչո՞ւ են միլիոնավոր ռուսաստանցիներ հավատում, որ ռուսական բանակն Ուկրաինայում պայքարում է նացիզմի դեմ: Ինչո՞ւ այդ նույն միլիոնավոր մարդիկ, անկախ պատերազմի ելքից, կհավատան, որ այդ պայքարը հաջողությամբ ավարտվել է իր՝ Պուտինի հմուտ ղեկավարությամբ: Ինչո՞ւ է Հայաստանի բնակչության մեծամասնությունը հավատացած, որ Արցախյան երկրորդ պատերազմում պարտվել է ոչ թե Փաշինյանը, այլ «նախկինները»: Չէ՞ որ նման պնդումները հակասում են տրամաբանությանը: Ինչպե՞ս է առաջանում ակնհայտ ստի այդ վիրուսը, որը մտնում է մարդկանց ուղեղները:

Այդ առիթով թույլ տվեք մեջբերել մի հատված քաղաքագետ Մարիամ Մարգարյանի գրքից. «Ժողովրդավարական անցման գործընթացներում «հակավիրուսային» տրամադրություն ունեցող խաղացողները փոքրաթիվ են, քանի որ այդ երկրներում երկարաձգված քաղաքական ճգնաժամերն առաջացրել են անվստահություն եւ սպասումների հիասթափություն»: Այդ անվստահությունն ու հիասթափությունն, իր հերթին, պայմանավորված է հասարակության մարգինալացմամբ: Նույն քաղաքագիտությունն ասում է, որ մարգինալ կարելի է համարել տարբեր մշակույթների, սոցիալական կառուցվածքների սահմանագծում հայտնված այն մարդուն, որը, լիարժեք ներառված չլինելով դրանցից որեւիցե մեկի մեջ, անկայունության կրող է:

Սահմանագծին գտնվող մարդը, որը մինչեւ 1990 թվականը ուներ իր պատկերացրած «արժանապատիվ կյանքը», 30 տարում չգտավ որեւէ նոր «հանգրվան» եւ նույն ոգով դաստիարակեց հաջորդ սերնդին: Այստեղից էլ՝ սոցիալական, մշակութային եւ ազգային դեգրադացիան: Ահա այդպիսի մարդուն շատ հեշտ է կերակրել զանազան հեքիաթներով, բնականաբար, եթե դա արվում է համոզիչ եւ արժեստավարժ ձեւով:
Իսկ ովքե՞ր են մեղավոր հասարակության մարգինալացման մեջ: Դե, իհարկե, նախկինները:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
06.12.2022

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031