Մեծանուն զորահրամանատար, Խորհրդային Միության կրկնակի հերոս Իվան Քրիստափորի Բաղրամյանի 125-ամյակի առթիվ անցկացվեցին հիշատակի միջոցառումներ, որոնց Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) հրավերով մասնակցել է Մարշալի թոռը՝ Իվան Բաղրամյանը։
Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի և ՀՀ Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ Բաղրամյան փողոցում գտնվող զորահրամանատարի հուշարձանի մոտ տեղի ունեցավ հանդիսավոր միջոցառում։
Միջոցառումը սկսվեց Պաշտպանության նախարարության փողային նվագախմբի ելույթով։ Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը ներկայացրեց Խորհրդային Միության կրկնակի հերոսի կյանքն ու գործունեությունը, նրա ներդրումը Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի, Խորհրդային բանակի ամրապնդման ու զարգացման գործում։
«Բաղրամյանը հայրենասիրության, արիության ու հայրենիքին անսահման նվիրվածության օրինակ է ծառայել և ծառայելու է բազմաթիվ սերունդների համար», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Կարդացեք նաև
Ելույթ ունեցողները ընդգծեցին Մարշալ Բաղրամյանի ռազմական կրթությունը։ Մարշալը ավարտել է Սանկտ Պետերբուրգի հեծելազորային դպրոցը, այնուհետև Ֆրունզեի անվան ռազմական ակադեմիան։ Մարտական ուղին սկսվել է 1915-ին, Առաջին աշխարհամարտի տարիներին՝ Սարդարապատի հերոսամարտի մասնակից էր, իսկ 1920-ին Հովհաննես Բաղրամյանը կամավոր միացել է Կարմիր բանակին։
Մարշալի կյանքի հետպատերազմյան շրջանի մասին պատմեց լեգենդար զորավարի թոռը՝ Իվան Բաղրամյան կրտսերը։ Պատերազմից հետո լեգենդար զորահրամանատարը ծառայել է ԽՍՀՄ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնում։ Նրա ռազմական արվեստի գագաթն է համարվում «Անադիր» գործողությունը: «Նա ոչ միայն ականավոր ռազմական և պետական գործիչ էր, այլև բարի ավագ ընկեր, հայր, պապ։ Մենք հպարտանում էինք և փորձում նմանվել նրան։ Ուրախ եմ, որ այստեղ եմ՝ նրա պատմական հայրենիքում, որտեղ շարունակում են պահպանել պապիս հիշատակը», – նշեց Իվան Բաղրամյանը։
Հովհաննես Բաղրամյանի անվան հետ են կապված Հայրենական մեծ պատերազմի ամենավառ հաղթանակները՝ Կուրսկի կամարի լեգենդար ճակատամարտը, լայնածավալ «Բագրատիոն» գործողությունը, Քյոնիգսբերգի (այժմ՝ Կալինինգրադ) հարձակումը, Օրլի և Վիտեբսկի ազատագրումը։ Ստրատեգի հատուկ ձեռագրով նա կանխատեսում էր թշնամու գործողությունները, նրա ռիսկային ռազմավարությունները շրջեցին պատերազմի ընթացքը և էլ ավելի մոտեցրին Հայրենական Մեծ հաղթանակը:
«Մարշալի անունը հավերժ գրանցված է ռազմարվեստի պատմության մեջ: Նրա կյանքը վառ օրինակ է, թե ինչպես տաղանդով ու քրտնաջան աշխատանքով կարելի է հասնել բարձունքների ու դառնալ ականավոր զորահրամանատար»,- ընդգծեց Հայաստանի վետերանների միություն նախագահ Սիմոն Եսայանը։
«Մենք հպարտ ենք, որ մեր փոքրիկ երկիրը կարողացել է տալ այնպիսի հրաշալի մարշալների, ինչպիսիք են Հովհաննես Բաղրամյանը, Համազասպ Բաբաջանյանը, Սերգեյ Խուդյակովը, Սերգեյ Ագանովը, Հովհաննես Իսակովը։ Փառք ու պատիվ մեր հերոսներին, փառք Մարշալ Բաղրամյանին։ Հպարտ ենք, որ նրա հայրենակիցներն ենք», – ընդգծեց Հայրենական մեծ պատերազմի վետերան Ռոզալիա Աբգարյանը։
Միջոցառմանը ներկա էին Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի դեսպանատների, ՀՀ-ում ՌԴ Սահմանապահ վարչության ներկայացուցիչներ, հասարակական գործիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: Հավաքի ավարտին մասնակիցները ծաղիկներ ու ծաղկեպսակներ դրեցին Մարշալ Բաղրամյանի հուշարձանին:
Տոնական միջոցառումների շրջանակում բացվեց հուշատախտակ, ըստ որի Վետերանների միությունն այսուհետև կրելու է Հովհաննես Քրիստափորի Բաղրամյանի անունը: Այնուհետև Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնում բացվեց «Մարշալ Բաղրամյան – 125» լուսանկարչական ցուցահանդեսը, որտեղ ներկայացվեցին բացառիկ արխիվային փաստեր և լուսանկարներ։ Հիշատակի միջոցառումները ամփոփվեցին «Մարշալ Բաղրամյանը ժամանակակիցների աչքերով» կլոր սեղան քննարկմամբ։
ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ